Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Եղիազարյան. «Մեզ այդպես էլ չտեղեկացրին, թե «վերելակային» դիվանագիտության էությունը որն էր, ինչից են խոսել, ինչ պայմանավորվածություններ են եղել». «Իրատես»

Հունիս 18,2019 09:51

Հունիսի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն։ Փաստորեն, այս անգամ բանակցություններում, այսպես ասած, «մոդերատորի» դերը ստանձնել է ԱՄՆ-ը։ Մինչ այդ արդեն մի քանի շաբաթ է արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնալով լարվում է, ունենք զոհեր, առաջնագծում կուտակվում է մեծ քանակի զինուժ։ Օրերս էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ դիպուկահարները հատուկ սարքավորումներով ու միջոցառումների կիրառմամբ ակտիվ գործելու են սահմանին։ Հնարավո՞ր է, որ այս լարվածությունը պայմանավորված է առաջիկա հանդիպմամբ, հարցրի ՀՅԴ ԳՄ անդամ ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ։

 – Ֆրանսիայի մի շարք քաղաքների և Արցախի միջև բարեկամության հուշագրերը չեղարկվում են։ Սա կարելի՞ է համարել քարոզչական պատերազմում մեր թուլության հետևանք։

-Մեկ տարում շատ բան է խարխլվել։ Նախորդ իշխանությունների ժամանակ սփյուռքի կառույցների հետ փորձում էին ավելի ներդաշնակ համագործակցել։ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև բարեկամության հիմնական նախաձեռնողը եղել են ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը։ Նպատակն այն էր, որ մինչ Արցախի միջազգային ճանաչումը, փորձենք կամաց-կամաց բարեկամական, սպորտային, մշակութային, տարբեր ոլորտներում ինտեգրել Արցախը Եվրոպայի քաղաքների հետ, ինչը կարող է դրականորեն անդրադառնալ տվյալ պետության՝ Արցախի միջազգային ճանաչման քաղաքականության վրա։ Հիմա խախտվել է այս հավասարակշռությունը, և օր առաջ Հայաստանը պետք է համախմբող քաղաքականություն տանի, որպեսզի անցանկալի հեռանկարից խուսափենք։ Միայն պետությունը կարող է այդպիսի պարտավորություն ստանձնել։ Աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով կարող են վտանգավոր զարգացումներ լինել, եթե չկարողանանք դիվանագիտական լուրջ աշխատանքներ, ճիշտ քարոզչություն իրականացնել։ Այս ամենն իր արձագանքն է ունենալու Արցախի խնդրում, կարող է նաև ռազմական նոր բախումների հիմք դառնալ։

-Մեկ տարվա իշխանությունն իր լավագույն նվաճումն էր համարում Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունը, որի շրջանակում սահմանում խաղաղ էր, զոհեր չկային։ Ի՞նչ փոխվեց, որ այլևս չաշխատեց այդ համաձայնությունը։

-Մեզ այդպես էլ չտեղեկացրին, թե «վերելակային» դիվանագիտության էությունը որն էր, ինչից են խոսել, ինչ պայմանավորվածություններ են եղել։ Ակնհայտ էր, որ Ադրբեջանն ինչ-որ ակնկալիքներ ուներ, որը Հայաստանի նոր իշխանության հռետորաբանությամբ էր պայմանավորված՝ դեպի խաղաղության մղելու մոտիվացիան, ինչն ադրբեջանցիները լավ չեն հասկացել։ Հայկական կողմի համար Արցախի խնդիր, որպես այդպիսին, չկա։ Կա Ադրբեջանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարց։ Ով էլ գա Հայաստանում իշխանության, Արցախի հարցում տարբեր խնդիրներ կկարողանա լուծել միայն այդ էական հարցը կարգավորելուց հետո։ Առաջնայինն այն է, որ Ադրբեջանը ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այս իրականության հետ արդեն առնչվում են ադրբեջանցիները՝ հասկանալով, որ այս հարցում Հայաստանում շատ մեծ փոփոխություններ չկան, գուցե իրենք շփոթմունքի մեջ էին կամ այլ ակնկալիքներ ունեին։ Քաղաքականությունն այս առումով պարզապես չի կարող փոխվել, որովհետև կա հայության, մեր պետության շահերի խնդիր, իսկ այս դեպքում ոչ մի իշխանություն չի կարող գնալ ինքնասպանության՝ փորձելով հարցը կարգավորել հօգուտ Ադրբեջանի։ Որքան Ադրբեջանը համոզվում է այս հարցում, այնքան կոշտացնում է իր քաղաքականությունը։

Զրույցը՝  Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930