Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր դիվանագիտական ջանքերը վերջին շրջանում եղել են շատ արդյունավետ եւ կոնկրետ արդյունքներ են բերել». Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի հարցի մասին

Հունիս 19,2019 20:11

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարցրեց՝ վաղը ԱՄՆ-ում սպասվում է մեր երկրի արտգործնախարարի հանդիպումը Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ, չնայած վերջին շրջանի լավատեսական մթնոլորտի, որ գալիս էր մեր կողմից, անձնապես ձեր կողմից, սահմանի երկայնքով կա լարվածություն, երկու զոհ ենք ունեցել, կարգավորումները ինչպե՞ս եք պատկերացնում:

Վարչապետը նախ ցավակցեց զինվորների հարազատներին, մտերիմներին ու պատասխանեց. «Ես լավատեսական տրամադրություն հաղորդելիս ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում ինձ չեմ հիշում: Ես, ընդհակառակը, ասել եմ, որ պատերազմը չի ավարտվել եւ ցանկացած պահի կարող է բռնկվել եւ իրավիճակի լարում կարող է լինել: Ադրբեջանը ցանկանում է կիրառել այն նույն գործիքը, ինչ երկար ժամանակ կիրառել է, այսինքն՝ փորձ անել ղարաբաղյան հարցի կարգավորումը դուրս բերել կառուցողական բանակցային հունից եւ Հայաստանը պետք է դիմակայի այդ գործիքին՝ նաեւ ԶՈՒ պատրաստվածության մակարդակը բարձրացնելով: Մեզ համար հստակ է դիրքորոշումը, որ ՀՀ-ն եւ Արցախի Հանրապետությունը պատերազմ չեն ուզում, իհարկե, բայց պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող ՀՀ-ին կամ Արցախին վախեցնել: Վերջին շրջանի իրադարձությունների ֆոնին, երբ կար բանավեճ հայկական կողմի եւ ադրբեջանական կողմի միջեւ, թե ովքեր եւ ինչպես են խախտել հրադադարի ռեժիմը, մենք այդ կապակցությամբ ունենք նաեւ փաստեր, այդ բանավեճն առաջ է բերում իսկապես հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի անհրաժեշտության հարցը: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, ինչ նախկինում»:

Բաբաջանյանն ասաց, որ լավատեսությունը զգացվել է Վիեննայի հանդիպումից հետո, նաեւ արտգործնախարարների հանդիպման ամփոփիչ հայտարարություններում կար այդ լավատեսությունը: Նա հարցրեց՝ պաշտպանական ճակատում մենք անում ենք առավելագույնը, բայց արդյո՞ք անում ենք առավելագույնը դիվանագիտական ճակատում: Վարչապետը պատասխանեց, որ Հայաստանի դիվանագիտությունը աշխատում է մարտի 12-ին Ստեփանակերտում հռչակված սկզբունքների շրջանակներում, իսկ, ընդհանուր առմամբ մեր դիվանագիտական ջանքերը, ըստ Փաշինյանի, վերջին շրջանում եղել են շատ արդյունավետ եւ կոնկրետ արդյունքներ են բերել. «Մեր դիվանագիտությունը սկսում է ավելի ու ավելի արդյունավետ լինել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930