«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն ամբողջովին փոխհատուցել է հիմնադրամի քարտից օգտագործած ամբողջ գումարը, հիմնադրամը ֆինանսական կորուստներ չունի: Իմ ուսումնասիրությունները թույլ են տվել մտածել, որ Արա Վարդանյանը սխալ է արել, ոչ թե անազնվություն»,- այսօր Երեւանում ընթացող «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ասաց հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի անդամ Արա Ասլանը:
Նրա դիտարկմամբ, հիմնադրամի ընդհանուր գործունեությունը 22 տոկոսով նվազել է, շատ կարեւոր կառույցներ չեն մասնակցել դրամահավաքին, որոշներն անգամ 2017-ին հավաքված գումարները չեն փոխանցել:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Արա Ասլանն ասաց, որ հրաժարվում է հիմնադրամում զբաղեցրած իր պաշտոնից: Դա բացատրեց անձնական պատճառներով:
Փոխվել է նաեւ հիմնադրամի աուդիտ իրականացնող կազմակերպությունը: Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը բացատրեց` ըստ օրենքի, երկու անգամից ավելի նույն ընկերությունը չի կարող աուդիտ իրականացնել, սակայն, նախկին կազմակերպությունը տասը տարի աշխատել է հիմնադրամի հետ:
Նախագահ Արմեն Սարգսյանն էլ հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի գործունեության առիթով ասաց. «Հույս ունեմ, որ այդ էջը փակելու ենք եւ դնելու մի կողմ, բայց միշտ հիշելու ենք, որ նման կեցվածքը անընդունելի է յուրաքանչյուր հայի համար»: Խոսքը, ըստ նախագահի, նախեւառաջ բարոյական եւ անվան վնասի մասին է, ոչ թե ֆինանսական:
Արա Ասլանի խոսքից նախագահը սթափության եւ կարգապահության կոչ լսեց: Ինքն էլ միացավ դրան` կոչ եմ անում բոլորին լինել կարգապահ, որպեսզի ժամանակակից ձեւով աշխատենք, քանի որ 21-րդ դարում այլ կերպ հնարավոր չէ:
Նոր աուդիտորներն, ի դեպ, հիմնադրամի աշխատանքներում որակի բարելավում են արձանագրել`ֆիզիկական եւ տնտեսական առումներով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ