Երեկ գիշեր Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում շտապ օգնության մեքենան վնասողները, նախնական տեղեկություններով, եղել են գյուղի դպրոցի տնօրենի հարազատները: Կեսգիշերին տնօրենի ամուսնու առողջական վիճակը վատացել է, շտապ օգնություն են կանչել նրա համար:
Փորձեցինք դեպքի մանրամասները ճշտել գյուղապետ Գարեգին Սարգսյանին: Նա Aravot.am-ին պատմեց. «Դպրոցի տնօրենի ամուսինը՝ երիտասարդ տղամարդ, հանկարծամահ է եղել, դիմել են շտապ օգնության, ինձ հասած տեղեկություններով՝ 8-10 րոպե ուշացել է: Այս պահին անհարմար եմ զգում մահացածի հարազատներից հետաքրքրվել՝ ով է կատարել այդ անշնորհք գործողությունները, բայց հաստատ խմած խուլիգաններ չեն եղել, կարծում եմ՝ վրդովմունքից ելնելով են արել, որովհետեւ ասում են՝ շտապ օգնությունը ուշ է եկել: Տնօրենի ամուսնուն չեն հասցրել հիվանդանոց, ճանապարհին մահացել է »:
Մահացածը գյուղապետի ե՛ւ ընկերն է, ե՛ւ բարեկամը, ունի մեկ տղա, երկու դուստր, թոռներ եւ շաքարային դիաբետով հիվանդ էր:
Հիշեցնենք, որ պատահարի մասին հաղորդած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել էր. «Հատուկ շեշտեմ, որ ՇՕ-ն ժամանել է ժամանակին, նույնիսկ ավելի շուտ, քան նորմատիվը»։
Կարդացեք նաև
ՀՀ Ոստիկանության հաղորդագրության համաձայն. «Հունիսի 17-ին, ժամը 21.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բ/կ է տեղափոխվել Ոսկեհատ գյուղի բնակիչ, 64-ամյա տղամարդու դի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը գյուղի իրենց տան բակում վատ է զգացել և հարազատների ներկայությամբ հանկարծամահ եղել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո ընդունարանի դիմաց մահացածի ընտանիքի անդամների մեկը քարով կոտրել է բժշկական կենտրոնի հաշվեկշռում գտնվող, «Զիմբել» մակնիշի ավտոմեքենայի առջևի հողմապակին և վնասել շարժիչի ծածկոցը, իսկ մեկ այլ անդամ դեռևս չպարզված առարկայով կոտրել է ձախակողմյան հատվածի հայելին և վնասել երկու ապակիները:
Կա բերման ենթարկված անձ: Վնասի չափը պարզվում է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Շտապ օգնության ավտոմեքենայի մակնիշի ճիշտ անունն է Jinbei.
Շնորհակալություն դիտողության համար: Սակայն մեջբերումը ՀՀ ոստիկանության հաղորդագրությունից է