Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժամանակի անիմաստ կորուստ

Հունիս 19,2019 10:00

Ես, ճիշտն ասած, չեմ հիշում, որ 1990 թվականի օգոստոսի 4-ից հետո, երբ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀՇ-ի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, այդ կուսակցությունը կամ այդ առաջնորդը առավոտից երեկո խոսեին այն մասին, թե որքան վատն են կոմունիստները եւ ինչպիսի դավադրություններ են նրանք կազմակերպում՝ իշխանությանը վերադառնալու համար: Չնայած, երբ դրանից մոտավորապես երկու տարի հետո սկսվեց «ցուրտն ու մութը», արթնացավ նաեւ կոմունիստական դարաշրջանի վերաբերյալ միանգամայն բնական կարոտախտը: Բայց այդ պարագայում եւս «կոմունիստական ռեւանշով» ոչ ոք առանձնապես չէր վախեցնում:

«Ռեւանշիստներն» ի հայտ եկան 1998 թվականից հետո, երբ Քոչարյանն ու նրա թիմը հակահհշական քարոզչական հիստերիա հրահրեցին՝ համոզելու համար հասարակությանը, որ իր՝ Քոչարյանի իշխանության հանդեպ ցանկացած ոտնձգություն «ՀՀՇ-ական դավադիրների» գործն է: Որոշ ժամանակ դա աշխատում էր, մինչեւ որ պարզվեց, որ ՀՀՇ-ականների կոռուպցիան եւ թալանը պարզապես մանկական խաղեր էին քոչարյանականների կոռուպցիայի եւ թալանի հետ համեմատած:

Չեմ ուզում զուգահեռներ անցկացնել. Քոչարյանն իշխանության է եկել պալատական հեղաշրջման արդյունքում, Փաշինյանը՝ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության ցանկությամբ: Բայց երբ երկրի երկրորդ դեմքը՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իշխող կուսակցության համագումարում հայտարարում է՝ «մեր դեմ պատերազմ է հայտարարված» եւ նկատի ունի ոչ թե Ադրբեջանի կողմից իրապես մեր դեմ վարվող պատերազմը, այլ ինչ-որ ներքին թշնամիներին՝ դա առնվազն տարակուսելի է: Մի՞թե ՀՀԿ-ականներն ու քոչարյանականներն են մեր ամենակարեւոր խնդիրը:

Իշխանությունը, ենթադրում եմ, քաղցր բան է: Նրանք, ովքեր մի անգամ ճաշակել են այդ «սատանայական խնձորից», մնացած ողջ կյանքում երազում են նորից ու նորից ըմբոշխնել այն: ՀՀԿ-ականներն ու քոչարյանականները բացառություն չեն: Նրանք քարոզչություն են ծավալում ներկա իշխանության դեմ բացահայտ (որը նորմալ է) եւ «ֆեյքային» (որն ինձ դուր չի գալիս), նրանք երբեմն քննադատում են միանգամայն տեղին, երբեմն էլ անհեթեթ բամբասանքներ են տարածում: Այնքանով, որքանով նրանք գործում են օրենքի շրջանակներում, գնահատականները կարող են լինել «բարոյաքաղաքական» եւ ոչ իրավական ոլորտից: Բայց զուտ գործնական առումով պետք է հասկանալի լինի, որ նրանց երազանքը երբեք չի իրականանա: Ինչո՞ւ է իշխող քաղաքական ուժը ժամանակ ծախսում մի բանի վրա, որը երբեք տեղի չի ունենա:

…Ի դեպ, երազանքի մասին: Ես երբեմն երազում եմ դառնալ առաջնակարգ դաշնակահար եւ ելույթներ ունենալ աշխարհի հեղինակավոր բեմերում: Երազելն, ինչպես ասում են, վնասակար չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Սարո ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ/ Deeptree

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լևոն says:

    Ներքին թշնամին միշտ ավելի վտանգավոր է, իսկ մեր պարագայում, հաշվի առնելով ովքեր են այդ այսպես կոչված ռևանշիստները, գտնում եմ՝ ծայրահեղ վտանգավոր։ Ուստի, Արարատ Միրզոյանի հայտարարության հետ լրիվ համաձայն եմ, պատերազմը միայն իշխանությանը չէ հայտարարված, այլ մեզ բոլորիս, Հայաստանի քաղաքացիներին և մեր պետությանը։ Պետք չէ թերագնահատել այդ վտանգը, Քոչարյանն ընդունակ է ամեն ինչի, քանի որ որևէ սրբություն ու ներքին զսպանակ չունի

  2. Artur Lazarian says:

    Պաշտում եմ հայի յամառութիւնը: Յամառութիւն՝ չնկատել իրականութիւնը եւ շարունակել ապրել պատրանքներով:
    Իսկ իրականութունը սա է.
    Այս իշխանութիւնների վարքագիծը ցոյց է տալիս, որ նախորդ տարուայ դէպքերը խաղաղ իշխանափոխութիւն էր, եւ ոչ յեղափոխութիւն: Այս իշխանութիւնները ԱՌՆՈՒԱԶՆ առաջին ժամկէտում չեն պատրաստւում լուրջ բարեփոխումներ անել: Խնդիր է դրուած «ձգել» մինչեւ յաջորդ ընտրութիւններ: Դրա համար պէտք է օգտագործել ժողովրդից ստացած 80% աջակցութիւնը (ամբոխահաճութիւն եւ այլն) եւ ԻՀԱՐԿԷ նախորդներին քլնգելով, ձերբակալել-ազատելով վարկանիշ կուտակելը:

    Իշխանութիւններն ունէին բոլոր օրինական միջոցները արդիւնաւէտ պայքայելու նախկին վատերի դէմ (գործադիր իշխանութիւն, դակիչ ԱԺ եւ այլն): Նրանք դա չարեցին: Եւ այսօր փոխանակ արմատական բարեփոխումների ծրագրերն առաջ տանեն, ահռելի ժամանակ են վատնում նախկինների հետ գզվռտոցներում: Ժողովրդի մի ստրուար զանգուածի համար այս կրկէս-գզվռտոցը շատ հաճելի է: Ինձ համար անասելի տհաճ է այս կրկէսը դիտելը:

    Այդ «բարեփոխումներ» կոչուածն էլ իրականում այդքան հեշտ չէ, քանի որ համապատասխան կադրեր չկան (կամ կան, բայց լուսանցքում են) եւ Փաշինեանը հաւանաբար դա գիտի:

    Ի՞նչ ունենք մէկ տարի անց: Թուարկեմ պետական հիմնասիւները:
    1. Կրթութիւն եւ Գիտութիւն: Սա համար առաջինն է, թէեւ շարքային հայաստանցին միամտաբար շարունակում է կարծել, թէ ուժեղ պետութեան ամենակարեւոր յաղթաթուղթը կալաշնիկով ինքնաձիգն է: Ինչեւէ: Ներկայիս ԿԳՆ-ն շատ թոյլ մարդ է: Նա եւ իր թիմը մակերեսային գիտելիքներ ունեն կրթութեան վերաբերեալ, իսկ (բնա)գիտութեան զարգացման տեսլական առհասարակ չունեն: Հաւանականութիւնը մեծ է, որ այս ոլորտը ձախողուելու է:
    Ի դէպ, վերջերս մաթեմատիկայի եւ հայերէնի միասնական քննութիւններն էին: Երկու դէպքում էլ վիճակն աղէտալի էր: Բազմահազար երեխաներ դպրոցն աւարտում են առանց իրենց մայրենին իմանալու: Դրա համար էլ ազգի գերակշիռ մասը լատինատառ եւ կիւրեղատառ գրող է: Մայրենին լաւ չիմացողը ԵՐԲԵՔ չի կարող այլ լեզուներ լաւ իմանալ, էլ չեմ ասում այլ առարկաներ սովորել: Արդիւնքում ունենում ենք ռուստամների հասարակութիւն:
    2. Դիւանագիտութիւն: Փաշինեանի օրօք վիճակը բաւականին լաւացել է, բայց դա շատ քիչ է, եւ մեր դիւանագիտութիւնը շարունակում է մնալ խղճուկ:
    3. Բանակ: Ըստ էութեան բանակը միշտ էլ իր գործը փայլուն է կատարել:
    4. Տնտեսութիւն եւ արդարադատութիւն: Առանց գնահատական տալու էլ ամէն ինչ պարզ է:

    Այս բնագաւառներում օր առաջ պէտք է արմատական բարեփոխումներ արուէին: Բայց ոչ ոք (իշխանութիւն, «ժողովուրդ») կարծես առանձնապէս շահագրգռուած չէ: Երեւի գերնպատակը նախկիններին մերժելն էր եւ «լուծը փոքր ի շատէ տանելի դարձնելը»:

  3. Լուսինե says:

    Միշտ կողմնակից եմ եղել իրերը իրենց անուններով կոչել։ Կարծում եմ, որ Փաշինյանի ամենամեծ վրիպումներից մեկը նա էր, որ քաղաքական գնահատական չտրվեց այդ ավազակապետական համակարգին և նրա պարագլուխներին։ Միայն ականատես լինելով նրանց այսօրվա պահվածքին և գործելաոճին, հասկանում ես, որ այստեղ լավատեսության որև է հիմք չկա։ Ցինիզմի և անբարոյականության սիմբիոզ և սեփական կաշին, ամեն գնով փրկելու փորձեր։ Եթե արդար ես, պարզ ճակատով կանգնի, քեզ հլու-հնազանդ ծառայող, դատարանի արջև։ Քաղաքական գործչին վայել արժանապատիվ հեռանալու շնորք էլ չունեցան։ Նրանք, իհարկե, կարող են մեծ վնաս հասցնել երկրին, իրենց հետկուլիսյան խաղերով պուտինների հետ։

  4. Քաղաքացի says:

    Հարգելի Artur Lazarian
    ծանոթանալով Ձեր մեկնաբանություններին, հասկանում եմ, որ Դուք քաղաքագետ չեք, սակայն ունեք կարծիք, ինչպես մենք բոլորս։ Գնահատում ենք իրավիճակը մեր մտավարժանքների արդյունքում գոյացած մտքերից ելնելով։ Սակայն առաջարկում եմ Ձեզ մոտ մեկ ժամ ծախսել և ծանոթանալ մասնագետի կարծիքին, որը ոչ կուսակից է, ոչ էլ թիմակից է Նիկոլ Փաշինյանին։ Նրա վերլուծությունը լույս կսփռի Ձեր պատկերացումների վրա, եթե, իհարկե, այդ լույսը, չի հակասում Ձեր շահերին և նպատակներին։
    https://www.lragir.am/2019/06/17/452343/

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930