Սննդի եւ հագուստի առեւտրի մի շարք կետերում աշխատակիցների համար անտանելի պայմաններ են. աշխատում են 12 ժամ՝ ոտքի վրա, ընդմիջում են անում 15 րոպե, միմյանց հետ խոսելու կամ մի քանի րոպեով նստելու դեպքում աշխատանքից հեռացվում են: Այսպիսի խնդիրներ են հայտնաբերել «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» ՀԿ-ի մասնագետները՝ ուսումնասիրելով մի քանի խոշոր առեւտրի կետերի աշխատողների աշխատանքային պայմանները: Որպես թիրախ ընտրվել են մասնավորապես՝ ցանցային մի քանի հանրությանը հայտնի սուպերմարքեթներ, խանութներ, որոնցում առավել շատ աշխատողներ են ներգրավված։
«Աշխատողների իրավունքների պաշտպանության մոնիթորինգ» ծրագրի հետազոտության մեթոդաբան եւ վերլուծաբան Լիլիթ Ավդալյանն այսօր ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները: Նրա խոսքով, առեւտրի շատ կետերում աշխատակիցների ընդմիջման պայմանները հակասանիտարական են, քանի որ գտնվում են անմիջապես զուգարանի կողքին, որտեղ հաճախ տեղադրված են նաեւ մեծ աղբարկղեր: Ծրագրի մասնագետների հետ զրույցում աշխատակիցները կարծիք են հայտնել, որ խանութի ղեկավարությունը միտումնավոր է այդպես վարվում, որպեսզի աշխատակիցը քիչ ժամանակ այդտեղ անցկացնի. «Նախ՝ գրեթե բոլոր խանութներում, բացառությամբ մի քանիսի, թույլ չեն տալիս լքել տարածքը, աշխատանքային ժամերը հասնում են 12 ժամի, ընդմիջումը լինում է 15 րոպե»:
Լիլիթ Ավդալյանի համոզմամբ, խնդիրը համակարգային է եւ պետության կողմից անվերահսկելիությունն է բերում այսպիսի իրավիճակի: Նրա խոսքով, աշխատակիցների սնվելու պայմաններին առնչվող հարցերը սանէպիդ ծառայության խնդիրն է, եթե պահեստը փոշու մեջ կորած է, ինչպես որ պատմում են աշխատակիցները, եւ ՀՀ Աշխատանքի տեսչությունը լիազորություններ չունի որեւէ բան անելու, ապա այդ հարցով պետք է մեկ այլ պետական մարմին զբաղվի:
Ուսումնասիրությունը նաեւ պարզել է, որ այդ վաճառակետերում ու խանութներում աշխատակիցները տարվա կտրվածքով չունեն հանգստի իրավունք: Ըստ Լիլիթ Ավդալյանի, եթե լոկալ առեւտրի կետերի դեպքում վճարվող արձակուրդ ընդհանրապես չունեն եւ խնդրել-աղաչելով են գործատուից մի քանի օրով հանգստի իրավունք ստանում, ապա առեւտրի ցանցերի դեպքում 5-7 օրով հաջողացնում են գնալ վճարվող արձակուրդ, ինչը համարում են լավ, որովհետեւ տեղյակ չեն իրենց իրավունքներից. «Լինում են դեպքեր, երբ աշխատակիցներին, բառի բոլոր իմաստներով, նվաստացնում են, թե՜ հաճախորդները թե՜ գործատուները՝ հաճախորդների ներկայությամբ: Եվ դրանից հետո ինքն անգամ իրավունք չունի իրեն պաշտպանելու, իրեն վիրավորելուց հետո պետք է ներողություն խնդրի, որովհետեւ՝ հաճախորդը միշտ ճիշտ է»: Նրա խոսքով, արական սեռի աշխատակիցներին աշխատանքային պայմանավորվածությունից դուրս կրկին գործի են դնում. «Երբ խանութը մեծ քանակությամբ ապրանք է ստանում՝ տղամարդ աշխատակիցներին պարտադրում են ողջ գիշեր ապրանքը կրել,ինչը նրանց ոչ աշխատանքային պայմանագրի մեջ է մտնում, ոչ՝գրաֆիկի եւ ֆիզիկական ծանր աշխատանք է»:
Մարդու իրավունքների միջազգային հանրություն» ՀԿ-ի նախագահ Բելա Շիքարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ . առեւտրի ցանցերում աշխատողները 12 ժամ ոտքի վրա կանգնած են անցկացնում եւ անգամ միմյանց հետ խոսելու կամ մի քանի րոպեով նստելու համար աշխատանքից հեռացվում են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ