Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոտ 15 մլրդ-ի ռիսկեր են հայտնաբերվել՝ կենսաթոշակների վճարումներում. Բազմաթիվ մարդիկ երկրից բացակայել են, բայց ՀՀ-ից կանխիկով թոշակ են ստացել

Հունիս 19,2019 14:48

Այսօր ԱԺ-ում 2018-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը Հաշվեքննիչ պալատի ղեկավար Լեւոն Յոլյանին հարցրեց. «Մենք 180 մլրդ դրամի կենսաթոշակ ենք վճարում «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով եւ մոտ 120 մլրդ դրամ՝ բանկերի: Հարաբերակցությունը՝ 60/40 է: Այս 60%-ի համար պետությունը վճարում է 1,5 մլրդ դրամ միջնորդավճար, իսկ բանկերին՝ ընդամենը 80 մլն դրամ: Այսինքն, երբ մենք հաշվում ենք արդյունավետությունը, «Հայփոստի» ծառայությունը մոտ 25 անգամ բանկերի ծառայությունից թանկ է: Գումարներն ավելի մեծ չափով եթե բանկերով շրջանառվեն, հաստատուն ծախսերի կրճատման շնորհիվ միջնորդավճարների գումարներն ավելի կփոքրանան: Որքանո՞վ է հիմնավորված այդ 1,5 մլրդ դրամը: Մեր պետական քաղաքականությունն ինչպիսի՞ն է լինելու՝ հատկապես այն համատեքստում, որ «Հայփոստում» ներքին օղակներում աշխատողների աշխատավարձը շատ հաճախ նվազագույն աշխատավարձի չափով է՝ 55 հազար դրամ, բայց «Հայփոստում», իմ ունեցած տեղեկություններով, մի քանի միլիոն աշխատավարձ ստացող բարձր օղակներում աշխատողներ կան: Այս տրամաբանության մեջ ուսումնասիրություն կատարվե՞լ է, թե՞ ոչ: Իմ ունեցած տեղեկություններով, անընդհատ քննություններ են իրականացվում, որի արդյունքում էլի այդ 55 հազար դրամ ստացող մարդիկ դուրս են մնում աշխատանքից, բայց 2 մլն եւ ավելի ստացողներին ոչ մի բան չի պատահում, այստեղ ի՞նչ կասեք»:

Յոլյանը պատասխանեց, որ մոտ օրերս քննարկելու են Հաշվեքննիչ պալատի 2018-ի տարեկան հաշվետվությունը եւ այնտեղ նշված է, որ իսկապես, «Հայփոստի» ծառայությունների համար վճարվող 1,5 մլրդ դրամի տակը չկան համապատասխան հիմնավորումներ. «Բավականին լուրջ նյութ է, կխնդրեմ, որ ծանոթանաք էն, ինչ վերաբերում է կենսաթոշակների եւ նպաստների մասով: Բայց աշխատավարձի մասով Հաշվեքննիչը կապ չունի: Ընդ որում, 2018-ի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած օրենքով մենք «Հայփոստում» հաշվեքննություն անելու իրավունք չունենք»: Յոլյանն ասաց, որ գուցե աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը զբաղվի:

Պապոյանը հետաքրքրվեց նաեւ, թե «դեռեւս նախորդ տարի ուսումնասիրում էին, թե նախկինում ինչ կոռուպցիոն ռիսկեր են եղել կենսաթոշակների վճարման գործընթացում, երբ անհիմն տեղեկանքներ էին բերել ու պետական միջոցների անհիմն վատնում էր եղել: Ի՞նչ տեղեկություններ ունեք այս մասին»:

Լեւոն Յոլյանը պատասխանեց. «Մեր հաշվեքննության արդյունքների ամփոփի մեջ մոտ 15 մլրդ-ի ռիսկեր ենք հայտնաբերել: Խոսքը գնում է մեկ տարուց ավելի ՀՀ-ից բացակայողների, որոնք ըստ օրենսդրության արդեն իրավունք չունեն կենսաթոշակ ստանա, կանխիկ գումարով կենսաթոշակ ստացածների մասին՝ 619 մլն-ի մասին է խոսքը: 3-9 ամիս ՀՀ-ից բացակայողների հարցով նույնպես փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում մենք տեսնում ենք, որ համապատասխան ձեւակերպումներ չկան, չկան մարդիկ, ովքեր լիազորված են այդ գումարը ստանալու, 4 մլրդ-ի կենսաթոշակ է դուրս գրվել: Քննարկել ենք սոցապնախարարության հետ, տիկին նախարարի հետ: «Հայփոստի» դաշտում մենք հաշվեքննություն անելու իրավասություն չունենք, նախարարությունն ունի բավականին մեծ աշխատակազմ, մեր եղած նյութերը, որոնք տասնյակ հազար մարդկանց է վերաբերում, անհատական պետք է տեսնեն՝ որտեղ՞ կա կոռուպցիոն ռիսկ, որտե՞ղ կա քրեորեն հետապնդելի հետեւանքներ պարունակող արարք, որտե՞ղ կան հիմնավորումներ: Օրինակ, տեսեք, երկրից 12 ամիս բացակայողների դաշտում մենք չենք տեսնում, մեզ ասում են՝ կարող է մարդը Մոսկվայում, կամ այլ երկրում անձնագիրը փոխել է, այդ անձնագրով եկել է Հայաստան ու մենք չենք տեսել ցանցով: Մենք հաշվեքննություն իրականացրել ենք տարբեր շտեմարանների տեղեկատվության համադրման միջոցով: Մանրամասն կխոսենք հաղորդման ժամանակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930