ՀՖՖ հրավերով Երեւան ժամանած իսպանացի անվանի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն այսօր հանդիպեց մարզական լրագրողներին:
Հարցին, թե հնարավո՞ր է ուժեղ հավաքական ունենալ առանց ուժեղ ազգային առաջնության, իսպանացի հանրահայտ մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն պատասխանեց. «Ուժեղ լիգա ունենալը շատ կարեւոր է հավաքականի համար: Իսպանիայում Լա լիգայի մակարդակը շատ ուժեղ է: Վերջին տարիներին միշտ իսպանական թիմերն էին կազմում եվրագավաթների եզրափակիչները եւ հաղթում էին: Այս տարի այդպես չստացվեց, բայց դա չի փոխում գրանցված տվյալները՝ Մադրիդի «Ռեալ», «Բարսելոնա», Մադրիդի «Ատլետիկո», «Դեպորտիվո» ակումբները շատ բանի են հասել եւ դա օգնում է հավաքականին: Վերջին տարիներին Իսպանիայում հանդես էին գալիս Մեսսին եւ Ռոնալդուն; Բայց դա իսպանացի ֆուտբոլիստների համար վատ չէր: Ես կասեի՝ ընդհակառակը: Շատ կարեւոր է դրսում ֆուտբոլիստների հանդես գալը: Մենք տարիներ առաջ ունեինք ֆուտբոլիստներ «Լիվերպուլում», որոնք կորիզն էին կազմում Իսպանիայի հավաքականի: Ունեինք ինը ֆուտբոլիստ «Բարսելոնայից»: Այդ ամենը լավ է, լավ է, որ մի ակումբի շատ ֆուտբոլիստներ լավ են համագործակցում հավաքականում:
Հայաստանի հավաքականին կարեւոր խաղեր են սպասվում սեպտեմբերին եւ նրանից արդեն պետք է պահանջել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ