Լրահոս
Օրվա լրահոսը

Գրություն դատարանին՝ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի կողմից՝ Մանվել Գրիգորյանի գործով

Հունիս 18,2019 14:18

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 18-ին ընթացավ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Նիստը նախագահում է Մնացական Մարտիրոսյանը: Նախագահող դատավորը հայտարարեց՝ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այսօր Մանվել Գրիգորյանի գործով գրություն է ուղարկել դատարան: Մասնավորապես գրությունում նշված է. «Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը վարչապետին ուղարկված գրությամբ ցանկություն է հայտնել «Ակնալճի կուղբաբուծական տնտեսությանը» պատկանող համապատասխան անշարժ գույքը նվիրաբերել ՀՀ-ին: Դիմումատուն ապրիլի 8-ի գրությամբ կրկին դիմել է ՀՀ վարչապետին առ այն, որ պետությանը պատճառած վնասը ցանկանում է հատուցել այդ ընկերության 100 տոկոս բաժնեմասով, որի սեփականության տակ գտնվող գույքը մի քանի անգամ գերազանցում է հանցանքի հետևանքով պետությանը պատճառած վնասի չափը»:

Դատավորի տեղեկացմամբ՝ այս գրությունը ուսումնասիրելու և դիրքորոշում հայտնելու համար կոմիտեին տրվել է վարչապետի համապատասխան հանձնարարականը: Մյուս կողմից ՀՀ ՀՔԾ-ն առաջարկել է հարցի քննությունը հետաձգել մինչև վնասի իրական չափը պարզելու ուղղությամբ իրականացվող քննչական և դատավարական գործողությունների ավարտը:

Արձագանքեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Նա հայտարարեց. «ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը: Գրիգորյանի կողմից դեռ նախաքննության փուլում կամարտահայտություն է եղել հատուցել վնասը: Այժմ ոչ միայն վնասի չափն է ճշտված, այլև գույքը արգելանքի տակ չէ: Տեխնիկական պատճառաբանությամբ դա չի կարողանում կառավարությունն իրականացնել, քանի որ գույքն արգելանքի տակ է: Հիմա կառավարությունն իր գործողությունները կսկսի իրականացնել: Այսօր սահմանված են օրենքի ուժով վնասը փոխհատուցելու մեր իրավունքները: Մենք այսօր չենք կարողանում այդ գործառույթն իրականացնել: Ըստ էության՝ զրկված ենք օրենքով նախատեսված իմպերատիվ իրավունքների օգտագործումից: Նախաքննության փուլից սկսած խնդրում ենք»:

Նախագահող դատավորն ասաց, որ միջնորդության հետ կապված հնարավոր է այն հետաձգվի մինչև Մանվել Գրիգորյանի ներկայությունը, որպեսզի նա ևս կարծիք հայտնի:

Այնուհետև մեղադրող կողմը միջնորդություն ներկայացրեց՝ նոր բժշկական փորձաքննություն նշանակել, որը կտա մի շարք հարցերի պատասխաններ։ Մասնավորապես՝ ի՞նչ հիվանդություններ ունի Գրիգորյանը, կալանքը համատեղելի՞ է կյանքի հետ, թե՞ ոչ։

Նախագահող դատավորն ասաց՝ կարծիք հայտնելու հնարավորություն ընձեռելու նպատակով դատարանը փորձաքննության հարցի քննությունը հետաձգում է: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 25-ին՝ ժամը 12.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930