Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան իր վրդովմունքն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կողմից զորավարժություններ անցկացնելու փաստի կապակցությամբ:
«Չէինք ցանկանա հավատալ, որ Հայաստանում հաղթում է պատերազմի կուսակցությունը: Այդ դեպքում դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Հայկական կողմի այդ գործողությունները բացատրության ենթակա չեն, հատկապես Վաշինգտոնում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ըստ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկի հանդիպման նախօրեին»,- ասվում է Աբդուլլաևայի հայտարարության մեջ:
Նրա կարծիքով՝ Հայաստանի ղեկավարության տրամաբանությունը դժվար է հասկանալ: «Մի կողմից այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարում է Ադրբեջանի օկուպացված տարածքներում 10 հազար զինծառայողի մասնակցությամբ ռազմական զորավարժությունների մասին, մյուս կողմից նրանց արտգործնախարարը պատրաստվում է մասնակցել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների: Ակամա հարց է առաջանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահներին. իսկ հետո՞»,- ասել է մամուլի քարտուղարը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ