Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր պապական հողերի վրա սպասում ենք ռուսի ու թուրքի թույլտվությանը»․ գյումրեցի ձկնորսները վրդովված են

Հունիս 17,2019 20:22

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ոտքի էին կանգնել գյումրեցի ձկնորսները, որոնք 2014 թվականից գնում են Վրաստան՝ Կարզախի Խոզափին լիճ ձկնորսության, սակայն երկու անգամ է՝ Բավրայի մաքսակետում չեն թույլատրում ձուկը տեղափոխել Հայաստան՝ պատճառաբանելով, որ ըստ օրենքի, իրավունք ունեն ընդամենը 5 կիլոգրամ անցկացնելու։ Մինչդեռ այն սիրողական ձկնորսությամբ զբաղվողների համար ինչ-որ տեղ ապրուստի խնդիր է լուծում։

Ախուրյանի ջրամբարում էլ, որը ռուս սահմանապահ ուղեկալի հսկողության տակ է, ձկնորսությամբ համար ընդամենը կես կիլոմետր տարածք են հատկացնում, որը, բնականաբար, չի բավարարում 7000-8000 լիցենզիա ունեցող ձկնորսներին։

Այսօր ձկնորսները հանդիպեցին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ՝ նրան ներկայացնելով իրենց հուզող երկու խնդիրները։

«Նախ սկսենք Ախուրյանի ջրամբարից, որտեղ մեզ մի փոքր՝ 500 մետր տարածք են տրամադրել, բայց պատկերացրեք 8000 հոգու լիցենզիա են տվել․ Հայաստանի բոլոր մարզերից, տարբեր տարածքներից գալիս են էդտեղ ձկնորսության։ Եթե տրամադրված 500 մետրից թեկուզ մեկ մետր էն կողմ գնանք, ռուս սահմանապահները գալիս, կանգնում, սպառնում են, թե մենք ձեր անցաթուղթը կվերցնեք, կպատռենք ու այլևս այս տարածք ոտք չեք դնի։ Երբ հարցնում ենք՝ ի՞նչն է խնդիրը մի մետ էս կողմ կամ էն կողմ, ասում են՝ չէ, չի կարելի։ Թող հիմնավորեն՝ ինչո՞ւ չի կարելի։

Երկու տարի է, ինչ չի կարելի ենք լսում, մենք վաղուց էդտեղ ձկի ենք գնացել՝ Ջրափիից մինչև լճի ավարտը, այսինքն` մինչև գետը մենք որտեղ ուզել, գնացել ենք՝ առանց խանգարելու։ Հիմա թողել են էդ մի կտոր տեղը, էն ժամանակ մի 50 հոգի էին գնում էդտեղ ձկնորսության, հիմա 8000 հոգի է գնում։ Պատկերացրեք էդ 8000 հոգուն մի փոքր տեղ են տվել, մենք ստիպված, որպեսզի կարողանանք ժամանակին մտնել ներս ձկնորսության, գիշերը չենք քնում, 12-ին, 1-ին քնից ելնում, բարձրանում ենք, գնում, էնտեղ նստում, որպեսզի դուռը բացեն, մեզ ներս թողնեն։

Ձկնորսությունը առավոտ ժամը 5-ին, 6-ին է, ձկնորսության թերթի մեջ գրված է՝ կարող եք լույսը բացվելուն պես մտնել ձկի, մութը ընկնելուց դուրս գաք, բայց իրենք մեզ ներս են թողնում 8․30։ Էս եղանակին 8․30 հնարավո՞ր է, էլ գնանք, ի՞նչ անենք։ Առավոտ 5-ին ձուկ կարելի է բռնել, մեզ չեն թողնում էդտեղ։ Իսկ որպեսզի թողնեն, ստիպված գնում ենք գիշերը ժամը 1-ին հերթ պահում, գիտեք քանի մեքենա միայն Երևանից են գալիս և բոլոր տեղերից։ Էդ խեղճերն էլ տանջանքով, գալիս –հասնում են, ժամը 9-ին, 10-ին նոր ձկի են մտնում։ Սոսկալի վիճակ է, ամեն ինչ արեցին, որ մենք էդտեղ էլ ձկի չգնանք։ Ի դեպ, մենք սահմանային ռեժիմը երբեք չենք խախտում։ Չենք ասում թող սաղ լիճը տրամադրեն ձկնորսության, բայց գոնե տարածքը ընդարձակեն մի քիչ», -մարզպետին բողոքեցին ձկնորսները։

Երկրորդ խնդիրը կապված էր Վրաստանից սահմանափակ քանակությամբ ձուկ տեղափոխելու հետ։

«Երկրորդ հարցը էս է՝ մենք Վրաստան ենք գնում ձուկ բռնելու, գումարը օրինական վճարում ենք, հենց հասնում ենք մաքսակետի հայկական հատվածը 5 կիլոգրամից ավել իրավունք չունես տեղափոխելու։ Խոսքը կարասի մասին է, եթե էդ օրը բախտս բերեց, 10 կիլոգրամանոց սազան բռնեմ, ստիպված կլինեմ 5 կիլոգրամը կտրեմ սազանից, գցեմ աղբարկղը, 5 կիլիոգրամը վերցնեմ հետս։ Որոշում կա կառավարության, 215 որոշումը 2015 թվի, թույլատրում է քաղցրահամ ջրի ձկներ ներկրել մինչև 30 կիլոգրամ, իսկ ծովամթերքը 5 կիլոգրամ։ Մենք տեղյակ ենք եղել օրենքին, բայց քանի որ մեր վարչապետ Փաշինյանը ելույթ ունեցավ ու ասաց, որ ծովային ձկնատեսակները թույլատրվում է 5 կիլոգրամ․․․ Նախորդ օրը սահմանին չկարողացան ինձ հիմնավորել, թե ի՞նչն է պատճառը, որ կարասը 5 կիլոգրամից ավել չի թույլատրվում բերել։ Իրենք փաստաթուղթ չունեին ու չկարողացան հիմնավորել։ Կներեք, բայց վրացիք մեզ ձեռ են առնում, ասում են մենք ձեր ազգին չենք հասկանում, մենք թողնում ենք, ձեր ազգը ձեզ չի թողնում զբաղվեք ձկով։ Սա էլ է խնդիր, ոնց անենք։ Պարոն մարզպետ շատ վիրավորական է․ այն լիճը՝ Վրաստանում, որտեղ մենք գնում ենք ձկնորսության, այստեղի պես է, կեսը վրացիներին է, կեսը թուրքերին է, էնտեղ չափառներ չկան։

Մարզպետը ընդհատեց ձկնորսին՝ հիշեցնելով, որ նրանց հարաբերությունները լրիվ այլ են։

«Բան չունենք ասելու, բայց վիրավորական է չէ՞ մեր պապական հողերի վրա սպասում ենք ռուսի և թուրքի թույլտվությանը, էսպիսի բան ախր որտե՞ղ է գրված»,-հակադարձեց ձկնորսը;

Մարզպետն ասաց, որ նախ պիտի հստակ հասկանան 2015 թվականի կառավարության որոշման ու ԵԱՏՄ կարգավորումների միջև տարբերություններ կա՞ն․ 5 կիլոգրամ քաղցրահամ ջրի ձկի խնդիր կա՞, թե՞ ոչ։

«Մենք կքննարկենք, կճշտենք ու ձեզ առանձին տեղյակ կպահենք, կպարզենք 5 կիլոգրամ քաղցրահամ ջրի ձկի խնդիր կա՞, թե՞ չէ, ՊԵԿ-ի հետ կքննարկենք։

Իսկ ձուկ բռնելու գոտու հետ կապված, ես կուզենամ, որ դուք միասին գրությունով դիմեք, ես այն ուղարկեմ համապատասխան ծառայություն, որը կաշխատի ռուսական սահմանապահ զորքերի հետ։ Ես կուղարկեմ մեր Ազգային անվտանգության ծառայությանը, ձեզ կուզենամ խնդրել, որ գրության մեջ նշեք՝ որո՞նք են այն ցանկալի տիրույթները որտեղ կարելի է ձկնորսություն անել, նաև անվտանգության մուտքերը քննարկեն, ժամային ռեժիմը, մուտքի թույլտվությունը», -ասաց մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Թող մեր ցանկությամբ չլինի, իրենց ցանկությամբ լինի, բայց թող մի քիչ տարածքը մեծացնեն»,-արձագանքեցին ձկնորսները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930