Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. «Հայաստան» հիմնադրամն անհրաժեշտություն ունի ավելի դինամիկ, մոբիլ եւ հզոր դառնալ»

Հունիս 18,2019 10:50

«Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ հոգաբարձուների խորհրդի 28-րդ նիստն այսօր Երեւանում մեկնարկեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը հարգելով: Ապա հնչեց «Հայր մերը»: Նիստին չէր մասնակցում Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց բոլորին`անցած մեկ`ոչ դյուրին տարվա համատեղ աշխատանքի համար: Նա նկատեց, որ տարեսկզբին ոչ դյուրին վիճակ էր ստեղծվել հիմնադրամի աշխատանքի համար` նկատի ունենալով հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի պաշտոնանկությունը, նրա գործունեության շուրջ առաջացած աղմուկը, ինչը հանգեցրեց հիմնադրամի նկատմամբ վստահության անկման: Նախագահը նկատեց, որ հոգաբարձուների խորհրդի անդամների համատեղ բարդ աշխատանքի շնորհիվ հաջողվեց փրկել հիմնադրամի համբավը: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի հայկական համագումարին եւ տնօրեն Պետրոս Թերզյանին`այդ ամենում էական դերակատարում ունենալու համար:

Նախագահն ասաց, որ 2018-ին հիմնադրամը շուրջ 100 ծրագիր է իրականացրել, որոշ ծրագրեր դեռ ընթացքի մեջ են: Նաեւ նկատեց`հիմնադրամն անհրաժեշտութզուն ունի ավելի դինամիկ, մոբիլ եւ հզոր դառնալ, ինչի համար պետք է փոխվել հոգեբանությամբ, գործելաոճով, մոտեցումներով եւ ծրագրերով, կանոնադրությամբ: «Փոխվելուց չպետք է վախենալ, աշխարհն է փոխվում»,- ասաց Արմեն Սարգսյանը` նկատելով, որ անգամ հոգաբարձուների խորհրդում մարդիկ պետք է գնան վերոնշյալ փոփոխություններին:

«Հիմնադրամը չպետք է ընկալվի միայն ճանապարհ կամ ոռոգող ցանց նորոգող»,- ասաց նախագահը` հավելելով, որ «Հայաստան» հիմնադրամը պետք է լինի Հայաստան-Արցախ-Սփյուռք եւ հայություն նպատակակետերով եւ կասկածներից վեր: Նախագահի գնահատմամբ, 20-րդ դարում հիմնադրամը մեծ հաջողությունների է հասել, ժամանակն է, որ այն դառնա 21-րդ դարի ազգային ինստիտուտ: Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ ցնցած տարվա «դրամատիկ իրադարձություններից հետո, որի նկատմամբ յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի», հիմնադրամի տարեկան մարաթոնի մասնակիցների թիվը 20 տոկոսով աճել է:

Հիշեցնենք, անցած տարի կայացած հեռուստամարաթոնում հավաքվել էր 15, 5 միլիոն դոլար:

Նախագահի դիտարկմամբ, ավանդական ծրագրերին զուգահեռ՝ նոր, նաեւ փորձնական ծրագրեր պետք է լինեն, հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ, այլ համահայկական ցանցն ամրացնելու եւ սերտացնելու առաքելություն պետք է ստանձնի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930