Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյանը նախկին իշխանության մասին. «Եթե մեզ թվում է, թե նրանք հեռացել են՝ սխալվում ենք»

Հունիս 18,2019 18:25

Այսօր ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր խմբակցության անունից ելույթում ասաց, որ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրման վրա աչք փակել հնարավոր չէ, քանի որ այն հակասահմանադրական է։

Սիմոնյանի խոսքերով՝ եթե ցանկանում են իրենց ընդգծված ցանկալի թեկնածուին ընտրեն ինչ-որ պաշտոնում, պետք է խիստ հաշվարկով մոտենան՝ հասկանալու որ դատական համակարգն այլ համակարգ է, Սահմանադրական դատարանին առաջադրվող պահանջներն՝ այլ, ընտրության ճանապարհն՝ այլ. «Եթե տեսնում էիք, որ Սահմանադրականության հետ կապված խնդիր կա, դուք քաղաքական մեծամասնություն եք, կարող էիք օրենքում փոփոխություն կատարել»: Սիմոնյանն ասաց՝ եթե գտնում էին սահմանադրականության խնդիր կա, ապա տանեին ՍԴ. «Բայց անտեսել այս պահանջը եւ առանց դրա գնալ քաղաքական որոշման, մեր կարծիքով լավագույն ճանապարհը չէ դեպի իրավական պետության»:

Տարոն Սիմոնյանն ասաց, որ կարելի էր սպասել մեկ տարի եւ կա համապատասխան հնարավորություն հաջորդ տարի ներկայացնել թեկնածու՝ առանց օրենքի խախտման. «Բոլոր տարբերակներից ընտրվել է վատագույնը, եւ ինչքան էլ պարոն Գրիգորյանի մասնագիտական ունակությունները, նրա անձը եւ նրա անցած ճանապարհը գնահատենք, ես եւ իմ գործընկերների շատերը չեմ կարող անտեսել օրենքի պահանջը: Ես էլ. Եմ ընտրում վաղը, իմ գործընկերներն էլ են ընտրում վաղը»:

Մինչ Տարոն Սիմոնյանի ելույթը, նույն խմբակցությունից Արման Բաբաջանյանը Վահե Գրիգորյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց, որ այսօրվա քվեարկությունից է կախված լինելու ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների ընթացքն ու ճակատագիրը. «Միեւնույն ժամանակ պետք է արձանագրել, որ դատական համակարգում ստեղծված այս իրավիճակը իշխող ուժի մեկամյա անգործության եւ արխայնության հետեւանք է»:

Բաբաջանյանի խոսքերով. «Այսօր այս Ազգային ժողովի, մեր բոլորի պարտականությունն է ավելի քան 20 տարի առաջ մեր երկրում բույն դրած քրեաօլիգարխիկ համակարգին սպասարկող դատական իշխանություն կոչվող որջը վերադարձնել ժողովրդին եւ ամեն ինչ անել, որ դատական իշխանությունը որոշումները կայացնի հանուն Հայաստանի հանրապետության»:

Հայաստանը, ինչպես ասաց Բաբաջանյանն, այսօր գտնվում է դատաիրավական արմատական բարեփոխումների անհրաժեշտության առջեւ, հայտարարվել է դատական իշխանությունը վեթինգի ճանապարհով զտելու կամ ատեստացիայի ենթարկելու ու դատաիրավական համակարգը վիրահատական միջոցով առողջացնելու անհրաժեշտության մասին. «Հայտարարվել է այն բանից հետո, երբ առանձին վերցրած մեկ դատական գործով ի ցույց դրվեց Հայաստանի դատական համակարգի ճղճիմ եւ կախյալ վիճակը, դատարանների՝ ամենատարբեր ազդեցություններին տուրք տալու երեւույթը: Հեղափոխությունից մեկ տարի անց մեր երկրի ինքնիշխանությունը նսեմացրած քրեաօլիգարխիկ համակարգի կնքահայրը ապացուցեց, որ ի զորու է ազդել ՀՀ դատարանների վրա։ Այդ մեղադրյալը շարունակում է դա ապացուցել նաեւ այսօր՝ դատարանում ցուցաբերելով ցինիզմի հասնող ինքնավստահություն՝ առնվազն տեսանելի մակարդակում բարոյական եւ հոգեբանական ճնշում գործադրելով դատարանի վրա: Եվ ահա այս պայմաններում մենք ընտրում ենք Սահմանադրական դատարանի դատավոր, որն իր լիազորությունների սահմաններում կոչված է հակազդել դատական համակարգում Ռոբերտ Քոչարյանի կնքահայրությամբ հաստատված եւ Սերժ Սարգսյանի կողմից խորացված անարխիայի տարածմանը: Այս քվեարկությունն ինձ համար երկրում ստեղծված ընդհանուր համատեքստից բխող քայլ է, եւ ուրեմն այս քննարկումն ու քվեարկությունը ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական, ամբողջությամբ քաղաքական ակտ է: Հետեւաբար, մեր դրդապատճառներն ու եզրահանգումները նույնպես պետք է ունենան քաղաքական բովանդակություն եւ հիմնավորում: Մինչեւ վերջ ազնիվ լինեմ՝ այս հարցն ինձ համար արժանապատվության, իմ քաղաքական հավատամքին եւ ինքնությանը վերաբերող հարց է»:

Բաբաջանյանը հիշեցրեց 2013 թվականի սեպտեմբերի 4-ը. «Երբ նախորդող շրջադարձային հայտնի գիշերից հետո մարդակերների իշխանությունը որոշեց ամեն գնով իր իշխանությունը երկարաձգող օրակարգ պարտադրել բոլորիս՝ Սերժ Սարգսյանն այդ օրն ազդարարեց սահմանադրական փոփոխությունների մասին: Եթե մեզանից ոմանց թվում է, թե այդ իշխանությունը մեզանից իսպառ հեռացել է՝ մենք մոլորության մեջ ենք եւ սխալվում ենք: Այսօրվա ընտրությունն ընդամենը հնարավորություն է թույլ չտալու, որ այդ իշխանության պարագլուխներն ու նրանց նորելուկ արբանյակները վերադարձի հնարավորություն կամ հույս ունենան»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930