Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյան. «Սամվել Բաբայանի հրամանով մեզ նշանակել են դատախազական բարձր պաշտոնների. դա եղել է իմ ծառայությունը»

Հունիս 18,2019 14:11

Այսօր ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատարանի անդամի ընտրության հարցը: ՍԴ դատավորի թափուր տեղի համար ՀՀ նախագահը որպես թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին:

Գրիգորյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հարց ուղղեց, նշելով՝ ուսումնասիրել է նրա կենսագրությունը, պարզել, որ 1997-ից աշխատել է Արցախի զինվորական դատախազությունում որպես հատուկ բաժնի պետի օգնական, հետո քննիչ, հետո դատախազի օգնական, բայց նույն կենսագրականում գրված է, որ 1997-99 թթ-ը զորակոչվել է զինվորական ծառայության. «Ինչքանո՞վ էր այս երկուսը համատեղելի եւ առհասարակ, 99-ին առանց որեւէ կոռուպցիոն կամ հովանավորչական միջամտության հնարավո՞ր էր սա»:

Ապա Գորգիսյանը շարունակեց՝ ավելի հեռուն է գնացել, եւ հանդիպել մի փաստաթղթի՝ 99թ-ին Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված դատախազների պաշտոնեական պիտանելիության ցուցակ, եւ հետաքրքրվել է ու պարզել՝ դա հենց առաջխաղացման ցուցակն է. «Այսինքն՝ 99 թվականին դուք արդեն նաեւ առաջխաղացում ունեցել: Այստեղ մի հետաքրքիր բան կար՝ ձեր անունից երկու համար վերեւ գրված է եղել Միշա Գրիգորյան: Արդյոք ձեր հոր այս համակարգում լինելը նաեւ օգնե՞լ է ձեր բացառիկ ձեռքբերումներին»:

«Իմ հայրն, իհարկե, մասնակցություն ունի իմ բոլոր հաջողությունների մեջ՝ առաջին հերթին, եւ ինքն է ինձ դաստիրակել: Իմ հայրը բանվոր մարդ է եղել, իմ մայրն էլ՝ հաշվապահ, սովորական ծառայող է։ Իմ մասնագիտական հաջողությունները ձեռք եմ բերել իմ վաստակով եւ աշխատանքով: Բայց ես դրանց համար պարտական եմ առաջնահերթությամբ հորս, հետո՝ մորս, իսկ այդ Միշա Գրիգորյանը ինձ հետ կապ չունի»,-պատասխանեց Գրիգորյանը:

Անդրադառնալով զինվորական ծառայության ընթացում դատախազության բարձրաստիճան սպա լինելու եւ դրա համատեղելիության մասին հարցին, Վահե Գրիգորյանը պատասխանեց՝ դա եղել է հենց իր զինվորական ծառայությունը։ Նա նշեց, որ 1997-ին, երբ ավարտել է ԵՊՀ-ն, իր ֆակուլտետն առաջինն է եղել, որ որպես շարքային են զորակոչվել ԼՂՀ ծառայության՝ իր 8 համակուրսեցիներով. «Մատաղիսում երկար ժամանակ ծառայելուց հետո Սամվել Բաբայանի հրամանով բոլոր իրավաբանական կրթություն ունեցողներին, որոնք եղել են շարքային, առանց մեր կամքը հարցնելու՝ նշանակել են դատախազական բարձր պաշտոնների: Դա մեր զինվորական պարտքն է եղել»: Ապա Գրիգորյանն ասաց, որ այնտեղ երկար ժամանակ բարձր պաշտոն է զբաղեցրել, հետո իր կամքով հրաժարվել է դատախազությունում ծառայել, որովհետեւ դա իր նպատակը չի եղել:

Գորգիսյանը նորից ճշտեց՝ փաստորեն այդ ցուցակում Միշա Գրիգորյանը ձեր հայրը չէ՞, կապ չունե՞ք:

Գրիգորյանն արձագանքեց՝ «Ես չգիտեմ՝ դուք ինչ ցուցակ եք ասում: Ես ընդհանրապես որեւէ դատախազների առաջխաղացման ցուցակում չեմ կարող լինել, ես երբեք չեմ մասնակցել դրան, ես երբեք չեմ ցանկացել իրավապահ համակարգում աշխատել: Ես եղել եմ զինվոր, ինձ հրամայել են լինել դատախազի օգնական, ես ծառայել եմ որպես դատախազի օգնական, վերջացրել եմ ու դուրս եկել համակարգից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930