ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովի կատարելիք գործողությունների մասին, հայտարարեց. «Մտավախություն ունեն բոլոր այն քաղաքական հոսանքները, որոնք միշտ ունեն մտավախություններ ամեն ինչի նկատմամբ։ Այս հանձնաժողովի նկատմամբ իրենք պետք է մտավախություն չունենան, որովհետեւ հանձնաժողովը ստեղծված է բարձր լեգիտիմություն ունեցող ԱԺ-ի պատգամավորների համապատասխան թվաքանակի կողմից»:
–Պարոն Քոչարյան, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում հայտարարել է, որ տարակուսելի է այն հանգամանքը, որ գործադիր մարմինն իր գործառույթը տվել է օրենսդիրին՝ ստեղծելով քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքները։ Եթե կարող էր այդ գործառույթն իրականացնել գործադիրը, ինչո՞ւ եք այդ ֆունկցիան «վերցրել» նրանց ձեռքից։
–Արծվիկ Մինասյանը թող գնա եւ նորից ընթերցի ՀՀ Սահմանադրությունը։ Գործադիրն իր գործողությունները արել է, ու ես կարծում եմ, որ եթե ԱԺ-ն որոշել է քննիչ հանձնաժողով ստեղծել, դա Սահմանադրության պահանջով է ստեղծվել, օրենքի իրավունքով, 47 պատգամավոր ցանկացել է, որ հանձնաժողովը ստեղծվի, եւ օրենքի ուժով այն ստեղծվել է։ Արծվիկ Մինասյանն արդեն պետք է ելնի այն հանգամանքից, որ այդ հանձնաժողովն արդեն ստեղծված է։ Ու քանի որ այն վերաբերում է պաշտպանությանն ու անվտանգությանը, գործող կանոնակարգով եւ Սահմանադրությամբ այդ հանձնաժողովի գործառույթները վերապահված են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին։ Օրենքի ուժով ստեղծված է քննիչ հանձնաժողովը եւ այն այս պահին գործում է։
Նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը շատ ավելի լավ էր այդ ամբողջը ներկայացրել, որ նշել էր, թե ելնենք այս հանգամանքից, որ այդ հանձնաժողովն արդեն ստեղծված է, եթե կարող ենք, պետք է օգնենք։
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանին մնում է միայն մի բան՝ կա՛մ ինքը, եթե բան ունի Ապրիլյան պատերազմի հետ կապված, հանձնաժողովի հետ փորձեն կոնտակտի դուրս գան, փորձեն ներկայացնեն իրենց առաջարկները, կա՛մ տեղեկատվությունը, եթե կան, կարող են ներկայացնել։ Հիմա անիմաստ քննարկումների մեջ մտնելը պարզապես որեւէ լավ բանի չի բերելու այն առումով, որ անիմաստ զբաղմունք է. հանձնաժողովը ստեղծված է օրենքի ուժով եւ այն այս պահին գործում է։ Հանձնաժողովը գործելու է 6 ամիս։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում