Դիլիջանում հունիսի 7-9-ն անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցները շարունակում են իրենց տպավորություններն ու շնորհակալությունը փոխանցել՝ Հայաստանում նման բարձրակարգ միջոցառում կազմակերպելու համար:
Համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Սիմենս» ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան «Լինկդին»-ի իր էջում գրել է, որ «Մտքերի գագաթնաժողով»-ի նպատակն է դրանից հեռանալ՝ ունենալով նոր ընկեր, նոր գաղափար և նոր նախագիծ. «Ես կարողացա հասնել այս երեքին էլ: Ինչպես նախագահ Արմեն Սարգսյանն ամփոփեց իր եզրափակիչ ելույթում՝ քվանտային աշխարհը, որում ապրում ենք, չափազանց բարդ է, փոփոխական, մարտահրավերներով լի, բայց, միևնույն ժամանակ, չափազանց հետաքրքիր: Լիովին համաձայն եմ: Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Արմեն Սարգսյանին, տիկին Նունե Սարգսյանին և Հայաստանի հիասքանչ ժողովրդին, ում հանդիպեցի: Ձեր շռայլ հյուրընկալությունը, բարությունն ու մարդասիրությունը Հայաստանը դարձնում են այն հրաշալի վայրը, որը կա: Հեռանում եմ ՝ սպասելով Մտքերի հայկական հաջորդ գագաթնաժողովին»:
Ժնևի Վեբսթերի համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Ինճիկյանը նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհակալական նամակում մասնավորապես գրում է. ««Մտքերի գագաթնաժողով»-ը Հայաստանում անցկացնելու Ձեր հեռատես որոշումը՝ ուղղված աշխարհի ու, մասնավորապես, Հայաստանի համար ավելի լավ լուծումների հայտնաբերմանը, մեծ հաջողություն ունեցավ և ամուր հիմք դրեց մեր սիրելի երկրում հետագա նման հանդիպումների համար: Ինձ համար պատիվ կլինի աջակցելու Ձեզ այս և այլ նախաձեռնություններում, որոնք թույլ կտան կայուն հիմքի վրա հասնել Հայաստանի հաջող զարգացմանը»:
«Startup Armenia» հիմնադրամի բիզնես զարգացման տնօրեն Հովհաննես Երիցյանը «Լինկդին»-ի իր էջում գրել է. «Մոտիվացիան և ոգեշնչումն այնպիսի բաներ են, որոնք ժամանակակից աշխարհում ամենաշատն են պակասում: Սա անհերքելի ճշմարտություն է, բայց ոչ այն պարագայում, երբ «Մտքերի գագաթնաժողով»-ում ես: Գագաթնաժողովի 48 ժամերը դարձան այնպիսին, որ մասնակիցներից շատերը դրանք տարիներ շարունակ մտքում կպահեն,-գրել է նա:-Նախագահ Արմեն Սարգսյանին հաջողվում է մեկ հարկի տակ հավաքել անձանց, ովքեր կարող են աջակցել, կրթել և, ինչն ամենակարևորն է, ոգեշնչել: Մեծ գործ չէ միասին հավաքել բարձրորակ մասնագետների, բայց հսկայական գործ է այդ մարդկանց ստիպել մտածել և գործել որպես համակարգ»:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ