Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. «Եթե դուք մի սուբյեկտի համարում եք ոչ լեգիտիմ, բարոյական չէ այդ ոչ լեգիտիմ սուբյեկտի կողմից առաջադրվելը»

Հունիս 18,2019 15:52

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այսօր ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում հիշեցրեց՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն հայտարարել է՝ իրենց խմբակցության անդամներն ազատ են ՍԴ անդամի ընտրության քվեարկության ժամանակ:

Նշենք, ՀՀ նախագահն ՍԴ դատավորի անդամի թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին:

Պետրոսյանն իր ելույթում անդրադառնալով Գրիգորյանի՝ «ՍԴ-ն քաղաքական մարմին է» դիրքորոշմանն, ասաց, որ Վահե Գրիգորյանը մի քանի անգամ հասցրել է հանդես գալ այն պնդումով, որ ՍԴ դատավորի ընտրությունը քաղաքական է. «Ինձ թվում է՝ շատ լավ հասկանում եք, թե ինչ վտանգավոր էլեմենտ է պարունակում ձեր պնդումը։ Դուք արդարադատությունն ուզում եք փոխել, անցումային դարձել, այսինքն՝ ձեր նպատակը անկախ դատական համակարգ ապահովելն է: Հիմա այս ցանկությամբ ո՞նց եք պատկերացնում, որ ՍԴ-ն քաղաքական կոմպոնենտով ձեւավորվի»:

Ըստ Պետրոսյանի, Գրիգորյանը մի ձեռքով ասում է՝ անկախ դատարան ենք ուզում, եղածները իշխանության կրունկի տակ են, մյուս ձեռքով՝ քաղաքական ազդեցությունը պահպանենք. «Պարզ չի՞, եթե ՍԴ անդամը՝ լինեք դուք կամ որեւէ մեկը՝ անձերից վերանանք, եթե նա ընտրվել է քաղաքական շարժառիթներից, քաղաքական խողովակներով, նա չի կարող չծառայել քաղաքական ուժին»:

Պետրոսյանի խոսքերով՝ Վահե Գրիգորյանը որպես իր ապագա պաշտոնավարման ընթացքում անկախության երաշխիք նշում է, որ պոտենցիալ «ճնշողների» հետ ծանոթացել է ոչ թե խաշի եւ խորովածի սեղանին, այլ՝ բանտում, մեկը մեկին՝ օգնել է. «Բա եղբայր, էդ որ հանկարծ ձեզ օգնած մարդը բանտային պայմաններում ձեզանից աջակցություն հայցի, ո՞նց եք բանտային օրերի վառ հիշողություններն անտեսելու: Մի՞թե այն թեկնածուները, որոնք ինչ-որ իմաստով տապալվեցին, նրանց թերությունն այն էր, որ բանտում չեն գտնվել, թե՞ ինքը ակնկալում եք, որ պետք է կարեւորենք ոչ թե բանտային անցյալը, այլ մասնագիտական ունակությունները, փորձը սահմանադրական իրավունքի եւ իրավագիտության ոլորտում, ձեր ունեցած ներդրումները»։

Անդրադառնալով Գրիգորյանի արած այն հայտարարությանը, թե ՀՀ նախագահը լեգիտիմ չէ, Պետրոսյանն ասաց. «Բա որ լեգիտիմ չի, դուք այստեղ ի՞նչ եք անում, մենք ի՞նչ ենք անում այստեղ: Իսկ կարո՞ղ է հանկարծ մի օր նախագահը որոշի դիմել ՍԴ եւ դուք էլ այդ համոզմունքով ասեք՝ «ոչ լեգիտիմ նախագահ եք, Ձեր դիմումը չեմ քննում։ Փոխանակ փորձեք խմբագրել ձեր ասածը՝ հանուն ճշմարտության, հլը մի հատ էլ շուռ եք գալիս, ասում, չէ, որ տենց լիներ, ուրեմն ԱԺ-ն էլ լեգիտիմ չի: Բա մենք ի՞նչ ենք անում այստեղ, պարապ ենք մնացել, եկել ինքնահիացմա՞մբ ենք զբաղված: Ես ձեզ բարոյական դասեր տալու իրավունք չունեմ, իրավունք ունեմ մի բան ասել՝ կյանքում չանտեսեք բարոյական կողմը: Եվ եթե դուք մի սուբյեկտի համարում եք ոչ լեգիտիմ, իմ կարծիքով՝ բարոյական չէ այդ ոչ լեգիտիմ սուբյեկտի կողմից առաջադրվելը եւ ամեն գնով ՍԴ-ի հաստիքը ծանրաբեռնելը»:

Բացի այս, Պետրոսյանը նաեւ ասաց, որ Վահե Գրիգորյանը շատ անհաջող է սրամտել, երբ ասել է, որ «գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է»։

Պետրոսյանի խոսքերով. «Ես չեմ ուզում հարցնեմ բռնաբարողն ով է եղել, բռնաբարվողն՝ ով, բայց եթե այդպես է, ինչո՞ւ եք հայտնվել այդ բռնաբարված ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին եւ ուզում եք այդ ուսերով հանգրվանել ՍԴ-ում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930