Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավորները բողոքում են՝ ինչո՞ւ է բյուջեի ցածր կատարողական եղել ու կառավարությունը բյուջեի 80 մլրդ դրամի թերակատարում ունեցել

Հունիս 19,2019 12:54

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ում ներկայացրեց 2018-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նախարարին հարցրեց. «2018-ի մայիսից իրականացված հակակոռուպցիոն պայքարի եւ բացահայտումների արդյունքում շատ կուզենայինք իմանալ՝ ինչքա՞ն գումար է մուտքագրվել պետական բյուջե, շատ կարեւոր է, որ հանրությունը տեղյակ լինի»:

Ջանջուղազյանը պատասխանեց, որ առանձին տողով չկա, թե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ինչքան միջոցներ են հաշվեգրվել՝ հաշվետվության մեջ. «Օրինակ, եթե հարկային նախկինում չկատարած պարտավորությունը պարտավորեցվել է կատարել, ապա դա արտացոլված է հարկային եկամուտներում: Առանձին վերցրած հաշվառում կդժվարանամ ներկայացնել, նաեւ գումարը ձեռնպահ կմնամ բարձրաձայնելուց»:

Նա նաեւ հետաքրքրվեց պետական պարտքից, մասնավորապես խնդրեց գնահատական տալ, թե որքանով են վերցված վարկերը արդյունավետ եղել: Ջանջուղազյանն ասաց, որ կան մասհանումներ, որոնք մենք ստացել ենք, չենք օգտագործում, բայց դրանց դիմաց տոկոսները վճարում ենք:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց ստվերի կրճատումից, նախարարը պատասխանեց, որ հարկային եկամուտների հավաքման աստիճանը կմոտեցվի գնահատված հարկային ներուժին. «Մենք որոշակի գնահատել ենք մեր տնտեսությունում հարկային պոտենցիալը, կառավարությունը գտնվում է հիմա մի փուլում, որ մոտ 7%-ի չափ մենք դեռեւս պոտենցիալին զիջում ենք: Բայց դա չի նշանակում, որ այդ 7%-ը ամբողջությամբ ստվեր է, որովհետեւ կարող է հարկային կարգավորումներն այնպիսին են, որ տնտեսվարողին հնարավորություն են տալիս հարմարավետ տեղավորվել ու չծառայեցնել հարկաբյուջետային գործիքի օգտագործմանը»:

Մելքումյանը համաձայնեց, որ մեր ոտքը մեր վերմակի չափով պետք է երկարացնենք ու մեր ներուժը ճիշտ գնահատենք. «Նշանակում է, որ տնտեսական հեղափոխությունից սպասումները չեն կարող այդքան մեծ լինել՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով: Մենք ասում ենք, որ գնում ենք տնտեսական հեղափոխության, բայց թե ե՞րբ դա կբերի կյանքի որակի լավացմանը՝ պետք է քայլերով պարզ ասենք դրա մասին»:

«Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը դժգոհեց, որ մի շարք ոլորտներում ցածր կատարողական կա, օրինակ, ենթակառուցվածքների մասով է շատ մտահոգվում՝ ճանապարհային տրանսպորտ, օդային տրանսպորտ, խողովակաշարային, բնակարանային շինարարություն, ոռոգում եւ այլն. «Այսպիսի շեղումները բավարա՞ր եք գնահատում, այսպիսի բարձր շեղման դեպքում ի՞նչն է խնդիրը, ցածր կատարողականով կարողացել ենք խնդիրը լուծե՞լ, թե՞ կոռուպցիոն ռիսկ ենք նկատել եւ չի իրականացվել»: Ջանջուղազյանը պատասխանեց. «Բնականաբար, այստեղ արդյունավետության մասին չի խոսքը»: Նա ասաց, որ պատճառները տարբեր են եւ իրենց նույնպես մտահոգում են, բայց թվարկած դեպքերն ամբողջությամբ արտաքին ֆինանսավորման ծրագրերով են:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց. «Պետական բյուջեն թերակատարվել է 5,3%-ով կամ շուրջ 80 մլրդ դրամով ու պետք է հստակ գնահատական լինի, թե ինչքա՞ն զսպող ազդեցություն է ունեցել մեր տնտեսական աճի վրա: Ծախսերի թերակատարումը հիմնականում պայմանավորված է վարկային միջոցների կոռուպցիոն ռիսկերով, այդ ռիսկերի վնասը եւ տնտեսական աճի բաղադրությունը իրար համադրելի՞ են»: Ջանջուղազյանը պատասխանեց, որ զսպող ազդեցությունը եղել է 2,3 %:

Ինչ վերաբերում է կատարողականի ցածր լինելուն՝ նախարարն ասաց. «Սա միակ տարին չի, մենք ունենք պատմություն, բոլոր տարիներին էլ ունեցել ենք խրոնիկ ցածր կատարողական՝ բացառությամբ 1-2 տարիների, երբ գերակատարում է եղել»:

Նախարարը նշեց, որ հնարավոր է կանխատեսումների ժամանակ է գերագնահատված եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930