Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթացող «Սասնա ծռերի» տասը անդամների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Հիշեցնենք, որ այս գործով այժմ վկաներն են ցուցմունք տալիս: Նախորդ շաբաթ նիստ չէր կայացել`վկաները նախապես տեղեկացրել էին, որ Հայաստանում չեն լինելու: Այսօր նույնպես վկաները չէին ներկայացել: Նաեւ «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը միջնորդություն ներկայացրեց`նիստը հետաձգելու, քանի որ սույն գործով մեղադրյալ Մխիթար Ավետիսյանն առողջական խնդիր ունի, պետք է վիրահատվի:
Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 10-ին:
Այս գործով մեղադրյալ Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն Aravot. am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում նիստերի անընդհատ հետաձգմանը, հայտարարեց, որ սա ողջամիտ ժամկետների խախտում է եւ իր պաշտպանյալի նկատմամբ խտրական մոտեցման դրսեւորում: «Փաստացի, Արմեն Բիլյանի մասով որեւէ հիմք չկա նրան նախնական կալանքի տակ պահելու համար, բայց պահում են: Սա նշանակում է, որ ապագայում, ՄԻԵԴ-ում մենք նորից վճիռ ենք ունենալու ՀՀ-ի դեմ: Երեք տարի չի կարող տեւել մի դատաքննություն, բոլոր ողջամիտ ժամկետներն արդեն իսկ խախտվել են»,-ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ հաճախ այդ գործով նիստերը լրատվամիջոցներով չեն հեռարձակվում ուղիղ եթերով, ինչը, իր բնորոշմամբ, նշանակում է, որ դռնփակ դատական նիստեր են անցկացվում: Այն, որ անընդհատ նիստերը հետաձգվում են եւ մարդուն պահում են կալանքի տակ, Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ, նաեւ անմեղության կանխավարկածի խախտում է, քանի որ Արմեն Բիլյանի նկատմամբ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Մինչդեռ, դատարանն անտեսում է այս բոլոր հանգամանքները:
Հիշեցնենք, որ միառժամանակ առաջ, այս գործով նիստերը ևս երկու ամսով էին հետաձգվել:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյան միտում է տեսնում: Պատճառն էլ ըստ նրա, այն է, որ «դատավորին տրված է հրաման`անընդհատ հետաձգել»: Հարցին`ովքե՞ր են հրաման տվողները, Զարուհի Փոստանջյանը հարցով պատասխանեց. «Ո՞վ է այսօր դատարաններին հրամաններ տալիս»: Ապա ինքն էլ պատասխանեց. «Դատարանների դռներ փակողը, հայտարարողը`կա՞ դատավոր, որն իրենից չի վախենում»: Այս հայտարարություններն իշխանության եղած տարբեր ժամանակներում արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, նկատեցինք, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ մի քանի անգամ եւ հրապարակային հայտարարել է, որ ինքը դատարաններին հրահանգներ չի իջեցնում: Զարուհի Փոստանջյանը հակադարձեց. «Բայց մենք գաղտնալսում ենք, չէ՞ տեսել եւ գաղտնալսվողները, կարծես չեն հերքել, որ իրենք չէին: Հակառակը, հաստատել են, որ նման խոսակցություն եղել է, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանը: Բա հրահանգն էլ ինչպե՞ս է լինում: Ուղիղ հրահանգ է տալիս, ասում է`ուզես-չուզես, պետք է կալանավորես: Հիմա էլ նույնն է`ուզես-չուզես, պետք է նիստերը հետաձգել, տես ինչպե՞ս ես հետաձգում`մի օր գնում ես արձակուրդ, մի օր հիվանդանում ես եւ այլն: Հետաձգի, ձգձգի, նիստերն անցկացրու դռնփակ, որ ճշմարտությունը չբացահայտվի, որովհետեւ Գագիկ Մկրտչյանի ստացած հրազենային վնասվածքը, ինչի պատճառով նա տեղափոխվել է հիվանդանոց եւ 21-օր անց մահացել, այն նկարագիրը, որը ներկայացված է դատարանին`մեղադրական եզրակացությամբ, չի համապատասխանում իրականության հետ: Ոչ միայն դա, այլ նաեւ Յուրա Տեփանոսյանինը: Հայրը եկավ եւ տեսաք, թե ի՞նչ ցուցմունք տվեց»:
ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկան Յուրա Տեփանոսյանի հայրը`Վահրամ Տեփանոսյանը, հիշեցնենք, դատարանում հայտարարել էր. «Սա թատրոն է, կապիկություն, սա դատավարություն չէ: Սերժ Սարգսյանը կանչել է Գասպարյան Վովային, ասել է մի զոհ է պետք, որ գցեն «Սասնա ծռերի» վրա: Գուրգենն էլ ասել է՝ այս մարդուն խփեք: Իմ տղան ինձ պատմում էր, որ ինքը չի կատարում իրենց հրամանները. ժողովրդին չի ծեծում, ուստի ուզում են իրեն հակա հանեն»:
Զարուհի Փոստանջյանը պնդում է`քանի որ իրականությունը չի համապատասխանում մեղադրական եզրակացությանը, խնդիր է դրված գործը «սառեցված» պահելու, «այդ կեղծ եւ շինծու մեղադրանքն իրենց պետք է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ