Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Հայաստանի պաշտոնյան

Հունիս 18,2019 10:00

Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին՝ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար նշանակելը եւ նրա համաձայնությունը՝ այդ պաշտոնը ստանձնելու, խիստ դրական քայլեր եմ համարում: Թե ինչպես է նա զբաղվելու Սփյուռքի հարցերով, չեմ կարող ասել՝ ժամանակը ցույց կտա: Բայց ինքը՝ գործընթացը, կարեւոր է մեր պետության համար: Նախ՝ բարեկեցիկ կյանքը, պաշտոնը, բազմաթիվ կապերը, կայունացած կենցաղը թողնելը եւ հայրենիք վերադառնալը կարող է լիցք հաղորդել արտերկրում ապրող նախկին հայաստանցիներին: Դուք լսել եք, չէ՞,  նույն Գլենդեյլում ապրող մեր հայրենակիցների խոստումները՝ «հենց որ Սերժը գնա, ես տո~ւտ ժե, տու~տ ժե կգամ Հայաստան»: Երրորդ նախագահը մեկ տարուց ավելի է՝ թողել է իր պաշտոնը, բայց կուրծք ծեծող հայրենասերները չեն շտապում կատարել իրենց խոստումները, ավելին՝ հիմա էլ նոր իշխանության մեջ են թերություններ գտնում (ինչը, իհարկե, դժվար չէ)՝ իրենց չգալն արդարացնելու համար: Գուցե Զարեհի վերադառնալը ստիպի այդ կատեգորիայի մարդկանց ինչ-որ բան վերաիմաստավորել:

Սփյուռքի հարցերով նորանշանակ հանձնակատարը գուցե ինչ-որ բան փոխի նաեւ մեր պետական մշակույթում, որի կարեւոր բաղկացուցիչ մասը պետք է լինի շարունակականությունը, ժառանգականությունը: Առայժմ իշխանության եկած հեղափոխականները մերժում են այն՝ միտինգային, փողոցային պայքարի իներցիայով՝ անտեսելով այն փաստը, որ մեր 28-ամյա պետության պատմության մեջ բացի «թալանից» ու կոռուպցիայից, ուրիշ բաներ էլ են եղել: Այսօրվա իշխող կուսակցության վերջին համագումարը, որի ելույթների գերակշիռ մասը նվիրված էր նախորդ իշխող կուսակցությանը, դրա վառ դրսեւորումն է: Միացյալ նահանգներում այդպես չէ. ինչպիսին էլ լինի իշխանությունից հեռացած վարչակազմը, կա ընդհանուր եւ հստակ ձեւակերպված ազգային շահ, որի վերաբերյալ տարբեր վարչակազմերի միջեւ հակասություններ չկան:

Իշխանության մեջ Զարեհ Սինանյանի նման մարդիկ կարեւոր են նաեւ օրինապաշտության մշակույթը մեր հասարակության մեջ ներմուծելու առումով: Այստեղ, իմ տպավորությամբ, հինը դանդաղ, բայց անխուսափելիորեն իր տեղն է զիջում նորին: Վարչապետը ծանուցագիր է ստանում՝ դատարանում հարցաքննվելու եւ առանց ավելորդ ձգձգումների գնում եւ հարցաքննվում է: Ազգային ժողովի պատգամավորը Քննչական կոմիտեից հարցաքննվելու ծանուցագիր է ստանում եւ անկեղծորեն զարմանում է, ընդվզում՝ այդ ո՞վ է համարձակվել իրեն հարցաքննության կանչել: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին եւ Նոր Հայաստանի տարբերությունների մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    https://www.youtube.com/watch?v=-SgpTGgiKH
    Այս տեսանիւթը իսրայէլական մանրապատում է մեր «Կարգին հաղորդման» ոճով:

    Բաբելոնեան գերութիւն: Երեք հոգի գետի ափին նստած երազում են Երուսաղէմ վերադառնալու մասին: Կարօտաբաղձ բանաստեղծութիւններ են արտասանում, «Երուշալայիմ» երգն են երգում (մօտաւորապէս մեր «Հասնինք Սասուն, մտնինք Վան»): Էէ՜հ, ի՜նչ երանելի օրեր էին Երուսաղէմում: Շաբաթ օրը սինագոգ էինք գնում: ‘Տէր Աստուած ինչո՞ւ մեզ հանեցիր էդ երկրից, մեզ մի չնչին հնարաւորութիւն տուր, վերադառնանք մեր երկիր’:

    1:23 րոպէին մէկը գալիս է ու ասում, որ պարսից Կիւրոսը արքան թոյլատրել է մեզ վերադառնալ Երուսաղէմ: Վեր կացէք, հէ՛նց հիմա էլ գնում ենք:
    Ու սկսւում է. «Հիմա չէ, հազար գործ ունենք, հո կիսած չենք թողնելու: Էրեխէքը դպրոց են գնում: Բայց հէ՛նց գործերը վերջացնենք, վերադառնալու ենք Երուսաղէմ: Բա հո ստէ չենք մնալու»:

    Ծանօթ պատկեր է, չէ՞ 🙂

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930