Լրահոս
Օրվա լրահոսը

«Սթափվի՛ր»․ Շիրակի փոխմարզպետը՝ խառնաշփոթ ստեղծած սփյուռքահայ գործարարին (Տեսանյութ)

Հունիս 18,2019 20:30

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Սաստեքս» կարի գործարանում տևական ժամանակ է՝ աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնված․ նրանք գրեթե ամեն օր ներկայանում են աշխատանքի, սակայն ներս անգամ չեն թողնում։ Բողոքի ակցիաները սկսվեցին այն պահից, երբ գործատուն անակնկալի բերեց աշխատողներին՝ ապրիլ ամսվա համար 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձի փոխարեն վճարելով 12 հազար դրամ, 22 հազար դրամ։ Գործարանում ծավալված գրեթե բոլոր իրադարձություններին Շիրակի մարզպետարանից մասնակցել է փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը։ Անգամ այսօր, երբ աշխատակիցներին ներս չէին թողել մտնելու, նրանք անմիջապես ահազանգել էին փոխմարզպետին, որը և վերականգնել էր նրանց ոտնահարված իրավունքը։

Գործարանում ստեղծված իրավիճակի մասին Aravot.am-ը զրուցեց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի հետ։ Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե չի հաջողվո՞ւմ հանդիպել սփյուռքահայ սեփականատեր Քրիստիան Գելիջիի հետ։

-Գործարանում որևէ անգամ գործադուլ չի եղել, աշխատակիցները ցանկացել են գնալ աշխատանքի, իրենց պարզապես ներս չեն թողել, աշխատանքի չեն թողել, դա համարվում է հարկադիր պարապուրդ, ընդ որում ոչ տեխնիկական պատճառներով։ Գործատուն կարող էր իրենց թույլ տալ, սակայն թույլ չի տվել, մեծ հաշվով սա պայմանագրային պարտավորությունների խախտում է, աշխատանքային պայմանագրի խախտում։ Իսկ ինչ վերաբերում է գործատուի հետ հանդիպմանը, նա շփման դուրս չի եկել։ Այնտեղ մի անձ կա, որը պատասխանատու է շինարարության համար, Ներսեսն է, ժամանակ առ ժամանակ մեր հարցերին պատասխանում է, ինչ-որ ընթացք տալիս է, բայց, մեծ հաշվով, ինքը որևէ պարտավորվածություն չունի աշխատողների նկատմամբ, ինքը ներկայացուցիչը չէ գործատուի։

-Այն պայմանները, որոնք այս պահին առաջարկվում են աշխատակիցներին, ինչպե՞ս կբնութագրեք։

-Երևի թե բնութագրենք որպես ճորտատիրական համակարգի դրսևորում, որովհետև այնպիսի բանաձևեր են կիրառում, որոնցով չի ապահովվում նվազագույն աշխատավարձի շեմի պահպանումը։Մարդն, աշխատելով 40 ժամ, կարող է ստանալ հաշվարկային աշխատավարձ՝ 10 հազար դրամ։ Դա նորմա՞լ է, իհարկե, նորմալ չէ։ Համենայնդեպս նվազագույն 55 հազար դրամը պիտի ապահովի գործատուն՝ անկախ այն հանգամանքից ինչ բանաձև է դրված, ինչ բանաձև դրված չէ հաշվարկի հիմքում, 55 հազար դրամը օրենքի պահանջն է։

Ձեր կողմից ուսումնասիրվե՞լ է ներդրումների փաթեթը, որքան տեղյակ ենք, Շվեյցարիայում բնակվող գործարար Վարդան Սրմաքեշն ու սփուռքահայ գործարար Քրիստիան Գելիջին, որոնց ՀՀ կառավարության կողմից Գյումրու հիվանդանոցի ճարտարապետական շենքը տրամադրվել է որպես նվիրատվություն, ամբողջապես չեն կատարել իրենց 12 մլն․դոլար արժեքով ներդրումային ծրագիրը։

– Մարզպետարանին այդ փաթեթը հասանելի չէ, որպեսզի ուսումնասիրի, այդ հարցին չեմ կարող պատասխանել։

-Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում։

Գործատուն պետք է սթափվի և կատարի իր պարտականությունները, հակառակ դեպքում համոզված եմ՝ աշխատողները կոլեկտիվ հայտ կներկայացնեն դատարան։

-Գյումրիում նաև լուրեր են շրջանառվում, թե գործարարը կարի ֆաբրիկան ուզում է հյուրանոցի վերածել, նման տեղեկություններ ձեզ հասե՞լ են։

-Հիմնավոր խոսակցություններ չեն, ասեկոսեների տեսքով ժողովրդի մեջ պտտվում են, բայց ասեմ, որ իրենց ներդրումը կատարվել է աշխատատեղեր ստեղծելու, արտադրանք տալու համար, այսինքն այդտեղ նպատակն արտադրություն ստեղծելն է։ Իրենց ներդրումային փաթեթը թույլ կտա՞ նման հնարավորություն, թե՞ ոչ, ես չեմ կարող պատասխանել, բայց մի նկատառում ասեմ իմ կողմից․ այնտեղ շենք-շինություններն ավելի նման են հյուրանոցայինի, քան արտադրականի։ Արտադրական շենքերն այլ տեսքի են, բարձր են լինում՝ բարձր առաստաղներով, լայն մուտքերով, հարմար պահեստներով։

Փոխմարզպետը զրույցի վերջում նշեց, որ կանգնած է աշխատակիցների կողքին, պարտավորված է զգում նրանց աջակցելու, սակայն իր լիազորությունները սահմանափակ են։ Ըստ նրա, ամենակարևորն այն է, որ կոլեկտիվը լինի միասնական, ամուր և հետևողական, որպեսզի պաշտպանի իր շահերը և պահանջի, որ գործատուն կատարի իր պարտականությունները։ Այդ դեպքում, ըստ Վարդան Գրիգորյանի, թե՛ իր աջակցությունը, թե՛ լրագրողների, որոնք ամեն օր գնում ու աշխատակիցների կողքին կանգնում են, կտա իր արդյունքը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930