Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան. «Այս ժողովրդին հայերեն պետք չէ»

Հունիս 19,2019 15:00

Դիմորդների շուրջ 20 %-ը այս տարի հայոց լեզու և գրականություն առարկայի միասնական քննությունից «կտրվել» է` չհաղթահարելով անցողիկ 8 միավորի շեմը։ Ստացվում է` յուրաքանչյուր հինգերորդը տապալվել է։

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե իր կարծիքով հայերենն ինչու է այսքան նահանջել, ասաց, որ ինքը ընդունելության քննությունների հետ առնչություն չունի, դրա համար չի կարող մեկնաբանություն անել: Ավելի ուշ ավելացրեց. «Հայերենն ամեն տեղ էլ նահանջում է, այս ժողովրդին հայերեն պետք չէ, անգլերեն, ռուսերեն ու այլ լեզուներ են պետք»:

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Ներսիսյանի ձեւակերպմամբ. «Հայերենի նահանջը պայմանավորված է նրանով, որ տարիներ շարունակ երեխաներին վարժեցրել են չմտածելուն, անգիրի մեխանիզմին: Այս տարվա ընդունելության թեստերի մեջ առանձնապես մեծ փոփոխություն չկար, ընդամենը տեղերն էին փոխված, գրականությունից այլ հարցեր էին ավելացված: Ու քանի որ երեխան վարժված էր չմտածելու եւ անգիրի, հարցերին պատասխանել է սխալ, մինչդեռ առաջադրանքներն այնպիսին պետք է լինեն, որ երեխան մտածի, ինքնուրույն վերլուծի»:

Նարինե Ներսիսյանը մի օրինակ էլ բերեց. «Եթե գրականության հարցերն այնպիսին են, որ ստեղծագործությունը պետք է աճման կարգով դասավորել, դա ի՞նչ է տալիս ցանկացած մարդու, որ դիմորդին ինչ տա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Բոլորը քննադատում են տեստային համակարգը ու ոչ մեկը քաջություն չունի հայտարարելու, որ սովետական կրթական սիստեմն էր ամենաէֆեկտիվը, որը միտումնավոր քանդվեց։ Բոլոնյան սիստեմը լավագույն ձևն է մտածել չիմացող ամբոխ արտադրելու համար։ Ինքս ասպիրանտուրան ԵՊՀ-ում անցնում եմ նույն Բոլոնյան սիստեմով՝ կրեդիտային համակարգով։ Ավելի տխմար բան դժվար է պատկերացնել։ Հանձնել եմ մոտ 4-5 առարկայից ստուգարք և այդ առարկաներից ոչ մեկին այդպես էլ լիարժեք չտիրապետեցի ու չհասկացա, դրանք մեր ինչին էին պետք։ Ասպիրանտու՛րայում։ Զավեշտը այն է, որ երբ մեզ տրամադրեցին ՀՀ-ում Բոլոնյան սիստեմի ներդրման փորձի վերաբերյալ ՀՀ համալսարանների ստատիստիկ տվյալները, ես հասկացա, որ ՀՀ բոլոր ԲՈՒՀերը՝ իրենց դասախոսներով և ուսանողներով մինչև հիմա չգիտեն, ինչ անել այդ կրեդիտ կոչվածի հետ և այն ցույց է տալիս նվազագույն էֆեկտիվություն ՀՀ բոլոր անխտիր ԲՈՒՀերում։ Դպրոցներում չգիտեմ ինչ սիստեմով են կրթում, բայց եթե դպրոցի դասատուն կրեդիտային համակարգով համալսարանն ավարտած մեկն է, ապա չեմ զարմանում ուսման որակի ցածր ցուցանիշներից։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930