Բանկերի ժամկետանց վարկերը վերստին սկսել են արագորեն ավելանալ։ Համաներմամբ կամ տույժ-տուգանքներից ազատումով, ինչն արվեց իշխանափոխությունից անմիջապես հետո, այս խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Բանկային համակարգը դարձյալ մտնում է նույն շրջափուլի մեջ։ Թեև համաներման արդյունքում բավական մեծ գումար, որը կուտակվել էր ժամանակին վերցրած վարկերի չկատարված պարտավորությունների հետևանքով, դուրս գրվեց քաղաքացիների վրայից։
Պաշտոնական տվյալներով, ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժ ու տուգանքների գումարն այս տարվա հունիսի սկզբի դրությամբ կազմել է շուրջ 12 մլրդ դրամ։ Գրեթե 21.000 քաղաքացի ազատվել է այդ գումարների վճարումից։
Բայց այնպես չէ, որ դրանով խնդիրը լուծվեց։ Մի պահ արձանագրված նվազեցումից հետո անհուսալի վարկերի ծավալը վերստին սկսել է ավելանալ։ Ընդ որում, շատ ավելի արագացված տեմպով։
Միայն տարեսկզբի չորս ամիսներին բանկերի երկարաձգված վարկերի պորտֆելը համալրվել է 15 մլրդ դրամով։ Եթե անցած տարվա վերջին այն կազմում էր 88 մլրդ դրամ, ապա արդեն այս տարվա ապրիլին գերազանցել է 103 միլիարդը։ Չորս ամսում աճն անցնում է 17 տոկոսը, ինչը լուրջ առաջընթաց է։ Խոսքն այն վարկերի մասին է, որոնք շեղվել են սահմանված ժամանակացույցից։
Կարդացեք նաև
Իհարկե, դժվար է տարբերակել, թե այդ գումարի մեջ ո՞ր մասն է քաղաքացիների պարտավորությունը։ Բայց կասկած չկա, որ այն բավական մեծ մասնաբաժին ունի։ Անհուսալի վարկերը ձևավորվում են հիմնականում այս հատվածում՝ պայմանավորված, առաջին հերթին՝ քաղաքացիների եկամուտների դանդաղ աճով և ցածր վճարունակությամբ։
Որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել երկարաձգված վարկերի պորտֆելում տույժ-տուգանքների համաներումից և դուրսգրումից հետո, բերենք նաև անցած տարվա ցուցանիշները։
2018թ. նույն ժամանակահատվածում ևս անհուսալի վարկերն ավելանում էին, բայց շատ ավելի դանդաղ տեմպերով։ Բանկերի երկարաձգված վարկերի աճը տարեսկզբի չորս ամիսներին կազմում էր ընդամենը 7,5 մլրդ դրամ։ Այսինքն՝ կրկնակի քիչ, քան այս տարի է։
Եվս մեկ շատ կարևոր հանգամանք. անցած տարի աճը տեղի ունեցավ բացառապես թավշյա հեղափոխության ժամանակ։ Մինչ այդ բանկերի երկարաձգված վարկերը նույնիսկ մի փոքր նվազել էին։ Փոխարենը՝ միայն ապրիլին դրանք ավելացան միանգամից 8,6 մլրդ դրամով։ Պատճառը պարզ է. իշխանափոխության բուռն շրջանում տարբեր տիպի հայտարարություններ էին արվում վարկերի ներման վերաբերյալ։ Դա ուղղակիորեն արտահայտվեց մարդկանց տրամադրությունների վրա։ Շատերը դադարեցին կատարել իրենց պարտավորությունները՝ հույս ունենալով, որ հետագայում չեն էլ վճարելու։ Հեղափոխությունը քաղաքացիների շրջանում բարձր սպասումներ էր ձևավորել, այդ թվում՝ վարկերի բեռից ազատվելու հետ կապված։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում