Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մասնավորապես քաղբանտարկյալների գործերով խախտումներ արած դատավորի ներկայությունը դատական իշխանությունում՝ լրջորեն ստվերելու է ժողովրդի վստահությունը»

Հունիս 18,2019 15:25

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր ՍԴ դատավորի անդամի ընտրության հարցը: ՍԴ դատավորի թափուր տեղի համար ՀՀ նախագահը թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին:

Վահե Գրիգորյանի ելույթից եւ իր ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորները հարցեր էին ուղղում թեկնածուին:

«Իմ քայլ»-ից Միքայել Զոլյանը Գրիգորյանից հետաքրքրվեց՝ դուք շատ եք աշխատել ՄԻԵԴ-ի հետ կապված տարբեր գործերով. կա այդպիսի գաղափար, որ դատավորները պետք է պատասխանատվություն կրեն այն դեպքում, երբ նրանց կայացրած որոշումը հետագայում ՄԻԵԴ-ը համարում է մարդու իրավունքներին հակասող. «Ձեր կարծիքը դրա վերաբերյալ, սկզբունքորեն դա հնարավո՞ր է իրականացնել, թե՝ ոչ, եւ ի՞նչ ձեւերով է դա հնարավոր իրականացնել»:

Գրիգորյանը պատասխանեց. «Ես կտրականապես, արմատում դեմ եմ Եվրոպական դատարանի՝ խախտում ճանաչելու հիմքով անմիջապես պատասխանատվության ենթարկելու սկզբունքին, դա մեզ սխալ ուղղությամբ է տանելու: Բայց խոսքը չի վերաբերում բոլոր տեսակի խախտումներին եւ բոլոր խորությունների խախտումներին: Բոլոր այն գործերով, որոնցով դատավորները թույլ են տվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, որոնք ծանր հետեւանքներ են առաջացրել խախտումների զոհերի համար եւ թույլ են տվել այնպիսի խախտումներ, որոնց թույլ են տալիս՝ իրավունքի չիմացություն չէր կարող լինել դատավորների մոտ, որ դատավորները չէին կարող կանխատեսել այդ խախտումների հետեւանքները: Ավելին, խախտումների տեսակը, որոնք իրենց ծավալով, քանակով ցույց են տալիս համակարգային, ցանցային կառավարելիությունը դատական իշխանության: Նման խախտումներ կատարելու հարցում, մասնավորապես քաղբանտարկյալների գործերով, այս գործերով որեւէ դատավորի ներկայությունը դատական իշխանությունում, լրջորեն ստվերելու է դատական իշխանության նկատմամբ ժողովրդի վստահությունը: Այս մասին առաջինը պետք է մտահոգ լինեն ՀՀ դատավորները, այն մարդիկ, որոնք ազնվորեն ծառայել են իրենց երդմանը հավատարիմ մնալով, այնքանով, որքանով հնարավոր է եղել տվյալ քաղաքական իրավիճակում եւ նրանք բոլորը հիմա այդ բոլորի հետ կրում են նույն պատասխանատվությունը՝ հանրային անվստահության պատասխանատվությունը»:

Վահե Գրիգորյանը նշեց՝  այս կապակցությամբ պետք է թեսթեր եւ ֆիլտրեր մշակվեն՝ խախտումների տեսակը պետք է հստակեցվի, եւ պետությունը բավարար վճռականություն պիտի դրսեւորի նման դատավորներից ազատվելու համար. «Բազմիցս ասել եմ՝ Հայաստանը եղել է այն երկրների շարքում, որտեղ տիրող իրավիճակը հիմք է ծառայել աշխարհում քաղաքակրթության պատմության ընթացքում առաջին անգամ քաղբանտարկյալ հասկացության նորմատիվ չափանիշների ձեւակերպման համար: Հղումը տրված է եղել Հայաստանում տիրող իրավիճակին: Հայաստանը պետք է դուրս գա այդտեղից: Եվ դրա լավագույն առաջին քայլը լինելու է այն, որ Հայաստանում չպետք է հանդուրժեն, որ որեւէ մեկին քաղաքական նկատառումներով  դատապարտեն ազատազրկման»:

Իսկ թե ինչ ճանապարհներ կան նման իրավիճակը բացառելու համար, ի պատասխան պատգամավորի հարցի, Գրիգորյանը նշեց՝  դատական օրենսգրքում եւ հարակից օրենսգրքում համապատասխան արագ փոփոխություններ. «Վեթինգը երկարատեւ գործընթաց է, ծախսատար է, այն պետք է իրականացվի սահմանադրականության պահպանմամբ: Բայց մի բան հստակ է՝  երբ միջազգային  7 դատավոր միաձայն տեսնում են փաստակազմի բացակայություն՝ այս կամ այն հանցագործության մեջ անձի մեղքը հաստատելու համար, ես չեմ պատկերացնում  որեւէ բացատրություն, որ որեւէ դատավորի աչքից վրիպած լիներ դա Հայաստանում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930