«Ադրբեջանի պատվիրակությունը փորձեց ճեղքեր գտնել զեկույցներում եւ Արցախի հակամարտության վերաբերյալ հարցեր հնչեցնել: Մեր պատվիրակները պատասխաններով հակազդեցին: Ադրբեջանը բարձրաձայնում էր այնպիսի խնդիրներ, որոնք չէին վերաբերում զեկույցների տրամաբանությանը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով մայիսի 31-ից հունիսի 3-ը Բրատիսլավայում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, ասաց ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նրա բնորոշմամբ՝ հայկական պատվիրակությունը որոշել է առաջիկա նստաշրջանում ավելի նախաձեռնող լինել եւ պատրաստվել ՆԱՏՕ-ի հարթակն ավելի լուրջ օգտագործելուն. «Ոչ թե սպասելու ենք, որ հակազդենք ադրբեջանական պատվիրակության տեսակետին, այլ մեր նախաձեռնողականությունը վերաբերելու է արտաքին քաղաքական առաջնահերթություններն այդ հարթակում ավելի արդյունավետ օգտագործելուն»:
Պատվիրակության անգամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ նշեց, որ աշնանը ՆԱՏՕ-ի գործընկերներին նոր բան են առաջարկելու. «Ադրբեջանն անընդհատ փորձում է Արցախի հարցն առաջ բերել՝ այն վերածելով անգամ ՀՀ-Ադրբեջան հակամարտության, բայց բոլորն արդեն հոգնել են դրանից: Մենք էլ ցույց ենք տալիս, որ դրա քննարկման տեղը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Բարեբախտաբար, ՆԱՏՕ-ի մեր գործընկերները դա հասկանում են»:
Կարդացեք նաև
Գեւորգ Գորգիսյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերին պատրաստվում են իրենց օրակարգով հանդես գալ: ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը Վիկտոր Ենգիբարյանն էլ շեշտեց, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հարթակում փորձում է Արցախյան հակամարտությունը հավասար հարթակի վրա դնել՝ Ուկրաինայի եւ Վրաստանի տարածքային ամբողջականության խնդիրների հետ. «Այդպես ցանկանում են ՆԱՏՕ-ից որոշակի աջակցություն ստանալ: Չի ստացվում, բայց դա ազդակ է մեզ համար: Մենք թույլ չենք տա իջնել իրենց մակարդակին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ