Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տեսանք՝ պաշտպանների «ֆայմը» չի հասնում, նման միջնորդություն մենք ենք ներկայացնում». դատախազը՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր բժշկական փորձաքննություն նշանակելու մասին

Հունիս 18,2019 16:33

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում անցկացվեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Նիստին այսօր մեղադրող կողմը միջնորդություն ներկայացրեց նոր բժշկական փորձաքննություն նշանակել, որը կտա մի շարք հարցերի պատասխաններ։ Օրինակ, թե Մանվել Գրիգորյանն ինչ հիվանդություններ ունի, կալանքը համատեղելի՞ է կյանքի հետ, թե՞ ոչ։ Այս խոսքերը լսելով՝ Նազիկ Ամիրյանը քմծիծաղ տվեց։

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն ասաց, որ դա բխում է Մանվել Գրիգորյանի շահերից: Նա նշեց. «Մենք ցույց ենք տալիս, որ պետությունը՝ ի դեմս դատախազության, մտահոգված է յուրաքանչյուր կալանավորված անձի առողջական վիճակով: Դա փաստում է ևս մեկ անգամ, որ անհիմն էին մտահոգությունները, թե դատախազությանը չի հետաքրքրում՝ արդյոք Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի դինամիկան ինչպես է ընթանում»:

Ի պատասխան Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց. «Դատարանի թույլ տալը այս դատական նիստում միջնորդություն ներկայացնելու հրապարակումն իրավաչափ չէ: Անձը չի գտնվում դատական գործընթացում, և դատական նիստը ենթակա է հետաձգման: Հաջորդ նիստին Գրիգորյանը գալու է դատական նիստին. նա չի լսել, ուստի նույն բանը նորից պիտի ասել: Դատարանը չպետք է վերցնի այս միջնորդությունը, եթե հաջորդ դատական նիստին կապահովվի բոլորի ներկայությունը, պետք է նորից ներկայացնեք»:

Պաշտպանը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, ասաց. «Մարդն ուղղակի չի կարողանում տեղաշարժվել, նրան խոշտանգում են: Ուստի նման դեպքում խոսել դատախազության պոզիտիվ պարտականությունների մասին, որ անձը պետք է բուժվի, ընդամենը ԶԼՄ-ների համար է»:

Ըստ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի՝ փորձ է կատարվում շեղել այն հիմնական պատճառից, որով Մանվել Գրիգորյանը պահվում է կալանքի տակ:

Վահե Դոլմազյանն արձագանքեց. «Կալանքի հարցը բազմիցս քննարկվել է: Պաշտպանները կարող էին մինչև գործը դատարան ուղարկելը համապատասխան միջնորդություն ներկայացնել, կարող էին մինչև, ըստ էության, գործի քննությանն անցնելը նման միջնորդություն ներկայացնել: Խափանման միջոցի հարցը քննարկելիս մենք միշտ ասել ենք, որ այդ հարցը կարող է լուծում ստանալ փորձագիտական ճանապարհով, բայց ժողովրդի լեզվով ասած՝ տեսանք պաշտպանների «ֆայմը» չի հասնում, նման միջնորդություն մենք ենք ներկայացնում»:

Այս արտահայտությունից հետո պաշտպանները վրդովվեցին, և լեզվակռիվ սկսվեց երկու կողմերի միջև: Նախագահող դատավորը դատախազին խնդրեց կոռեկտ լինել: Դատական նիստը հետաձգվեց:

Նախագահող դատավորն ասաց՝ կարծիք հայտնելու հնարավորություն ընձեռելու նպատակով դատարանը փորձաքննության հարցի քննությունը հետաձգում է: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 25-ին՝ ժամը 12.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930