Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով լրագրող կանչի, թող անիծվի»․ Գյումրու «Սաստեքս»-ում նոր սկանդալ է

Հունիս 18,2019 17:40

Գյումրու «Սաստեքս» գործարանում, որտեղ մոտ մեկ ամիս է՝ աշխատակիցներին հարկադիր պարապուրդի են մատնել (այստեղ ծանրաբեռնված, մեծ ժամաքանակով աշխատանքի դիմաց չեն պատրաստվում վճարել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձը՝ 55 հազար դրամը), այսօր նոր պատմություն է ծավալվել։ Գործարանի մի քանի՝ 5-6 աշխատակցի կանչել են աշխատանքի, իսկ մյուսներին, որոնք ըմբոստացել են առաջարկվող պայմաններից, դիմել լրատվամիջոցներին, նրանց գործարան ներս չեն թողել։

Աշխատակիցներից մի քանիսը Aravot.am-ի հետ զրույցում ասացին․ «Մենք ամեն օր 8․30 աշխատավայրում ենք՝ անկախ նրանից` մեզ թողնում են, թե չեն թողնում, մենք գնում ենք։ Այսօր տեսանք, որ երրորդ հարկի լույսերը վառվում են, դա նշանակում է, մեքենաներն աշխատում են։ Պարզվում է մի քանի հոգու զանգել, կանչել են աշխատանքի, իսկ ովքեր այս ընթացքում ըմբոստացել են, չեն համաձայնել իրենց տված 10, 12, 22 հազար դրամ աշխատավարձ ստանալու պայմանին, այլևս ներս չեն թողնում։ Մեծամասնությունը դրսում էր։ Փաստորեն աշխատանքի են կանչել նրանց, որոնք մեզ քննադատում էին, ասում էին՝ սխալ ենք արել, չպիտի բարձրաձայնեիք խնդիրը, լրատվամիջոցներին չպիտի կանչեինք։ Երեկ մեզ ասվեց, որ կբացվի մի հոսք, կկանչեն այն մարդկանց, որոնց գործարանի ղեկավարությունն է ուզում։ Իրենք մի քանիսին ներս թողնելով, մյուսների դիմաց դռները փակելով՝ ամեն ինչ անում են կոլեկտիվը պառակտելու, եթե համախմբված լինեք, դա իրենց համար մեծ վտանգ է։ Բնականաբար, մեզ՝ լրատվամիջոցներով խոսացողներս, պիտի դուրս մնայինք, որպեսզի մեծ աղմուկ չլինի, շատ չերևա, թե մեզ կրճատում են հարցազրույց տալու համար, էս ճանապարհով քիչ-քիչ մեզ ազատում են »։

Նրանք նաև ասացին, որ կարի ֆաբրիկա ուսումնասիրությունների եկած առողջապահական ու տեսչական մարմնից դեռ լուր չունեն, չգիտեն ինչ են ֆիքսել։

«Փոխմարզպետ պարոն Վարդան Գրիգորյանին ենք ահազանգել, նա եկավ, մեզ ուղեկցեց գործարան, եթե չգար, չէին թողնի ներս։ Ասացին՝ գնացեք, ջուր չկա, շինարարություն ենք անում, ուրբաթ օրը կգաք, 8․30-ից կսկսեք աշխատել ձեր հին պայմանագրով։ Նորից գործարքային աշխատավարձից են խոսում, ցանկություն չեն հայտնում նվազագույն աշխատավարձը պահելու։

Ոչ մեկը չի կարող ազդել սեփականատեր Քրիստիան Գելիջիի վրա, որ գոնե գա, ներկայանա, աշխատողներին ասի՝ գիտեք ինչ կա, մարդ եմ էլի, սխալվել եմ, խնդիրներն էլ կան, մեկս մյուսիս հասկանանք։ Ամեն հարցով շինարարության գծով պատասխանատու Ներսես Տաշչյանն է մեզ պատասխանում, որը հեչ կապ չունի մեր հարցերի հետ, էսօր էլ ասում էր՝ ով լրագրող կանչի, թող անիծվի, տեսեք հայհոյանք կդնեմ։

Քիչ է ապրիլ ամսվա աշխատավարձը կիսատ ենք ստացել, այսօր հունիսի 18-ն է, մայիսի համար չենք էլ վարձատրվել։ Ու չգիտենք էլ երբ կլինի, Ներսես Տաշչյանն ամեն անգամ ասում է՝ էսօր իրիկուն կլինի, էսօր իրիկուն․․․ Մենք պայքարելու ենք, որ Քրիստիան Գելիջիի ասած գործարքային աշխատավարձը գումարվի Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձին, ոչ թե 10 հազար դրամ տա ու ասի, էսպես պետք է լինի։

Մենք էնքան կպայքարենք, մինչև ինքը հաշվի նստի մեզ հետ, ասի՝ ես ներդրում եմ արել Հայաստանի Հանրապետությունում, ես պարտավորված եմ հարգել Հայաստանի Հանրապետության օրենքները։ Մեզ մոտ ավելի շատ ձեռքի աշխատանք է, մեքենաները նորմալ վիճակում չեն, եթե էդքանի հետ տալիս ենք և՛ որակ, և՛ քանակ, ուրեմն բռավո մեր գյումրեցի կանանց»։

Աշխատակիցներին անգամ լուրեր են հասել, թե պարոն Քրիստիան Գելիջին ուզում է փակել գործարանը։

Թեմայի շուրջ պարզաբանումներ ենք ստացել նաև Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանից։

Այն կներկայացնենք քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930