Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաշվեքննիչ պալատը ԲԷՑ-ի չարաշահումների մասին. 10 մլրդ դրամի հասնող խեղաթյուրումներ են գտել. Երկու գործ ուղարկվել է դատախազություն

Հունիս 19,2019 14:28

ԱԺ լիագումար նիստում քննարկվում է 2018-ի բյուջեի կատարման հաշվետվությունը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը ներկայացրեց իր զեկույցը:

ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հարցրեց՝ Վերահսկիչ պալատի վերականգնվող գումարների հաշվեհամարի փակումը ճի՞շտ եք համարում: Ըստ նրա, կարելի էր վերականգնվող գումարի չափով գնահատել արդյունավետությունը եւ այդ վերականգնվող գումարի մի մասն էլ հատկացնել ստուգողներին:

Հաշվեքննության մեջ առկա է, որ Ռադիոիզոտոպների արտադրության ՓԲԸ-ում ստուգումը խոչընդոտվել է, ունե՞ք պարզաբանում, թե ինչո՞ւ է խոչընդոտվել:

Յոլյանը պատասխանեց, որ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքով չկա վերականգնվող գումարի հաշվեհամար, այդ պարտավորությունն իրենց վրա չէ: Իրենց խնդիրն է արձանագրել, թե ինչ խնդիրներ կան, ինչ ռիսկեր կան, այլ մարմիններ պետք է այդ փաստերով զբաղվեն գումարի վերականգնմամբ:

Ինչ վերաբերում է իզոտոպների խնդրին՝ Յոլյանն ասաց, որ բյուջետային 2 մլրդ ծախսերի խնդիր կար, որը գնահատել են ռիսկային. «Ծախսերն իրականացվել են 2013-2016-ի ընթացքում, հիմնականում շինարարության համար: Այդ կենտրոնը, որը բաժնետիրական ընկերություն է, եղել է ե՛ւ առողջապահության նախարարության ենթակայության ներքո, է՛ւ էկոնոմիկայի, ե՛ւ պետգույքի: Մեզ հաշվեքննության համար անհրաժեշտ էին փաստաթղթեր, որի հիման վրա կարելի էր վերահսկել եւ ստանալ կարծիք, թե ինչ է տեղի ունեցել՝ եղել են ռիսկային խնդիրներ, եղել է ոչ արդյունավետ ծախս ու այդ գումարները, որ բյուջեից հատկացված են, ինչքանո՞վ են արդյունավետ ծախսվել»: Յոլյանն ասաց, որ նախարարների հետ է խոսել, գրություններ ուղարկել բաժնետիրական ընկերություններին, բոլոր նշված մարմիններին ու անհրաժեշտ պատասխանները որեւէ տեղ չեն գտնում, «Կա առողջապահության նախարարի համապատասխան պատասխանը, որ այդ փաստաթղթերն իրենց մոտ չեն գտնվում, կա էկոնոմիկայի նախարարի, պետգույքի պատասխանն էլ, դա է պատճառը»:

«Իմ քայլի» Արտակ Մանուկյանն էլ հարցրեց ԲԷՑ-ի չարաշահումներից: Զեկույցում նշված է, որ առանց որեւէ իրավական երաշխիքի տրվել է կանխավճար 100 մլն դրամի չափով՝ ապրանքներ ներմուծելու հիմնավորմամբ, ինչը, սակայն, չի ներմուծվել: Կամ ԲԷՑ-ի եւ Վոլիոս ՓԲԸ-ի միջեւ կնքվել է 141 մլն-ի պայմանագիր, հետո «Վոլիոսի» աշխատանքներն իրականացվել են հիմնականում ԲԷՑ-ի միջոցների հաշվին, հետո ԲԷՑ-ի 7 աշխատակից ազատվում է աշխատանքից, ընդունվում է «Վոլիոս» ՓԲԸ-ում աշխատանքի, այնտեղ սարքավորումներն էլ, որը ԲԷՑ-ինն է, օգտագործվում է «Վոլիոսի» կողմից. «Առնվազն այստեղից երեւում է, որ այստեղ կա փոխկապակցվածություն: Կա՞ արձանագրված անհամապատասխանության թվային պատկեր, ինչքա՞ն է մուտքագրվել պետբյուջե»:

Յոլյանը պատասխանեց, որ ԲԷՑ-ից երկու նյութ, որի մեջ տեսել են առերեւույթ հանցագործության տարրեր, ուղարկել են դատախազություն: Արտակ Մանուկյանն ասաց, որ «չոբան հաշվարկով» 35 մլրդ դրամի անհամապատասխանություն կա: Յոլյանն էլ պատասխանեց, որ թվերը շատ ավելի մեծ կարող են լինել: Նա խոսեց ԲԷՑ-ի ծրագրերից, որ ենթակայաններ պետք է կառուցեր, որն ավարտին պետք է հասներ 2018-ի սեպտեմբերին, բայց դրանց կատարողականը 21-44 տոկոս է. «ԲԷՑ-ի ծրագրերը խիստ սկզբունքային են երկրի էներգաանվտանգության առումով: Շուրջ 10 մլրդ դրամի հասնող խեղաթյուրումների մասին է խոսքը՝ ռիսկ-խեղաթյուրում կարող եմ ասել»:

Արտակ Մանուկյանն ասաց, որ ԲԷՑ-ը կարեւոր է, որովհետեւ սակագների վրա է ազդեցություն ունենում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930