Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը Արգիշտի Կիվիրյանին կփոխհատուցի 500 հազար դրամ

Հունիս 19,2019 20:33

Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի հայցը Վարչական դատարանը հունիսի 19-ի վճռով մասնակի բավարարեց:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանն ընդդեմ ոստիկանության հայց է ներկայացրել դատարան՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով: Վարչական դատարանը մոտ մեկ տարի առաջ ոստիկանների գործողությունները Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ տվյալ դեպքով ճանաչել էր ոչ իրավաչափ՝ սկսած խոսքի ազատության արտահայտման իրավունքի խախտումից մինչեւ ոստիկանություն նրան անօրինական ձեւով բերման ենթարկելն ու պահելը: Դատարանի այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Կիվիրյանի շահերի ներկայացուցիչը նոր հայց էր դատարան ներկայացրել՝ պահանջելով ոչ նյութական վնասի դիմաց մեկ միլիոն դրամ փոխհատուցում:

Aravot.am-ի հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը մանրամասնեց. «Մեզ համար իրավական հատվածն ավելի կարևոր է, քան ինքնին գումարի չափը, քանի որ այստեղ սկզբունքային հարց էր, որ այդ իրավական հատվածն ապահովվի և պահպանվի, և դատարանը դա արեց»:

Դատարանի վճիռը ոստիկանությանը պարտավորեցնում է ընդունել բարենպաստ վարչական ակտ, որը կվերաբերի ոչ ստանդարտ դատական հատուցում տրամադրելուն՝ հինգ հարյուր հազար դրամի չափով, ոչ թե մեկ միլիոն, քանի որ պահանջը մեկ միլիոնի չափով էր: Արամազդ Կիվիրյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ իրենց համար կարևորագույն հարցը իրավական հարցն էր, քան որ ոստիկանությունն իրավունք չուներ ընդհանրապես մերժելու հատուցման տրամադրումը. «Այնուամենայնիվ, ոստիկանությունը պարտավոր էր իրականացնել հատուցում, ընդորում, հիմքը հատուցման կայանում էր դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով ոչ իրավաչափ en ճանաչվել ոստիկանության գործողությունները: Եվ դա չէր վերաբերում միայն երեք ժամ և ավել պահելուն, այլև սկսած նրանից, որ անձը զրկված է եղել փաստացի  խոսքի ազատությունից, քանի որ ինքը բողոքի ակցիայի մասնակից է եղել, այդ թվում նաև ապօրինի բերման է ենթարկվել, և տվյալ դեպքում ոստիկանությունը ոչ իրավաչափ գործողություններ է իրականացրել այդ մասով: Այսինքն՝ մի շարք կոնվենցիոն իրավունքներ են իրապես խախտվել, և դրա հիման վրա ոստիկանությունը պարտավոր էր իրականացնել հատուցում ոչ նյութական վնասի մասով: Մենք հենց այդ իրավական հարցադրումն ենք առաջ քաշել, որ ոստիկանությունն այդ պայմաններում իրավունք չուներ մերժելու այն պահանջը, որ ներկայացված էր եղել ոստիկանությանը»:

Ըստ Արամազդ Կիվիրյանի՝ այլ հարց է, թե ինչքանով է գումարի չափը ողջամիտ կոնվենցիոն խախտումների դիմաց. «Գտնում եմ, որ այդքան էլ ողջամիտ չէ. պետք է Արգիշտի Կիվիրյանի հետ քննարկենք՝ արդյոք ինքը նպատակ ունի՞ վերաքննիչ բողոք ներկայացնել»:

Արամազդ Կիվիրյանը հիշեցրեց՝ ի սկզբանե ոստիկանությունը ոչ իրավաչափ գործողություններ է արել, չի ընդունել այդ փաստը, իրենք ստիպված են եղել դատական կարգով հասնել արդյունքի, և հետագայում դրա հետևանքների վերացման մասով, երբ դիմել են, իրենք կրկին անգործություն են դրսևորել. «Երբ ասում են, որ ոստիկանությունում փոփոխություններ են տեղի ունենում, պետք է նշեմ, որ փոփոխությունները տեղի պիտի ունենան նման գործերով, քանի որ սրանք են խոսուն փաստեր առ այն, թե իրապես փոփոխություններ կատարվել են, թե՝ ոչ: Ես մասնագիտական առումով եմ նայում բարեփոխումներին: Քանի նմանատիպ գործեր կան, կարող ենք արձանագրել, որ որևէ բարեփոխում և առաջընթաց չկա: Առաջընթացը պիտի լինի համապատասխան վարչական մարմնի կողմից անձանց իրավունքների խախտումները վերացնելը և չնպաստելը դրանց առաջացմանն ու ծագմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930