Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալում եմ Ձեր աջակցությունը ռեժիմս փոխելու համար. դատապարտյալ լրագրողի բաց նամակը իր նախկին գործընկերներին

Հունիս 19,2019 09:00

Երբեք չէի պատկերացնի, որ գործընկեր, ինչու չէ նաեւ իմ ընկեր պատգամավորներին կդիմեմ բաց նամակով։ Գուցե շատերն էլ չգիտե՞ն, որ 2015թ-ի ապրիլի 20-ից անազատության մեջ եմ։ Որպես լրագրող՝ նախընտրեցի ոչ թե դիմում ուղարկելու, այլ բաց նամակի անմիջական ձեւը։

Հարգելի կոլեգաներ. ասել ու էլի մեկ անգամ եւս կբարձրաձայնեմ՝ ես չեմ վիճարկում անմեղությունս, սխալ կամ ճիշտ նախաքննությունն ու դատաքննությունը։ Լինելով ազատության մեջ՝ ես ինքս անհրաժեշտության դեպքում կպայքարեմ արդարությունը վերականգնելու համար։ Չեք պատկերացնի, բայց շատ եմ փոխվել, ուղղվել եմ։ Անազատության չորսուկես տարիները շատ բան սովորեցրին ինձ, գիտակցեցի սխալներիս ու սայթաքումներիս պատճառները։ Բայց չեմ հուսահատվում, Աստծո առաջնորդությամբ այս փորձությունն էլ կհաղթահարեմ։

Սիրելի կոլեգաներ Ձեզնից շատերը ծանոթ են ինձ, իմ լրատվական գործունեությանը, լրագրողական հետաքննություններիս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում պատիվ եմ ունեցել աշխատելու Նաիրա Զոհրաբյանի, Վահագն Հովակիմյանի, Վահագն Թեւոսյանի, Հայկ Գեւորգյանի հետ։ Համագործակցել եմ Թագուհի Թովմասյանի խմբագրած «Ժողովուրդ» թերթի եւ Արման Բաբաջանյանի 1in.am կայքի հետ։ Լրագրողական հետաքննական նյութեր եմ պատրաստել Գայանե Աբրահամյանի հետ։ Գործընկերային փոխհարաբերություններ ունեմ Սիսակ Գաբրիելյանի եւ Սրբուհի Գրիգորյանի հետ (Սրբուհին իմ համակուրսեցին է ու նաեւ սյունեցի): Իսկ ում մոռացել եմ՝ կարծում եմ ներող կլինեն։

Հարգարժան լրագրող-պատգամավորներ

Դիմելով Ձեզ՝ ակնկալում եմ Ձեր աջակցությունը, գուցե միջնորդությունը կամ երաշխավորությունը ռեժիմս փոխելու համար՝ բաց կալանք կամ հանրօգուտ աշխատանքներ։

Այստեղ էլ պարապ չեմ մնում։ Փորձում եմ վերասոցիալականացվել, անցած տարի մասնակցեցի «Հանրային հայացք փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» լրագրողական մրցույթին՝ արժանանալով ՀՀ արդարադատության նախարարի եւ «Դի Վի Վի ինթերնեյշն» կազմակերպության հատուկ մրցանակներին։ Կալանավայրում անցկացրած տարիներին զուգահեռ լրագրողական գործունեությամբ զբաղվելու, ԶԼՄ-ներում հրապարակած բացառիկ նյութերի համար արժանացա Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի շնորհակալագրին։ Կարծում եմ՝ նաեւ այստեղ կուտակած փորձովս կկարողանամ նպաստել արդարադատության համակարգի այս ոլորտում կուտակված խնդիրների լուծմանը։

Չգիտեմ, գուցե գործող օրենսդրությունը թույլ չտա իմ խնդրանքը իրականություն դարձնել, էլի հոգ չէ՝ չեմ նեղսրտի։ Համոզված եմ՝ մի օր կգա Ձեր քայլն անելու ժամանակն ու ես օր առաջ կհայտնվեմ ազատության մեջ։ Բոլորիդ մաղթում եմ օրենսդիր բարենպաստ աշխատանք մարդասիրական օրենքներ ստեղծելու գործում։ Ես սիրում եւ հիշում եմ Ձեզ…..

Հարգանքներով Արմենակ/Արմեն/ Դավթյան, «Արմավիր» ՔԿՀ։

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանին ու Արման Բաբաջանյանին՝ ՔԿՀ այցելելիս՝ ինձ չմոռանալու համար։ Ինչու չէ նաեւ շնորհակալ եմ ոչ պատգամավոր լրագրող ընկերներիս՝ Արման Սուլեյմանյանին, Լուսինե Ղազարյանին, «Հետք»-ի լրագրողներ Գրիշա Բալասանյանին եւ Սեդա Ղուկասյանին։

Լուսանկարը՝ «Հետքի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930