Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է սպասվում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում. «168 ժամ»

Հունիս 18,2019 14:27

Հարցազրույց Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ

– Պարոն Կոնջորյան, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հուլիսի 4-8-ը կայանալիք լիագումար նիստում քննարկման է դրվելու իռլանդացի պատվիրակ Ալան Ֆարելի հակահայկական բանաձեւն Արցախյան հակամարտության վերաբերյալ, որում առկա են «յոթ շրջանների վերադարձի», «Ադրբեջանի օկուպացված տարածքների» վերաբերյալ ձեւակերպումներ: Դուք երբվանի՞ց եք տեղեկացել այդ մասին, ինչո՞ւ դուք ինքներդ չեք բարձրաձայնել դա, ինչո՞ւ պետք է այդ մասին Տիգրան Ուրիխանյանից իմանայինք։

– Նախ մի ճշգրտում՝ ոչ թե հակահայկական բանաձև, այլ կա բանաձևի նախագիծ, ինչպես սովորաբար լինում են բանաձևերի նախագծեր, և այդ նախագծի տասնյակ կետերի շարքում կան ե՛ւ պրոհայկական, ե՛ւ պրոադրբեջանական կետեր, ինչպես սովորաբար լինում է բոլոր միջխորհրդարանական պլատֆորմներում՝ թե՛ ԵԽԽՎ-ում, թե՛ ԵԱՀԿ ԽՎ-ում։ Այժմ մենք աշխատում ենք, որպեսզի ուժեղացնենք պրոհայկական կետերը և թուլացնենք պրոադրբեջանական կետերը, որը ևս ընդհանուր միջխորհրդարանական դիվանագիտության մեջ նորմալ գործընթաց է։ Այն պահից, երբ բանաձևը դրվել է շրջանառության մեջ, և մենք տեղեկացել ենք այդ կետերի մասին, դա շուրջ 2 ամիս է, մենք աշխատում ենք համապատասխան միջխորհրդարանական խողովակներով, դիվանագիտական հարթակներում, այսինքն՝ այս պահին ընթանում է աշխատանքի չերևացող մասը, որովհետև մեր գործընկերների հետ աշխատանքն ունի ե՛ւ երևացող, ե՛ւ չերևացող կողմեր։

ԵԱՀԿ ԽՎ անդամ է 57 երկիր, կա շուրջ 350 պատգամավոր, մենք աշխատում ենք գրեթե բոլոր երկրների հետ, ամենօրյա ռեժիմով անհատապես աշխատում ենք պատգամավորների հետ, աշխատում են ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Առաջիկայում, կարծում եմ, երբ կմոտենան բուն վեհաժողովի աշխատանքները, մենք համապարփակ կտեղեկացնենք։ Դիվանագիտական գործունեության նրբերանգները նաև նրանում են, որ որոշ բաներ պետք է ավարտին հասցնել, ապա նոր միայն հրապարակայնացնել։ Այս պահին մենք որոշ հարցեր փորձում ենք վերջնականացնել, մենք ինքներս առաջարկել ենք մի շարք փոփոխություններ, որոնք ամրապնդում են պրոհայկական դիրքերը, երբ դրանք կավարտենք, կկարողանանք ավելի առարկայական ու մանրամասն խոսել, թե ինչ պատկեր է, ինչ առավելություններ ու մարտահրավերներ ունենք։

Եվ, բնականաբար, մեր ամբողջ ուժով գնալու ենք եւ ամեն բան անելու ենք, որպեսզի արդյունքում այդ բանաձևում պրոհայկական բաղադրիչը միանշանակ շատ ավելի մեծ լինի։

–  Նախքան լիագումար նիստի օրակարգում ընդգրկվելը հարցերը հանձնաժողովների նիստերում են քննարկվում, և այս հարցը քննարկվել է քաղաքական հանձնաժողովում, ինչո՞ւ ա՛յդ ժամանակ ջանքեր չեն գործադրվել, ինչո՞ւ է հարցը հասել լիագումար նիստին։  

–  Հուլիսի սկզբին լինելու է մեծ ամառային նստաշրջանը, քաղաքական հանձնաժողովի նիստ դեռևս տեղի չի ունեցել։ Բոլոր հանձնաժողովների նիստերը նույնպես պետք է լինեն հուլիսին՝ լիագումար նիստից առաջ։ Մենք հիմա ամբողջ ծավալով աշխատում ենք այդ նիստերին ընդառաջ, որ այնտեղ ներկայանանք ավելի ուժեղ, պատշաճ, մեր դաշնակիցների  հետ արդեն  ունենալով պայմանավորվածություններ։

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930