Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյանը հայտարարեց՝ 4-րդ նախագահն ընտրված է. «Եթե ես ընտրվեմ ՍԴ դատավոր, լինելու են որոշումներ, որոնց հետ ես կարող է համաձայն չլինեմ»

Հունիս 18,2019 17:08

Այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավորը դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին հիշեցրել է նրա՝ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ոչ լեգիտիմության մասին հայտարարությունը, նշելով. «Եթե դուք մի սուբյեկտի համարում եք ոչ լեգիտիմ, իմ կարծիքով՝ բարոյական չէ այդ ոչ լեգիտիմ սուբյեկտի կողմից առաջադրվելը եւ ամեն գնով ՍԴ-ի հաստիքը ծանրաբեռնելը»:

Վահե Գրիգորյանն անդրադարձավ Պետրոսյանի ելույթին. «Ես այս կապակցությամբ հանդես եմ եկել հարցազրույցներով այն ժամանակ, երբ դեռ 4-րդ նախագահն ընտրված չէր, նախագահի ընտրությանն ընդառաջ. «Իմ մասնագիտական վերլուծությունով ասել եմ, որ 4-րդ նախագահին պետք է ընտրեր ՀՀ քաղաքացին, եւ հիմնավորել եմ, եւ իմ հիմնավորումների վերաբերյալ չեմ լսել որեւէ հիմնավոր հակափաստարկ։ Այնուհետեւ 4-րդ նախագահն ընտրվեց Ազգային ժողովի կողմից, այդ ընտրությունը ճանաչվել է: Նախագահի ընտրությունից հետո տեղի են ունեցել իրավաքաղաքական լրջագույն գործընթացներ, որոնցից մեկը խորհրդարանական մոդելի տեղափոխումն էր 4-րդ նախագահի երդմնակալության պահից։ Ինձ՝ որպես ՍԴ դատավորի թեկնածուի՝ այստեղ կանգնած, չի կարող հարց ուղղվել՝ ճանաչո՞ւմ ես լեգիտիմությունը, թե՝ ոչ: Դա քաղաքական հարցադրում է։ Բոլոր նրանք, որոնք տվայտվում էին իմ քաղաքական հայտարարություններ կատարելու խնդրից, պիտի իմանան՝ ինձ չի կարելի տալ նման հարցադրումներ, որովհետեւ դրա պատասխանը՝ քաղաքական է, ինձ կարելի է հարցնել որպես թեկնածու՝ արդյոք 4-րդ նախագահն ընտրվա՞ծ է, արդյոք ՀՀ-ն ունի 4-րդ նախագահ եւ դրա պատասխանը միանշանակ՝ այո է։ Բոլոր նրանք, ովքեր համոզված են, որ Հայաստանի հանրապետությունը չունի 4-րդ նախագահ, ոչ միայն չեն պատկերացնում իրավական անվտանգության հետեւանքները, այլեւ պատկերացում անգամ չունեն, թե ինչպես է շատ հեշտությամբ իրավական անվտանգության գիծը սղվում եւ դառնում ազգային անվտանգության խնդիր»:

Ապա Գրիգորյանը պարզաբանեց, թե ինչպես է իր դիտարկումները տեղավորվում այն մտքերում, երբ ինչ-որ ժամանակ հիմնավորել է, որ 4-րդ նախագահին պիտի ՀՀ քաղաքացիներն ընտրեին եւ այլն, ու հիմա ասում է 4-րդ նախագահն ընտրվել է ու հարցը վերջնականապես փակված է. «Հարգելիներս, մեր կյանքում մենք բազում բաների հետ համաձայն չենք լինում: Եթե ես ընտրվեմ սահմանադրական դատարանի դատավոր, լինելու են բազմաթիվ որոշումներ, որոնց հետ ես կարող է համաձայն չլինեմ, եւ լինելու եմ փոքրամասնության մեջ, եւ ունենալու եմ իմ հատուկ կարծիքը: Բայց դա չի նշանակում, որ ես չեմ ճանաչելու այդ մեծամասնության կայացրած որոշումը որպես Սահմանադրական դատարանի ակտ: Դա ոչ միայն չի նշանակում, որ ես չեմ ճանաչելու, այլ հակառակն է անտրամաբանական, հակառակը՝ հակաիրավական, հակաքաղաքական»:

Վահե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց իր հասցեին շռայլած դրական կարծիքների համար, նկատելով՝ դրանց մեծ մասը չափազանցություն է, նա շնորհակալություն հայտնեց նաեւ քննադատությունների համար:

Նշենք, Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 99 պատգամավոր, դեմ՝ 22 պատգամավոր։

Քվեարկությանը մասնակցել է 132 պատգամավորներից 122-ը։

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունն ՀՀ նախագահն առաջադրեց այն բանից հետո, երբ 7-րդ գումարման ԱԺ-ն ՍԴ դատավորի համար նախագահի առաջադրած թեկնածուներ Գոռ Հովհաննիսյանին եւ Արթուր Վաղարշյանին չընտրեց: Իսկ 6-րդ գումարման ԱԺ-ում, անցած տարի հոկտեմբերին, Վահե Գրիգորյանը չընտրվեց որպես Սահմանադրական դատարանի դատավոր:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Վերջապես։ Վահե Գրիգորյան – առաջին ծիծեռնակ։ Ինչքան արժանի մարդիկ կան մեր երկրում, որոնք իհայտ եկան այս թոհուբոհի մեջ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930