Մասնագետների շրջանում կարծիքներ կան, որ երեխային դեռ նորածնային տարիքից է պետք սովորեցնել լողալ: Սակայն ծնողների մեծամասնությունն այդպես էլ չի կողմնորոշվում ՝ ամենաարդյունավետը ո՞ր տարիքն է լողի պարապմունքները սկսելու համար:
«Մասնագիտությունը` մայրիկ» շարքի շրջանակում Aravot.am-ի հետ զրույցում «Բեյբի սպա» մասնագիտացված մանկական հիդրոմերսման, մերսման և լողի կենտրոնի մարզիչ Մելիք-Արսեն Հովհաննիսյանը ծնողներին խորհուրդ տվեց՝ ինչքան շուտ երեխային տանեն լողի մարզումների, այնքան լավ. «Լողի համար տարիքային սահմանափակում չկա: Ինչքան շուտ սկսեն հաճախել լողավազան, փոքրիկներին վնաս չկա դրանից, մանավանդ, եթե ջուրը մաքրվում է օզոնով, ոչ թե քլորով: Ջուրն առողջարար է, բոլորս էլ գիտենք: Հատկապես կարգավորում է սիրտ-անոթային համակարգը, մկաններն է կարծրացնում, ոսկորները պնդացնում, երեխայի նյարդերն է հանգստացնում, որից հետո երեխայի քունն ու սնունդը լավանում են»:
Մարզիչը նշեց, որ ավելի վաղ տարիքում երեխաներն ընտելանում են ջրին, ինչը հետագայում օգնում է նրանց ավելի լավ յուրացնել լողի տեխնիկան: Իսկ արդեն 4-5 տարեկանում երեխան հասկանում է, թե ինչ է անում: Ուստի այդ տարիքից երեխայի մոտ կարելի է տեխնիկա զարգացնել, որ նա կարողանա երկար տարածություններ լողալ:
Մեր հարցին՝ երեխաների ի՞նչ առողջական խնդիրներ կարելի է բուժել լողի միջոցով, մարզիչը պատասխանեց. «Եթե երեխան թեթև շնչառական խնդիրներ ունի, մենք շնչառական վարժություններ ենք անում, մկանային կծկումներ են լինում կամ օրինակ, խնդրով երեխաներ, նրանց խնդիրները ջրային վարժությունների միջոցով ուղղում ենք»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են վարվում ծնողները, երբ ձմեռային ամիսներին դադարեցնում են երեխայի լողի պարապմունքները, Մելիք-Արսեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա շատ տարածված սխալներից է: Ծնողները մտածում են՝ ձմեռը երեխան կհիվանդանա, դրա համար դադարեցնում են լողի պարապմունքները: Բայց պետք է հաշվի առնել, որ լողը շարունակական բնույթ ունի, երեխայի օրգանիզմը պետք է կոփվի, դիմադրողականություն ձեռք բերի, ինչը պետք է լինի ամբողջ տարվա ընթացքում: Կարող է լողի հաճախելու առաջին ամիսներին՝ անգամ ամռանը, երեխան սկսի հաճախ հիվանդանալ, բայց դա նորմալ է, քանի որ դիմադրողականություն է ձեռք բերում»:
Մարզիչը խորհուրդ տվեց լողի պարապմունքից մեկ-մեկուկես ժամ առաջ երեխային կերակրել, որպեսզի մինչև լողի պարապմունքը երեխայի օրգանիզմը հասցնի սնունդը մարսել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ