Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը այսօր ԱԺ-ում արտահերթ ելույթ ունեցավ: Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում էր 2018-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը:
Նախարարն ասաց. «Նախ, սկսել ենք բյուջեն մաքրելուց: Իրոք, մաքրել ենք, որովհետեւ կային շատ ոչ արդարացի, երբեմն նախարարության կողմից հավանության չարժանացած ծրագրեր, որոնք խցկվել էին կրթության բյուջեի մեջ տարբեր գերատեսչություններից զանգերով, տարբեր կենտրոններից զանգերով, տարբեր ազդեցիկ անհատների զանգերով: Այդ բյուջեն սկսեցինք մաքրելով եւ դրա փոխարեն սկսեցինք իրականացնել մեր կառավարության ծրագրին համապատասխան ծրագրեր»:
Արայիկ Հարությունյանը նաեւ քննադատեց, իր խոսքով՝ նախորդ իշխանությունից եկած, բայց իրենց կողմից դեռեւս չվերացված արատի համար. «Քանակական եւ որակական ցուցանիշների հետ կապված ունենք խնդիրներ, մենք դա արձանագրում ենք»: Նա նշեց, որ մի շարք ծրագրեր սկսել են անցկացնել մրցույթով, ինչը թույլ է տալիս, որ ոլորտը շնչի, նոր խաղացողներ հայտնվեն, մրցակցություն լինի:
Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ ուսուցիչների աշխատավարձը սեպտեմբերից բարձրանալու է, ձգտում են,որ այս տարի էլի փոփոխություն լինի, նաեւ երիտասարդական հիմնադրամներին գումարներ չփոխանցելու արդյունքում բուհերի արդյունավետ կառավարում է եղել ու հաջողվել է բարձրացնել դասախոսների մի մասի աշխատավարձը. «Նոր սկզբունքներով ձեւավորվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհուրդները՝ ներգրավելով ոլորտի արհեստավարժ մասնագետների եւ գործատուների: Միջին մասնագիտական ոլորտում կարեւորում ենք բիզնեսի հետ համագործակցությունը, ներդրվում են նոր մասնագիտություններ, ընկերությունների կողմից տրամադրվում են փորձագիտական սարքեր եւ լաբորատորիաներ»: Այս տարի կլինի առաջին ինտերակտիվ դասագիրքը, որը հետո արագ կտարածվի նաեւ մյուս դասագրքերի վրա:
Կարդացեք նաև
Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ լուծել են տարիներ շարունակ չլուծվող մի շարք խնդիրներ, օրինակ, սովորողների պայուսակների ծանրաբեռնվածությունը թեթեւացրել են, հանրակրթական դպրոցների դասագրքերը նախատեսել են տպագրել երկու մասով, ինչը զգալիորեն կփոխի իրավիճակը:
Նախարարը թվային ցուցանիշները ներկայացնելով՝ ասաց, որ կրթության բյուջեն ավելացել է 10 տոկոսով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ