Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյանի պատասխանը Հրանուշ Հակոբյանի մասին հարցին. «Եկեք ապագային նայենք»

Հունիս 18,2019 16:18

Aravot.am-ի զրուցակիցն է սփյուռքի գործերով ՀՀ վարչապետի նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանը

Ի՞նչ կարող էր անել Հրանուշ Հակոբյանը, որ չարեց, Դուք իր հետ աշխատել եք, մտերիմ եք եղել, ինչպե՞ս կգնահատեք իր աշխատանքը`Aravot.am-ի հարցին, Գլենդելի նախկին քաղաքապետ, սփյուռքի գործերով ՀՀ վարչապետի նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր այսպես պատասխանեց. «Այդ մասին չէի ցանկանա խոսել»: Շարունակեցինք`դրական ոչինչ չարե՞ց նախկին նախարարը, Զարեհ Սինանյանը պատասխանեց. «Եկեք ապագային նայենք»:

Նորանշանակ հանձնակատարն այսօր մասնակցում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:

Զարեհ Սինանյանն անդրադարձավ նաեւ Սփյուռքի նախարարության կրճատման առիթով հնչած քննադատություններին եւ իր նշանակման առիթով հնչած քննադատություններին: «Ի՞նչ էր անում նախարարությունը, որ հանձնակատարի գրասենյակը չի կարող: Այդ գործն անելու ենք բազում անգամներ լավ, քան նախարարությունն է արել»: Ըստ նրա, նախարարությունն այնպիսի աշխատանք չի տարել, որպեսզի լուրջ լուծումներ գտնվեն, խնդիր է եղել` «սփյուռքահայերին մի քիչ գոհ պահենք»:

Զարեհ Սինանյանն ասաց, որ շատ նորմալ է վերաբերվում իր նշանակման առիթով հնչած քննադատություններին: Դրանք համարում է «օդի մեջ, անհեթեթ»: Ասում է`բոլոր հարցերն իրենց պատասխաններն ունեն`բոլոր համայնքների հետ ինքը շատ է շփվել, մանավանդ, իրանահայերի, քանզի լոսանջելեսահայերը մեծամասամբ իրանահայեր են: Վերջերս նաեւ ռուսական սփյուռքի հետ է սերտ շփումներ ունեցել:

Իր առջեւ դրված թիվ մեկ, երկու եւ երեք խնդիրները հարցրեցինք որոնք են, որոնցով պատրաստվում է առաջնային զբաղվել: Ասաց. «Սփյուռքին ավելի լավ հասկանալ եւ ճանաչել, գնալ տեղում հասկանալ, ծանոթանալ»: Զարեհ Սինանյանը չհամաձայնեց դիտարկմանը, որ նախկինում էլ էր այդ խնդիրը դրված: Ասում է` պետք է հասկանալ ի՞նչ է սփյուռքը եւ դրա արդյունքում ոչ էպիզոդիկ ծրագրեր անել, այդ թվում նաեւ ներգաղթի ապահովման:

Հիշեցինք, որ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն ԱՄՆ այցելությունից հետո հայտարարել էր, որ 100 ընտանիք պատրաստ են բնակարանները վաճառել եւ Հայաստան վերադառնալ եւ հետաքրքրվեցինք`քանիսն, ի վերջո, վերադարձան: Զարեհ Սինանյանը պատասխանեց, որ թվեր ասել չի կարող, բայց ներգաղթ հաստատ եղել է. «Բեռնափոխադրող ընկերությունների հետ կարող եմ կապել, նրանք հստակ թվեր կտան»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում՝ Հրանուշ Հակոբյանի եւ Զարեհ Սինանյանի հանդիպումը 2013-ին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930