Քաղաքաշինության տեսչության Շիրակի մարզային կառույցի երկարամյա ղեկավար Ժորա Միքայելյանը, որը նաև Շիրակի ՀՀԿ կառույցի փոխնախագահն էր, նշանակվել է նոր պաշտոնի։ Ավելի ճիշտ, նրա լիազորություններն ընդարձակվել են․ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որի աշխատանքները Շիրակի մարզում կգլխավորի վերոհիշյալ պաշտոնյան։
Այս տեսչական մարմինը վերահսկողական գործառույթներ է իրականացնում քաղաքաշինության, տրանսպորտի, տեխնիկական և հրդեհային անվտանգության, էներգետիկայի և էներգասպառման, գեոդեզիայի և հողօգտագործման բնագավառներում։
Նշենք, որ այս նշանակումը բավական մեծ քննարկումների է արժանացել Շիրակի մարզի տարբեր կառույցերում՝ բնականաբար այն պատճառով, որ Ժորա Միքայելյանին ճանաչում են նաև որպես ՀՀԿ կառույցի փոխնախագահի։
Մենք Ժորա Միքայելյանից հետաքրքրվեցինք, թե շարունակո՞ւմ է մնալ ՀՀԿ փոխնախագահի պաշտոնում։
Կարդացեք նաև
Պաշտոնյան փոխանցեց, որ հեղափոխությունից հետո դուրս է եկել ՀՀԿ շարքերից ու ասաց․«Ինձ համար առաջնային է իմ աշխատանքի բնույթով օգուտ տալ և՛ ժողովրդին, և՛ պետությանը, և՛ կոնկրետ Շիրակի մարզում անել այն, ինչը ես երկար տարիներ արել եմ։ Ես հսկել եմ որակը և մեծ հաջողությունների ենք հասել, և եթե ինձ նշանակել են այս պաշտոնում, ուրեմն իմ աշխատանքի արդյունքն են գնահատել, ոչ թե այլ, այլ բաներ․․․
Եվ ես հպարտանում եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել նորից շարունակել այն, ինչ-որ արել եմ՝ ավելի կատարելագործված, ավելի ընդարձակ, արդեն ավելի նոր ասպարեզներով և շատ ուրախ եմ, որ կարող եմ օգտակար լինել իմ մարզին, իմ ժողովրդին, իմ պետությանը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Քեզի համար միշտ կարևոր է եղել ՀՀԿ մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանին ծառայելը: