Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայկակ Արշամյանը համաձայն է, որ հիմնադրամը դրամ հավաքելու առաքելություն չպետք է ունենա, այլ հայկական ներուժի մոբիլիզացիայի

Հունիս 18,2019 12:38

«Հայաստան» համահայկական հիմնադրամը որդեգրել է աշխատանքի նոր ռազմավարություն: Այսօր ընթացող հիմնադրամի եւ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացնելով նոր ռազմավարությունն՝ ասաց, որ այլեւս ավելի համագործակցային պետք է լինի հիմնադրամի աշխատանքը: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Հայկակ Արշամյանն այսպես բացատրեց. հիմնադրամը տեղական ինքնակառավարման մարմինների հետ կարիքների գնահատում է իրականացնում եւ դրանցով են ծրագրերը պայմանավորված լինելու: Լրագրողները նկատեցին, որ նախկինում էլ էր այդպես: Հայկակ Արշամյանը շարունակեց. եթե նախկինում առանձին դոնորներ ցանկություն են հայտնել, ասենք, որեւէ բնակավայրի դպրոցի պատուհանները վերանորոգել, գնահատման արդյունքում հնարավոր է պարզվի, որ տվյալ դպրոցի դռան վերանորոգումն ավելի առաջնային է:

Իր զեկույցում Հայկակ Արշամյանն ասաց, որ բոլորը կենտրոնացան հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված գումարի չափի վրա, բայց 1,6 միլիոնի խոստում է եղել ու մինչեւ տարեվերջ նվիրատվությունները շարունակվել են: Նա հույս ունի, որ ամբողջը կստանան եւ արդյունքում երկու միլիոն դոլարի մասին կարող ենք խոսել: Հայկակ Արշամյանը կարծում է, որ հեռուստամարաթոնը պետք է պահել: Աշխատում են նորովի մոտեցումների շուրջ, նաեւ բանակցում են հիմնադրամի`ավելի տարածական ձեւաչափի մասին: Նա համաձայն է, որ հիմնադրամը դրամ հավաքելու առաքելություն չպետք է ունենա, այլ հայկական ներուժի մոբիլիզացիայի:

Ցուցադրվեցին չորս փոքր ֆիլմեր`չորս տարբեր ծրագրերի մասին`Արցախում եւ ՀՀ-ում`սպորտդպրոցի, դպրոցի նորոգումների, ջերմոցային տնտեսության, արեւային պանելների եւ ջրատաքացուցիչների տեղադրման, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման եւ այլնի մասին: Ներկայացվեց «Մեր Գյումրի» ծրագիրը: Նախկինում, երբ առանձին բնակարաններ էին գնվում կարիքավորների համար, ըստ Հայկակ Արշամյանի, փորձը ցույց է տալիս, որ մարդիկ շարունակում էին սոցիալական խնդիրների պատճառով մնալ անապահով վիճակում: Այդ պատճառով, որոշվել է շենք կառուցել: Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ, կլինի երկու շենք: Այդ հատվածում կլինի նաեւ մանկապարտեզ, խաղահրապարակ, որեւէ արտադրություն, որտեղ մարդիկ կկարողանան աշխատել եւ այլ ենթակառուցվածքներ:

Երեք միլիոն եվրո արժողությամբ ծրագրի մեկ միլիոն եվրոն արդեն կա:

Հիմնադրամի նոր ռազմավարության մեջ ենթադրվում է նաեւ ցանցային աշխատանք: Ներկայացվեց նաեւ հիմնադրամի նոր կայքը:

Նախագահ Արմեն Սարգսյանը դիտողություն ուներ`ռազմավարության հիման վրա գործունեության ծրագիր պետք է մշակվի: Նախագահն առաջարկեց`այդ աշխատանքներն ամբողջականացնելու համար մեկ ամիս ժամանակ տալ հիմնադրամի աշխատակազմին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930