Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյան. «ՍԴ-ն սահմանադրական մարմինների միջեւ վեճեր լուծող ատյան է, սրանից ավելի քաղաքական իրավիճակ չկա»

Հունիս 18,2019 13:04

Այսօր ԱԺ-ում ՍԴ դատարանի դատավորի անդամի թեկնածուի ընտրության քննարկման ժամանակ, ՀՀ նախագահի առաջադրած՝ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի ելույթից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց Գրիգորյանին՝ «Դուք խոսեցիք կանանց քվոտայի մասին՝ ՍԴ-ում, ես ամբողջովին աջակցում եմ՝ կլինեք դուք, թե այլ թեկնածու: Ձեր կարծիքը՝ ՍԴ-ն քաղաքական մարմին է, ես գոնե այդպես հասկացա ձեր ելույթից: Խնդրում եմ պարզաբանեք՝ այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում ՍԴ դատավորի որոշման լինելը առերեւույթ եւ փաստացի անաչառ եւ անկողմնակալ, եթե համարում եք, որ այդտեղ ներգրավված դատավորները քաղաքական կողմնորոշում ունեն՝ եթե նշում եք ՍԴ-ն քաղաքական է»:

Թանդիլյանը նաեւ հետաքրքրվեց՝ երկար ժամանակ ՍԴ որոշումներն, անգամ լավագույնները կյանքի չեն կոչվել՝ այս մասով ի՞նչ գործուն մեխանիզմ կա, որ հնարավոր է ներդնել:

Վահե Գրիգորյանը պատասխանելով Թանդիլյանի առաջին հարցին՝ ՍԴ-ի քաղաքական լինելու մասին, ասաց՝ այդ գնահատականը տալիս է՝ դատելով դատարանի գործունեության քաղաքական հետեւանքներով. «Սրանով ես ամենեւին չեմ ասում, որ ՍԴ դատավորները քաղաքականությամբ են զբաղվում, կամ կուսակցական- քաղաքական մարմին է ՍԴ-ն, որեւէ դեպքում՝ ոչ: Քաղաքական ասելով՝ ես նկատի ունեմ քաղաքական բառի ամենաառանցքային իմաստը՝ հանրային հարցերի կառավարման: Եթե դուք նայեք՝ Հայաստանում չկա ավելի քաղաքական մարմին, քան Սահմանադրական դատարանն է: Ի վերջո, ՍԴ-ն այն վերջին հաստատողն է, թե ում է ժողովուրդն ընտրել, ում է վստահել ժողովուրդը իշխանությունը: Սահմանադրական մարմինը սահմանադրական վերահսկողության միջոցով, քաղաքական մարմինների կողմից կայացրած ակտերի սահմանադրականությունն է ստուգում: Ի վերջո, միակ մարմինն է, որն ունի վերջնական իշխանություն՝ մեկնաբանելու այս պետությունում ամենաքաղաքական ակտը՝ Սահմանադրությունը»: Գրիգորյանն ասաց, որ ինքը նկատի չունի, որ ՍԴ-ն պետք է զբաղվի կուսակցական քաղաքականությամբ կամ որեւէ դատավորի համար ընդունելի է կուսակցական քաղաքականությամբ կամ քաղաքականությամբ զբաղվելն առհասարակ:

Ինչ վերաբերում է Թանդիլյանի՝ ՍԴ որոշումները կյանքի կոչելու մասին հարցին, Գրիգորյանը պատասխանեց. «Ցանկացած պահին, ՍԴ որոշումը չկատարված կամ թերի կատարված մնալու դեպքում, ՍԴ-ի որոշման չկատարման մոնիթորինգի արդյունքներով կամ դատարանն ինքն իր նախաձեռնությամբ կամ որեւէ դատարան դիմելու իրավասություն ունեցող սահմանադրական մարմին իրավասություն ունեն վարույթ հարուցելու որոշման չկատարման հարցի քննության համար»:

Գրիգորյանն ասաց, որ կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ ՍԴ-ն լիովին մենակ մնա սահմանադրական վերահսկողության իր գործառույթի իրականացման շրջանակներում՝ թե՛ դատական իշխանության եւ թե՛ գործադիր, օրենսդիր մարմինների դեմ իր մոտեցումներում, սա պետք է բացառել:

Գրիգորյանն ասաց՝ քաղաքական բառից պետք չէ վախենալ. «Ընդհանրապես, քաղաքական բառը մեր քաղաքական եւ իրավական լեզու եւ մշակույթ իր բացասական կոնյուտացիայով մուտք է գործել կոմունիստական կուսակցության միակ քաղաքական կուսակցությունը տասնամյակներով լինելու արդյունքում, եւ ինչ քաղաքական է համարվել, համարվել է նաեւ կուսակցական: Քաղաքական բառը նշանակում է հանրային կյանքին վերաբերող:  Պատկերացրեք՝ ՍԴ-ն սահմանադրական մարմինների միջեւ վեճեր լուծող ատյան է, սրանից ավելի քաղաքական իրավիճակ չկա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930