Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում տեղահանությունները գերազանցում են 70 միլիոնը. ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ղեկավարը առավել մեծ համերաշխության կոչ է անում արձագանքման մեջ

Հունիս 19,2019 17:30

2018թ-ին պատերազմներից, հետապնդումներից և հակամարտություններից փախչող անձանց թիվը գերազանցել է 70 միլիոնը: Սա ամենաբարձր ցուցանիշն է, որը ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը, արձանագրել է գրեթե 70 տարվա ընթացքում:

Այսօր լույս տեսած ՄԱԿ ՓԳՀ-ի Գլոբալ միտումների տարեկան զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ գրեթե 70.8 միլիոն մարդ այժմ բռնի տեղահանված է: Համեմատության համար, այս թիվը երկու անգամ բարձր է, քան 20 տարի առաջ, 2.3 միլիոնով ավել է, քան մեկ տարի առաջ, և համապատասխանում է Թաիլանդի և Թուրքիայի բնակչության միջինին:

70.8 միլիոն թիվը զուսպ է, մասնավորապես այն պատճառով, որ Վենեսուելայի ճգնաժամը միայն մասամբ է արտացոլված այս թվի մեջ: Ընդհանուր առմամբ, ըստ ընդունող երկրների ներկայացրած տվյալների, 4 միլիոն վենեսուելացի լքել է իրենց երկիրը՝ այսպիսով դարձնելով այս իրավիճակը աշխարհում վերջերս ի հայտ եկած և ամենամեծ տեղահանություններով ուղեկցվող ճգնաժամերից մեկը: Չնայած այս մարդկանց մեծամասնությունը փախստականներին բնորոշ միջազգային պաշտպանության կարիք ունի, այնուամենայնիվ առ այսօր միայն շուրջ կես միլիոնն է պաշտոնապես դիմել ապաստանի համար:

«Այն, ինչ մենք տեսնում ենք այս ցուցանիշներում, ևս մեկ անգամ հաստատում է պատերազմներից, հակամարտություններից և հետապնդումներից պաշտպանության կարիք ունեցող մարդկանց թվի աճի տևական միտումը: Մինչդեռ փախստականներին և միգրանտներին առնչվող բառապաշարը շատ հաճախ տարանջատական է, բայց միևնույն ժամանակ մենք ականատես ենք լինում մեծահոգության և համերաշխության դրսևորումների, հատկապես այն համայնքների կողմից, որոնք հյուրընկալում են մեծաթիվ փախստականների: Մենք նաև տեսնում ենք աննախադեպ ներգրավվածություն նոր դերակատարների կողմից, այդ թվում՝ զարգացման ոլորտի դերակատարների, մասնավոր բիզնեսի և անհատների, ինչը ոչ միայն արտացոլում է, այլ նաև փոխանցում Փախստականների գլոբալ համաձայնագրի ոգին», ասաց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին: «Մենք պետք է հիմնվենք այս դրական օրինակների վրա և կրկնապատկենք մեր համերաշխությունը հազարավոր անմեղ մարդկանց հետ, ովքեր ստիպված են ամեն օր լքել իրենց տները»:

Գլոբալ միտումների զեկույցում նշված 70.8 միլիոն թվի մեջ առկա է երեք հիմնական խումբ: Առաջին խումբը փախստականներն են, այսինքն՝ մարդիկ, ովքեր ստիպված են փախչել իրենց երկրներից՝ հակամարտությունների, պատերազմների կամ հետապնդումների պատճառով: 2018թ-ին ամբողջ աշխարհում փախստականների թիվը հասել է 25.9 միլիոնի՝ 500,000-ով ավել, քան 2017թ-ին: Այս ընդհանուր թվի մեջ մտնում են նաև 5.5 միլիոն պաղեստինցիներ, ովքեր գտնվում են Միավորված ազգերի կազմակերպության օգնության և աշխատանքների գործակալության հոգածության ներքո:

Երկրորդ խումբը ապաստան հայցողներն են՝ մարդիկ, ովքեր գտնվում են իրենց ծագման երկրից դուրս և ստանում են միջազգային պաշտպանություն՝ սպասելով փախստականի կարգավիճակ ստանալու իրենց դիմումի արդյունքին: 2018թ-ի վերջին ամբողջ աշխարհում հաշվվում էր 3.5 ապաստան հայցող:

Երրորդ և ամենամեծ խումբը, որի թիվը կազմում է 41.3 միլիոն, մարդիկ են, ովքեր տեղահանվել են իրենց սեփական երկրի ներսում. խումբ, որին անվանում են ներքին տեղահանված անձինք կամ ՆՏԱ:

Տեղահանությունների ընդհանուր աճը շարունակում է գերազանցել տեղահանված մարդկանց համար լուծումներ գտնելու հնարավորությունների մակարդակը: Փախստականների պարագայում լավագույն լուծումը կամավոր, ապահով և արժանապատիվ պայմաններում տուն վերադառնալն է: Մյուս լուծումներն են ինտեգրումը հյուրընկալող համայնքում կամ վերաբնակեցումը երրորդ երկրում: Այնուամենայնիվ, 2018թ-ին վերաբնակեցվել է միայն 92,400 փախստական՝ վերաբնակեցման սպասող մարդկանց 7 տոկոսից էլ քիչ: Մոտ 593,800 փախստական կարողացել է վերադառնալ տուն, մինչդեռ 62,600-ը հպատակագրվել են:

“Ցանկացած փախստականության իրավիճակում, որտեղ էլ այն լինի, որքան էլ երկար շարունակվի, պետք է կայուն շեշտ դրվի լուծումների և խոչընդոտների վերացման վրա, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ տուն”, ասաց Գրանդին: «Սա բարդ աշխատանք է, որում ՄԱԿ ՓԳՀ-ն մշտապես ընդգրկված է, սակայն որը նաև պահանջում է բոլոր երկրների միավորում ընդհանուր բարիքի համար: Սա մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերներից մեկն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930