Լրահոս
Օրվա լրահոսը

Հիբրիդային պատերազմի հայկական ճակատի պրոքսիները

Հունիս 18,2019 22:00

«Եվ սա արդեն իսկապես ազգային անվտանգության խնդիր է, պարոն Վանեցյան, այսինքն՝ հիբրիդային պատերազմ են վարում էդ մարդիկ կոնկրետ Հայաստանի Հանրապետության դեմ, եւ էդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի են», – հունիսի 6-ի կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աննախադեպ տեղեկատվական մանիպուլյացիաների ճնշման ներքո հայտնված հասարակությունը հիբրիդային պատերազմի մասին, մեղմ ասած, շատ «հիբրիդային» պատկերացումներ ունի մեծ մասամբ, այսինքն «մոտավորապես» պատկերացումներ, եւ այդ եզրույթը վերածվել է մի աղբարկղի, որտեղ գցում են միջին վիճակագրական քաղաքացու համար այն բոլոր տհաճ եւ դժվար ընկալելի երեւույթները, որոնք եկել են մեր կյանք տեղեկատվական հեղափոխությանը զուգընթաց։

Մինչդեռ հիբրիդային պատերազմն ունի շատ հստակ սահմանում, որը լավագույնս ձեւակերպել է ուկրաինացի հայտնի քաղաքագետ Եվգենի Մագդան, ում երկիրը դարձավ հիբրիդային պատերազմի եւ հիբրիդային ագրեսիայի զոհ՝ սկսած 2014-ից. «Հիբրրիդային պատերազմը՝ վաղօրոք նախապատրաստված եւ օպերատիվ կերպով իրականացված ռազմական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական գործողությունների համակցություն է, ուղղված ռազմավարական նպատակներին հասնելուն։ Դրա առանցքային նպատակն էգ մի պետության շահերի ենթարկումն այլ պետության շահերին՝ զոհ-պետության քաղաքական կառուցվածքի ձեւական պահպանման պայմաններում»։

Ե.Մագդան նաեւ դասակարգել է հիբրիդային պատերազմի առանձին բաղկացուցիչները, «փափուկից» մինչեւ «կոշտ».

– տեղեկատվական-պրոպագանդիստական,

– քաղաքական-դիվանագիտական,

– առեւտրա-տնտեսական, կոռուպցիոն-լոբբիստական տարրերով,

– էներգետիկ եւ ենթակառուցվածքային,

– հետախուզական-դիվերսիոն-պարտիզանական, ընդհուպ մինչեւ ահաբեկչական ակտեր,

– կանոնավոր մարտական գործողություններ,

– մարտավարական միջուկային զենքի սահմանափակ կիրառման հնարավորություն, այն է՝ միջուկային շանտաժ։

Այսինքն, սա մի պատերազմ է առանց պատերազմի, կամ մինիմում պատերազմով, եւ օգտագործվում են բոլոր արդիական կարողություններն իրական պատերազմից խուսափելու համար։

Հետխորհրդային Հայաստանի դեմ Կրեմլն այս յոթ տարրերից վեցը տարբեր ժամանակահատվածներում կիրառել է տարբեր ինտենսիվությամբ, բացառությամբ վերջինի։ Ներկայումս, ինչպես տեսնում ենք, կիրառում է միայն առաջին երկուսը, հատկապես առաջինը՝ տեղեկատվական-պրոպագանդիստական, մասամբ, ավելի նվազ ինտենսիվությամբ՝ երկրորդը, քաղաքական-դիվանագիտականը, եւ ներկայիս իշխանություններին հաջողվում է չեզոքացնել մնացյալ բաղադրիչների գործադրման հնարավորությունը, ինչը կարող է էկզիստենցիալ մակարդակի սպառնալիքներ ստեղծել Հայաստանի համար մեր «հիբրիդային դաշնակցի» կողմից։
Աշխարհակարգը փոխելուն եւ «Յալթա-2»-ին հասնելուն միտված Ռուսաստանում նեոկայսերական պրոեկտը դեռ ողջ է, վիրավոր, հետեւաբար՝ խիստ վտանգավոր։ Սակայն, նախկին իշխանությունների կողմից մոբիլիզացված ռեսուրսը, նրանց կողմից ռուսական պրոպագանդայի ամենավտանգավոր հնարքների եւ օրակարգի ընդօրինակումը («Սորոս»-ի, սեռական փոքրամասնությունների, ընտանեկան բռնության քրեականացման թեմաներ, հակաեվրոպական եւ հակաամերիկյան հռետորաբանություն, կրոնի առավել քարանձավային մոդելների քարոզ, լկտի ստեր եւ ապատեղեկատվություն, «արդարացված» բռնության թույլատրելիության քարոզ եւ այլն), բանսարկությունների կազմակերպված եւ սինքրոն կամպանիան Հայաստանի դեմ Արեւմուտքում («սրանք ամենապրոռուսական իշխանությունն են») եւ Ռուսաստանում («սրանք Սորոսի տակ են»), ինչպես նաեւ այն կոմերիտական էնտուզիազմը, որով մասնակցում են այս հիբրիդային պատերազմի հայկական պրոքսիները՝ այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ Մոսկվայում կարող են պարզապես կողքից ըմբոշխնել այս խայտառակ պատկերը եւ ոչինչ չանել։ Չէ՞ որ գտնվեցին այն անհրաժեշտ «օգտակար ապուշները» (ըստ Լենինի սահմանման), ինչպես նաեւ՝ պարզ վարձկանները, որոնք համաձայնվել են «կրակը վերցնել իրենց վրա»։

Նման վարձկաններից ոմանք թոք-շոուների ժամանակ չքմեղանում են, թե «հիբրիդային պատերազմի մասին կարելի է խոսել միայն արտաքին համատեքստում», օրինակ բերելով Ադրբեջանին եւ Ալիեւի ռեժիմի հետ մեր հակամարտությունը, շրջելով սլաքն իրենց վրայից։ Մինչդեռ, եւս մեկ անգամ կրկնենք՝ վարձկանների այսպիսի առատության պարագայում այդ արտաքին շահառուն կարող է ընդհանրապես ոչինչ չանել։
Ի՞նչ են ուզում նրանք։ Մի քանի պարզ բան՝ հասնել ֆրուստրացիայի, հիասթափության, անլրջացնել քաղաքականությունը, հրապարակային խոսքը, անվստահություն ներշնչել քաղաքացիներին իրենց իսկ կողմից վերջերս ընտրած իշխանության նկատմամբ, արդյունքում՝ պղտորել ջուրը եւ փորձել մեջն իրենց ուզած «ձուկը որսալ»։

Այս թունավոր կոկտեյլին գալիս է միանալու ֆեյք-«փորձագետների», թռիչքի մասին դատողություններ անող «խփված օդաչուների» կրկեսը, որը կարծիքների բալանս պահպանող ԶԼՄ-ներով, նրանց կողմից միտումնավոր կամ ոչ՝ կեղծ տեղեկատվական ֆոն է ստեղծում Հայաստանից տարբեր լեզուներով դուրս եկող լրահոսում։ Սակայն, այս «երգչախումբն» անզոր է, քանի իշխանությունը ներսից առողջ է եւ չի գործել ռազմավարական սխալներ։ Իսկ մարտավարական սխալներ իշխանությունը գործել եւ գործելու է ամեն օր, եւ ամեն օր պետք է պատրաստ լինի իրական քննադատություն լսելու եւ սրբագրելու իր գործունեությունը, ինչը բխում է թե՛ պետության, թե՛ հասարակության շահերից։

Անհրաժեշտ է ֆիքսել, որ վերը նշված բոլոր մարկերներից, բացի բռնության եւ դիսկրիմինացիայի քարոզից՝ մնացածը քրեորեն պատժելի չեն, եւ դա ժողովրդավարության նվաճումն է, եւ անթույլատրելի է, երբ ոմն մեկը Երեւանի փողոցում իրացնում է Սահմանադրությամբ չարգելված իր՝ անբարոյական ստախոս լինելու իրավունքը, նրան բերման են ենթարկում։ Ստախոսությունը, անբարոյականությունը, ապուշությունը, անպատասխանատվությունը՝ քրեորեն պատժելի չեն, սակայն, մեդիան, քաղաքացիական հասարակությունը եւս իրավունքներ ունեն, որոնց իրացումը նույնպես քրեորեն պատժելի չէ։

Դա, իհարկե, ճշմարտությունն իմանալու իրավունքն է, փաստերը մշտական ռեժիմով ստուգելու եւ ներկայացնելու, իրերն իրենց անուններով կոչելու իրավունքն է, իշխանության գործունեությունից թափանցիկություն եւ դարին համահունչ բարեփոխումներ պահանջելու իրավունքն է, հիբրիդային պատերազմի պրոքսիներին բարեւ չտալու եւ «գործընկեր» չկոչելու, նրանց պրոֆեսիոնալ օստրակիզմի ենթարկելու իրավունքն է, պրոֆեսիոնալ համերաշխության իրավունքն է։ Իսկ ամենակարեւորն այն է, որ հիբրիդային պատերազմն ամենեւին էլ հերոսություն չի պահանջում, այլ ընդամենը պահանջում է իրերը կոչել իրենց անուններով եւ չմասնակցել ստորությանը։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

18.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930