Երբ ժամանակին առաջին Դատական օրենսգրքի նախագիծն էինք նախապատրաստում` դատական սանկցիաների բաժնում նախատեսել էինք ֆինանսական ազդեցիկ սանկցիա և կալանք: Դատախազների և փաստաբանների լոբինգը` արդարադատության նախարարության աջակցությամբ, հաղթեց և օրենսգրքում մնացին միայն մի քանի «անատամ» սանկցիաներ: Այդպես շարունակվեց մինչ օրս: Ահա այսպիսի դատավարություն էին ակնկալում երևի դատարանին «չբալանսավորված չափազանց լայն» իրավասություններ տալուց մտահոգ այն իրավաբաններն ու քաղաքական գործիչները, որոնց պարբերական ջանքերի շնորհիվ Հայաստանում չի ձևավորվում անկախ և արդյունավետ դատարանը: Այսպիսի «անատամ» դատարան էին երևի երազում, որտեղ դատախազն ու փաստաբանը կարող են իրենց գոռոցով լռեցնել դատավորին կամ մատ թափ տալ վրան, որտեղ դատավորը ոչ թե իրավիճակի տերն է և պրոցեսի «մենեջերը», այլև փաստացի դատավարության սովորական մասնակից, մի բան էլ ավելի խոցելի, քանզի պատասխանատվությունն ու իրավասության ծավալը համարժեք չեն: Սա է գինը այն իրականության, երբ հասարակությունն ուզում է ունենալ լավ դատարան, բայց պատրաստ չէ հարգել այդ դատարանը, երբ քաղաքական գործիչն ուզում է ինքնահաստատվել դատարանի հանրային վստահության մակարդակի ցածր լինելն անընդհատ բարձրաձայնելով, բայց օրենքի նախագծի քննարկման ընթացքում լոբինգ է անում այլ մասնակիցների շահեր և դատավորին անվանում «դատավարության կողմ», երբ դատավարության մասնակիցները ժամանակակից սլենգով ասած «բոլոլա» են սարքում դատական պրոցեսը, իսկ դատավորը չունի համապատասխան գործիքներ բոլորին իրենց տեղը ցույց տալու և նիստի բնականոն ընթացքն ապահովելու համար:
Ասածս ի՞նչ է. ինչ վեթինգ էլ անենք, ինչ հրեշտակակերպ դարավորներ էլ բերենք, կարճ ժամկետում կհայտնվենք նույն ճաքած տաշտակի առաջ, եթե չսովորենք դատարան հարգել, եթե չհասկանանք, որ պրոցեսի «տերն ու տիրակալը» դատավորն է, եթե այդ մարդկանց օրենքով չտանք իրենց առաքելության ծանրությանը համարժեք իրավասություն և ապահովում:
Կարծես կրկին դատական իշխանությունում էապես իրավիճակ փոխելու շանս է բացվում: Եկեք չկրկնենք դասականի նկարագրած հիմարությունը. «Хотели как лучше, а получилось как всегда»…