Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արարատ Միրզոյանին» «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են

Հունիս 19,2019 13:00

Կալանավորն ահազանգում է, որ իրեն դատական նիստից հետո «մեկուսացրել» են, պահում են մենակ, իսկ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նա դիմել է ծայրահեղ քայլի՝ սայր է կուլ տվել: Ի նշան բողոքի, որ նրան «Դատապարտյալների հիվանդանոց» չեն տարել, այլ բերել են «Արմավիր»: Նա ասում է, որ որեւէ բուժօգնություն չեն տալիս, այն դեպքում, երբ իրեն հունիսի 12-ին Էջմիածնի հիվանդանոց էին տարել, «էխո» արել, ասել էին՝ «թոքի մեջ ջուր կա»: Կալանավորի հարազատներն ասում են, որ Համլետը տառապում է լյարդի քաղցկեղով, ունի մի շարք հիվանդություններ, որոնք անհամատեղելի են ազատազրկման հետ:

«Առավոտի»՝ «Զանգել էր փոխմարզպետին, ներկայացել էր… Արարատ Միրզոյան» (ապրիլ 08,2019) հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ նախկինում 12 անգամ դատապարտված անձը, որն ազատվել էր պատժի կրումից անցյալ տարվա հուլիսին, որոշել էր զանգել Լոռու մարզպետարան, Լոռու մարզպետին: Նա անցյալ տարվա նոյեմբերի 30-ին զանգել էր Լոռու փոխմարզպետին՝ ներկայանալով փոխվարչապետ Արարատ Միրզոյան: «Արարատ Միրզոյանը» հանձնարարել էր մեկ միլիոն դրամ փոխանցել ծանր նյութական վիճակում գտնվող Ա.Հ.-ին: Փոխմարզպետն այդ պահին ասել էր, թե կես միլիոն դրամ կարող է փոխանցել, մյուս կեսն էլ կփոխանցի հետո: Լոռեցի փոխմարզպետը հանդիպել է «Արարատ Միրզոյանին» Դաշտ գյուղի մոտ՝ փոխանցել կես միլիոն դրամը»:

Այդ անձը Համլետ Ղազարյանն է, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. նոյեմբերի 30-ին «կատարել է խաբեությամբ ուրիշի խոշոր չափի գույք՝ մեկ միլիոն ՀՀ դրամ հափշտակելու փորձ»:
Համլետ Ղազարյանի դատական գործը մակագրվել է Արմավիրի դատավոր Վահե Խալաթյանին: Հունիսի 13-ի դատական նիստը հետաձգվել է, եւ կշարունակվի օգոստոսի 14-ին:

Այս գործով կա երկու տուժող: Ըստ դատարան ուղարկված մեղադրական եզրակացության, «Մեկ միլիոն ՀՀ դրամ գումար հափշտակելու դիտավորությամբ, խաբեությամբ, Համլետ Ղազարյանը Սերգեյ Սարուխանյանին հայտնել է, թե իբր Ձորագյուղ համայնքի բնակիչ Արմեն Հարությունյան տվյալներով անձը Երեւանի հրապարակներից մեկում, դժգոհ լինելով ՀՀ կառավարությունից, շահարկելով անօթեւան լինելու հանգամանքը, կարել է բերանը եւ աչքը, ինչպես նաեւ գտնվում է անկայուն հոգեվիճակում եւ անհրաժեշտ է հանձնարարել Ձորագյուղ համայնքի ղեկավարին` նշված անձին ժամանակավոր կացարան ձեռք բերելու համար հանձնել 1 միլիոն ՀՀ դրամ գումար։

Սերգեյ Սարուխանյանը Համլետ Ղազարյանի կողմից նեկայացվող կեղծ տեղեկությունները իրական համարելով` նրան հայտնել է, թե Ձորագյուղ համայնքի ղեկավար Արշակ Ռամազյանը պահանջվող չափով գումարը՝ մեկ միլիոն ՀՀ դրամ, չի կարողանա տրամադրել, ինչից հետո, Համլետ Ղազարյանը շարունակելով ներկայանալ որպես ՀՀ առաջին փոխվարչապետ, Լոռու մարզպետի պաշտոնակատարին հանձնարարել է Արշակ Ռամազյանին տեղեկացնել, որպեսզի զանգահարի իրեն։ Վերջինիս հետ հեռախոսազրույցի ընթացքում, իր կողմից հորինված նույն անձին` Արմեն Հարությունյանին օգնելու պատրվակով, Համլետ Ղազարյանը, Սերգեյ Սարուխանյանից տեղեկացված լինելով, իր համայնքի ղեկավարը չի կարող մեկ միլիոն ՀՀ դրամ հայթայթել, Արշակ Ռամազյանին հանձնարարել է 500.000 ՀՀ դրամ գումար տանել եւ Աշտարակ քաղաքի կամրջի մոտ փոխանցել Արմեն Հարությունյան տվյալներով անձին։

Արշակ Ռամազյանը, Համլետ Ղազարյանի կողմից ներկայացվող կեղծ տեղեկությունները իրական համարելով, իր հետ վերցնելով 500.000 ՀՀ դրամ գումար, գնացել է Աշտարակ քաղաք, սակայն կասկածներ ունենալով, նրանից պահանջել է, որպեսզի Արմեն Հարությունյան տվյալներով անձը գնա ոստիկանության շենքի մոտ եւ այնտեղից վերցնի գումարը։ Որպես Արարատ Միրզոյան ներկայացող Համլետ Ղազարյանից այլ հրահանգ ստանալով, Արշակ Ռամազյանը հրաժարվել է գումարը հանձնել եւ վերադարձել է Ձորագյուղ»։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներից մեկի համաձայն էլ, Համլետ Ղազարյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Սարուխանյանի հետ, նրան հայտնել, որ համայնքի ղեկավարը դուրս է եկել վերահսկողությունից, այլեւս չի ենթարկվում հրահանգներին եւ հանձնարարել է անձամբ տանել եւ 500.000 ՀՀ դրամ գումար տալ Արմեն Հարությունյանին, ինչից հետո, Սերգեյ Սարուխանյանը իր ծառայողական ավտոմեքենայով գնացել է Աշտարակ քաղաքից Էջմիածին տանող ավտոճանապարհի՝ Արմավիրի մարզի Դաշտ գյուղին հարակից հատված։

Ժամը 22. 30-ի սահմաններում, ճանապարհի մերձակա դաշտում Արմեն Հարությունյան ներկայացող Համլետ Ղազարյանը խաբեությամբ Սերգեյ Սուրուխանյանից ստացել է 500.000 ՀՀ դրամ գումար եւ հափշտակել, սակայն չի կարողացել ավարտին հասցնել իր մտադրությունը:

Նշեմ, որ քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատել է ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Ա.Դոլինյանը:

Կալանքի հարցը լսելու ժամանակ, մեղադրյալ Ղազարյանը հայտնել է, որ ինքնասպանության փորձ է կատարել, վատառողջ է, ունի «Հեպատիտ Ց» ախտորոշումը, խաչաձեւ մեխ է կուլ տվել, հացադուլ հայտարարել, ապացույցներ չկան, ինքը մեկ միլիոն չի վերցրել, խնդրել է հաշվի առնել՝ «իրավիճակ է փոխվել»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ նույն այդ «Արմավիր» ՔԿՀ Վահե Մելոյանին կհանդիպեն իրավասու մարմինները, նրա հացադուլ հայտարարելուց հետո՝ 44-րդ օրը:

«Առավոտ» օրաթերթ,

18.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930