Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային բուհերն ավարտողների համար ԿԳՄՍ-ն հնարավո՞ր է աշխատանք ունենալու երաշխավոր դառնա

Հունիս 19,2019 12:30

Վերջին շուրջ երեսուն տարիների ընթացքում մեր կյանքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել։ Մշակույթի ոլորտում վերջին էական փոփոխությունը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) միացյալ նախարարության ստեղծումն էր։

Հիմք կա, իհարկե. ըստ էության, մշակույթը կրթության, գիտության արվեստի ընդհանրությունն է, լայն առումով մարդկային մտահոգեւոր գործունեության արդյունքը։ Սակայն գանք այսօրվա մեր առաջարկվող թեմային։ Թեման հետեւյալն է. ի՞նչ կտա նախարարությունների միասնականությունը մշակույթի բուհերն ավարտող ուսանողությանը։ Սա ոչ պակաս հուզում է նաեւ նրանց ծնողներին: Բանն այն է, որ մինչ այս տարի տարբեր գերատեսչություններ պետք է համակարգեին մշակութային բուհերի կրթական եւ աշխատանքային կյանքը, կրթությունը ստանում էին ԿԳ նախարարությունում, իսկ աշխատանք պետք է գտնեին մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցներում։

Իսկ հիմա, խնդրեմ, նույն գերատեսչությունը կարող է կարգավորել ե՛ւ ուսման ընթացքը, ե՛ւ ավարտած ուսանողին աշխատանքով ապահովելու խնդիրը։

Սա հատկապես վերաբերում է մշակութային բուհերին, քանզի, ասենք, տնտեսական, իրավաբանական կամ բժշկական բուհեր ավարտողները միանգամից հայտնվում են այլ գերատեսչությունների տրամադրության տակ։

Դառնանք մշակութային բուհերին (Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, Գեղարվեստի ակադեմիա, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա), որոնց ուսման եւ աշխատանքային կառավարումն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Եթե խորհրդային տարիներին, երբ ստեղծվել են այս հաստատությունները, բուհ ավարտողները պարտադիր նշանակումներ էին ստանում երեւանյան եւ մարզային մշակութային պետական կոլեկտիվներում (թատրոններ, նվագախմբեր, երգչախմբեր եւ այլն) պետության հովանավորությամբ աշխատելու համար, ապա մեր ժամանակներում դա արդեն բացառությունների ոլորտից է եւ բուհ ավարտողը պետք է կարողանա ինքնուրույն լուծել իր աշխատանքային ճակատագրի հարցը։ Դա մարդու կյանքի իսկապես բարդ հարցերից մեկն է, եթե չասենք՝ ճակատագրական, որն օր օրի ավելի հաճախ է դառնում անլուծելի թվացող խնդիր՝ ավարտողները շատ են, աշխատատեղերը՝ քիչ։

Այս անհամապատասխանությունը երիտասարդի ուժերից վեր է ու հիասթափությունը շատ արագ դառնում է նրա կյանքի ուղեկիցը։ Եթե պետական բարձրագույն կառույցները աշխատանքի նոր պայմաններ չստեղծեն, ապա նորավարտ, բուհավարտ անփորձ երիտասարդ մասնագետի համար շուկայական հարաբերություններում բավականին դժվար կլինի իր ցանկություններին ու կարողություններին համապատասխան աշխատանք գտնել։ Այստեղ է, որ ասում են՝ «վարդագույն երազները բախվում են գորշ իրականությանը»։

Իհարկե, ի տարբերություն «հին» իրականության, «նոր» իրողությունները աշխատանք գտնելու դաշտ են ստեղծում ամբողջ աշխարհում եւ հենց այդ պահն էլ լավագույնս օգտագործում են հատկապես նկարիչները, երաժիշտները, դասական ոլորտի պարողները, հենվելով իրենց մասնագիտացման ոչ թարգմանական բեմաձեւերի վրա եւ պետք է ասել, որ մերոնք լուրջ հաջողությունների են հասնում միջազգային հարթակներում։

Մյուս ժամանակակից լայն հնարավորությունները դիզայներական եւ համակարգչային ձեւավորումների համացանցային բնույթի նոր ու ոչ հեշտ մասնագիտացումների լայն ընտրությունն է, աուդիո եւ վիդեո մոնտաժային օպերատորական նուրբ աշխատանքների լայն ցանցը, էկրանային համակարգերի անիմացիոն եւ կենդանի կյանքի համադրությունները եւ բազմաթիվ այլ անընդհատ զարգացող ոլորտներ։ Այս հանգամանքը շատ լավ է երիտասարդի համար, սակայն մի լուրջ բաց, նույնիսկ մեծ անջրպետ կա ուսումնակրթական ակադեմիական դասընթացների եւ ժամանակակից ստեղծագործական աշխատանքների պահանջարկի միջեւ։ Բանն այն է, որ թատերա-երաժշտա-գեղանկարչական կրթությունը նյութական բազայով դեռեւս հենված է թուղթ-լսարանային դասախոսությունների վրա եւ բավականին թանկ արժեցող ու անընդհատ նորացող տեխնիկական ապահովությունը դեռ շատ հեռու է շուկայի ապահովության աստիճանից, էլ չասենք, որ դեռ մինչեւ վերջերս ու այսօր էլ հստակ չէ, թե թանկ արժեցող բարձրագույն կրթության համար վճարված գումարները ո՞ւր են «գնում», երբ որոշ ինստիտուտներ իրենց նյութատեխնիկական ապահովվածության բազայով դեռ խարխափում են «աղքատության ճիրաններում»։

Հազար տեսակի հեքիաթ է պատմվում «փող չունենալու» մասին, բայց մինչեւ օրս հասարակության համար բաց չէ, թե ու՞ր են կորչում «անապատ ջրող» հսկայական գումարները։ Իսկ բարձրագույն կրթությունը հայաստանցիների համար բավականչափ թանկ հաճույք է, թեեւ, ի պատիվ մեր ժողովրդի, պետք է շատ բարձր գնահատենք համատարած բարձրագույն կրթություն ստանալու ազգային սովորությունը, բայց դրա հետ մեկտեղ պիտի շատ ցածր գնահատենք երիտասարդի կրթության համար ցանկացած պայմանում ծնողի կողմից վճարվող գումարների փոշիացող անհայտության կառավարության մինչեւ օրս փակ քաղաքականությունը։ Մասնավոր բուհերը «գլուխը քարը», ինչպես ասում են, նրանք իրենց «փողն են աշխատում», բայց գոնե պետական բուհերի պարագայում հանրության առաջ պիտի բաց լինի ծախսերի ամբողջ կտրվածքը եւ առաջին հերթին բուհը կամ բուհի ղեկավարությունը պետք է հանրությանը պատասխանի, թե ինչո՞ւ հայկական տվյալ բուհը ապահովված չէ գերժամանակակից նյութատեխնիկական բազայով։ Սա այն դեպքում, երբ գումարներ գանձելու հիմքերից մեկը ոչ միայն դասախոսների «պատշաճ» աշխատավարձ ապահովելն է, այլեւ բուհի նյութատեխնիկական բազան մշտապես ապահովելը։

Լավ է հնչում, բայց տասնամյակներ շարունակ դա չի արվել: Արդյունքում նորավարտ երիտասարդ, «լավ սովորած» մասնագետը աշխատանքի վայրում է առաջին անգամ շփվում համապատասխան տեխնիկայի հետ եւ աշխատանքին զուգընթաց է սովորում օգտվել մասնագիտական համաշխարհային նվաճումներից։

Օրինակ, թատերականի ուսանողները երազում են բեմ բարձրանալ, բայց նրանց հիմնական դաշտը մնում է սերիալների նկարահանումները, քանի որ թատրոնները, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, խիստ ծանրաբեռնված են չաշխատող արտիստներով, եւ թատրոնում աշխատանքի ընդունվելու մասին վաղուց մեզանում խոսք չկա, իսկ «սերիալ» ասածը, «թաքուն խոսքով ասած», մասնագետ արտիստների կողմից ամենեւին «արվեստ» չի համարվում՝ այն էլ դերասանական: Իսկական արվեստագետի համար դերասանը նա է, որն աշխատում է թատրոնում, խիստ որոշակի՝ բեմում։ Սերիալում հանգիստ կարող է նկարահանվել ցանկացած ոչ դերասան եւ դրա համար թատերական բարձրագույն կրթություն ամենեւին պետք չէ։ Կոպիտ ասած՝ «սերիալը» կապ չունի «թատերականն» ավարտած ուսանողների հետ, իսկ եթե սերիալի հանգամանքը հանում ենք, արդյունքում տեսնում ենք, որ թատերական ավարտածը աշխտանքի տեղ չունի։

Ի տարբերություն դասական երաժիշտների, ի վերջո դիզայներ նկարիչների, դերասանները հայոց լեզվի «խոսքի արվեստի» ներկայացուցիչ լինելով երկրից դուրս էլ չեն կարող գալ եւ հայտնվում են «փակ շրջանում»։
Կառավարությանը խորհուրդ կտայինք սերիալը չհամարել արտիստի հարթակ եւ դրանով աչք չփակել աշխատանքի տեղ չունեցող «թատերականն» ավարտած դերասանական հսկայական բանակի համար։ Ամեն դեպքում երկիրը պետք է պայման ստեղծի երիտասարդ մասնագետի համար, որպեսզի երիտասարդը հասկանա, որ իր մեջքին պետություն է կանգնած. ինքը «անտեր» չի այս աշխարհում։

Մի բան էլ. «Առավոտը» քանիցս անդրադարձել է Ազգային ժողովում վերջին երեք տասնամյակների ընթացքում բազմիցս առաջարկված եւ այդպես էլ չքննարկված «Թատրոնի մասին» օրենքին: Սա դեռ «հորով-մորով» չարած, օրերս էլ ԱԺ օրակարգում էր «Կինոյի մասին» չարչրկված օրենքի քննարկումը: Օրենքների «մասով» մեզ հետ զրուցած մյուս ժանրերի (պարարվեստ, երաժշտարվեստ, կերպարվեստ եւ այլն) ներկայացուցիչներն էլ իրավացիորեն պահանջում են իրենց ոլորտների մասին օրենքի ընդունումը:

Ի դեպ, չգիտես ինչ տրամաբանությամբ, մեր երկրում բալետի արտիստներն ու փողային գործիքների մասնագետները ընդհանուր հիմունքներով են անցնում կենսաթոշակի, այն դեպքում, երբ նրանք անհամեմատ կարճատեւ բեմական կյանք ունեցող արվեստագետներ են: Այս հարցը նույնպես օրենսդիր մարմնի գործառույթն է:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

18.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930