Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրականում տեղի ունեցածը ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակերպված բեմադրություն. հայտարարությունից երկու ամիս է անցել, սակայն դեռ քրեական գործ հարուցված չէ. «Հայկական ժամանակ»

Հունիս 18,2019 15:03

Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով դատավորը փոխվել է։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին։ Հիշեցնենք, որ այս գործով ապրիլին տեղի ունեցած նիստի ժամանակ, գործով անցնող ամբաստանյալներից Գարեն Աթաջանյանը աղմկոտ հայտարարություն էր արել. նա հայտարարել էր, որ իրականում տեղի ունեցածը ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակերպված բեմադրություն։ Ի դեպ, նախաքննության սկզբում նման տեղեկություն փոխանցել էր նաեւ Գորիսի ոստիկանապետը։ Այս հայտարարությունից երկու ամիս է անցել, սակայն դեռ քրեական գործ հարուցված չէ, դատախազությունը հետաքննության մարմնին հանձնարարել է անհրաժեշտ օպերատիվ ֊հետախուզական միջոցառումներ իրականացնել։ Ինչը, ըստ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի՝ որեւէ նորմով ներպետական օրենսդրությամբ սահմանված չէ։

Վահան Հովհաննիսյանը պատասխանել է սույն թեմայի վերաբերյալ հարցերին։

–   Պարոն Հովհաննիսյան, դուք տեղեկություն ունե՞ք, ձեր պաշտպանյալի աղմկոտ հայտարարությունից հետո դատախազությունը ներկա պահին ի՞նչ գործողություններ է իրականացնում։

–  Այն գործընթացը, որը իրականացվում է, դատախազության կողմից որեւէ նորմով ներպետական օրենսդրությամբ սահմանված չէ։ ՀՀ Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտնի ելույթից հետո ես գրություն էի գրել դատախազություն՝ ճշտելու, թե ի՞նչ իրավական ընթացակարգերով եւ ի՞նչ է ընդհանրապես կատարվում։ Ինձ պատասխանել էին, որ օպերատիվ–հետախուզական գործողություններ կատարելու հանձնարարություն են տվել հետաքննության մարմնին, եւ դատախազին հանձնարարվել է, որ վարույթ նախաձեռնի՝ տվյալ հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քանի որ նման որեւէ ընթացակարգ պաշտոնական կողմին հայտնի չէր, հետեւաբար, ես կրկին գրություն էի գրել իրենց, որպեսզի պարզաբանեին, թե նշված դատավարական գործընթացը ո՞ր նորմով է սահմանվում, տվյալ քրեական գործի շրջանակներո՞ւմ է կատարվում, թե՞ հարուցվել է նոր քրեական գործ։ Ինձ պատասխանել են, որ պաշտպանը նման գործառույթներով օժտված չէ, որ դատախազությունը նման հարցում հղի։

Իմ պաշտպանյալի իրավունքների եւ շահերի ակնհայտ կոպիտ խախտում է տեղի ունենում, քանի որ այն ցուցմունքը, որն ինքը տվել է, ակնհայտորեն վկայում է իր անմեղության մասին, մինչդեռ դատախազությունը տվյալ դեպքում անգործություն է դրսեւորում, որովհետեւ անմիջապես պարտավոր էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184 հոդվածի (քրեական գործի նյութերով նոր քրեական գործի հարուցումը) կարգով կամ Քրդատի 309.2 հոդվածի (դատական քննության ընթացքում այլ անձի նկատմամբ մեղադրանք առաջադրելը) կարգով նոր քրեական գործ հարուցեր, նախաձեռներ որոշակի քննչական գործողություներ, որի մասին պետք է տեղյակ լինեին ե՛ւ պաշտպանական կողմը, ե՛ւ դատարանը։

Հիմա տեսեք, հրապարակային դատաքննություն է ընթանում, կողմերի մրցակցություն, զենքերի հավասարություն, մինչդեռ ո՛չ դատարանը, ո՛չ պաշտոնական կողմը, չի տեղեկացվում, թե դատախազությունը դատավարական ի՞նչ նորմերով եւ ի՞նչ ընթացակարգ է իրականացնում: …Իրենք ի՞նչ իրավունք ունեն հրապարակային դատաքննության ընթացքում գաղտնի հանձնարարություն տան հետաքննության մարմնին՝ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնելու, միգուցե ես էլ հարցեր ունեմ ուղղելու կա՛մ հետաքննության, կա՛մ օպերատիվ-հետախուզական մարմնին։ Իրենք դատաքննության ընթացքում գտնվող քրեական գործով նման լիազորություն չունեն, որ հանձնարարություն տան օպերատիվ մարմնին եւ այն էլ՝ գաղտնի։

Իմ պաշտպանյալի ցուցմունքներում առերեւույթ առկա էին այլ անձի կողմից կատարված հանցագործության հատկանիշներ եւ նման դեպքում պետք է անմիջապես հարուցվեր քրեական գործ եւ այդ վարույթը պետք է նախաձեռնեին քրեական գործի նյութերով նոր հարուցված քրեական գործով, այլ ոչ թե մայր գործով կատարեին այնպիսի գաղտնի գործողություններ, որի մասին պաշտպանական կողմը չի տեղեկացվում։

ՏԱԹԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930