ՀՖՖ հրավերով Հայաստանում է իսպանացի աշխարհահռչակ մարզիչ, Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն: Նա սեմինար պարապմունքներ է անցկացնելու հայ մարզիչների համար: Մասնագետն այսօր ՀՖՖ կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում շփվեց մարզական լրագրողների հետ:
Մարզիչն առաջին հերթին շնորհավորեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ազգային հավաքականի՝ Լիխտենշտեյնի եւ Հունաստանի ընտրանիների նկատմամբ տարած երկու անընդմեջ կարեւոր հաղթանակների առիթով, քանի որ դրանք մոտեցրին Եվրո 2020-ի եզրափակչին մասնակցելու երազանքը: Իսկ թե ինչպես եղավ, որ ժամանեց Հայաստան, դել Բոսկեն ասաց, որ իր լավ ընկերները աշխատում են Հայաստանի հավաքականում: Նրանք են հրավիրել եւ Հայաստանի մասին միայն լավ բաներ են պատմել:
Վիսենտե դել Բոսկեն ասաց, որ Հայաստանում ֆուտբոլի իրական առաջընթացի համար շատ բաներ են հարկավոր՝ մարզադաշտեր երեխաների համար, մարզիչները պետք է շրջապատված լինեն լավ մասնագետներով, այդ թվում նաեւ՝ ֆիզպատրաստության: «Իսպանիայում շատ է լինում, որ ֆուտբոլիստները գնում են դուրս՝ աճելու համար: Նույնը վերաբերում է նաեւ մարզիչներին: Հիմա այդ ամենը տեսնում ենք Հայաստանում ու դա շատ լավ է»,-ասաց իսպանացին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ