Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխատանքը՝ «գերազանց», բայց Բրյուսելի պայմանը՝ պայման է

Հունիս 19,2019 12:00

ՀՀ իշխանությունների հետ համատեղ աշխատանքը՝ «գերազանց»

Անցյալ շաբաթ Հայաստան-ԵՄ փոխհարաբերություններում կարեւոր շփումներ եւ հայտարարություններ արձանագրվեցին:

Հունիսի 13-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ: Նիստի օրակարգում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակն էր:

Մնացականյան- Մոգերինի հանդիպմանը Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարեւորել էր կառավարության որդեգրած բարեփոխումների եւ զարգացման օրակարգին ԵՄ աջակցության շարունակականությունը, ընդգծել էր ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու կարեւորությունը:

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով ընդունվեց մամուլի համատեղ հայտարարություն։ Նիստի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես էին եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Հայաստանի նախորդ կառավարության հետ չեմ համեմատի, բայց նոր իշխանությունների հետ համատեղ աշխատանքը միանշանակ կարող եմ գնահատել որպես գերազանց, նշել էր Մոգերինին համատեղ մամուլի ասուլիսում. «Լավ փորձ էր, բայց ես երբեք չէի համեմատի մի կառավարությունը մյուսի հետ: Բայց ես կարող եմ միանշանակ, հստակ եւ առանց ստվերի գնահատել այն աշխատանքը, որ մենք կատարել ենք վերջին տարում եւ մի քանի ամիսների համատեղ աշխատանքը ներկայի իշխանությունների եւ երկրի հետ, որը ես կարող եմ գնահատել գերազանց»: Նա հավելել էր, որ վերջին տարում՝ խորհրդի վերջին հանդիպումից հետո «հսկայական աճ» է գրանցել, իսկ համաձայնագրի իրականացումը լավ ընթացքի մեջ է:

Հավելյալ 25 միլիոն եվրո աջակցություն՝ 2019թ. տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում

Եվրամիությունը լրացուցիչ 25 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ 2019թ. տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում, հայտնեց Ֆեդերիկա Մոգերինին համատեղ մամուլի ասուլիսում: Մոգերինին հիշեցրել է, որ 2016-2020թթ. համար ԵՄ-ը ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին: «Հաշվի առնելով երկրի ժողովրդավարական բարեփոխումները՝ Եվրոպական միությունն այս տարի կհատկացնի լրացուցիչ 25 մլն եվրո՝ ընդհանուր հատկացումն այս տարվա համար հասցնելով 65 մլն եվրոյի, որը կուղղվի բարեփոխումների եւ մեր համաձայնագրի արդյունավետ կերպով իրականացմանը,- ասել է Մոգերինին՝ հավելելով,- այս ֆինանսավորմամբ մենք կփորձենք առավելագույնի հասցնել բարեփոխումների ազդեցությունը, ինչպես նաեւ բարելավել քաղաքացիների կենսապայմանները եւ դա անել տեսանելի եւ շոշափելի»: Ընդհանուր առմամբ Մոգերինին նշել է, որ նախորդ նույն ձեւաչափով հանդիպումից անցել է մեկ տարի եւ այդ ընթացքում Եվրոպական միություն- Հայաստան գործակցությունը զարգացել է «շատ լավ»:
Ինչպես հայտնի է, Հայաստանը վերջերս ներկայացրել է ճանապարհային քարտեզ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում: Բրյուսելում, ըստ ամենայնի, քննարկվել է ճանապարհային նշյալ քարտեզը: «Մենք տեսնում ենք, որ այն կարող է հաջողությամբ նպաստել Հայաստանում բարեփոխումների գործընթացին, ուստի մենք կշարունակենք աջակցել դրան մեր կողմից՝ տեխնիկական առումով եւ կարողությունների զարգացման տեսանկյունից»,- ասել է հանձնակատարը:

Ի դեպ, Մոգերինին հայտնել է, որ ԵՄ-ն հատուկ ուշադրություն է դարձնում դատական բարեփոխումների վրա. «Մենք սատարում ենք համընդհանուր դատական բարեփոխումներին ուղղված ընթացիկ աշխատանքներին, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի սահմանադրությանը եւ միջազգային չափանիշներին: Անկախ արդյունավետ եւ հաշվետու դատական համակարգից շահում են բոլորը. այն նպաստում է մարդու իրավունքների պաշտպանությանը եւ տնտեսական զարգացման ու միջազգային ներդրումների համար նպաստավոր բիզնես միջավայրին»:

Այսպիսով, ԵՄ-ն հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում: ԵՄ խորհուրդը Բրյուսելում կայացած Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում վերահաստատեց Եվրամիության եւ Հայաստանի հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը, որով էլ ԵՄ-ն ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020թթ. համար:

Խորհուրդն ընդգծել է անկախ, արդյունավետ եւ հաշվետու դատական համակարգի կարեւորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաեւ տնտեսական զարգացմանը եւ օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Ողջունել է նաեւ ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ Հայաստանի Սահմանադրությանը եւ միջազգային չափանիշներին համապատասխան:

Քաղաքացիների շարժունակությունը եւ մարդկանց միջեւ շփումները բարելավելու նպատակով ԵՄ-ն եւ Հայաստանը շարունակելու են քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման եւ Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով, ինչպես նաեւ պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող եւ անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն:

Մոգերինիի կոչը՝ «խստորեն հարգել հրադադարի ռեժիմը»

Բրյուսելյան բանակցությունների օրակարգում էր նաեւ Արցախի թեման: ԵՄ-ի դիրքորոշումն անփոփոխ է եւ այն անվերապահորեն մեկ անգամ եւս արձանագրվել է: Մնացականյանն ու Մոգերինին քննարկել էին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք օրակարգային հարցեր: Մոգերինին նշյալ հանդիպմանը վերահաստատել էր ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու հակամարտության ջրբաժանը հաղթահարելուն եւ ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն ուղղված նախաձեռնություններին:

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, վերահաստատել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու Հայաստանի հանձնառությունը, հավելելով՝ պաշտոնական Երեւանի համար առաջնային հարցերից մեկն է բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ու ամրապնդումը:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան դիմել էր կողմերին՝ կոչ անելով հարգել առաջնորդների ու արտգործնախարարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Հակամարտությունը արագ քաղաքական լուծման կարիք ունի, եւ Եվրամիությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, այդ թվում՝ Հարավային Կովկասում մեր սեփական ներկայացուցչի միջոցով: Կոչ ենք անում հակամարտության կողմերին խստորեն հարգել հրադադարը եւ հետեւել առաջնորդների ու արտգործնախարարների վերջին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին ու անցնել բովանդակալից քննարկումների: Ինչպես միշտ, մենք պատրաստ ենք աջակցել կողմերի միջեւ վստահությունն ամրապնդող եւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստող միջոցառումներին», – շեշտել էր Ֆեդերիկա Մոգերինին:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 18.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930