Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան. Ես ձեզ «կապուտ» եմ հայտարարում, պարոն քաղաքապետ

Հունիս 17,2019 19:25

Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում, որտեղ քննարկվող գլխավոր թեմաներից մեկը քաղաքապետարանի հաստիքացուցակի ավելացման հարցն էր, քննարկվեց նաեւ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին հարցը:

«Լույս» խմբակցության ավագանու անդամ  Դավիթ Խաժակյանն անդրադառնալով աղբահանության նոր ձեւավորվող ընկերությանը, որը հիմնում է Երեւանի քաղաքապետարանը՝ որպես Սանիթեքին այլընտրանք,   դժգոհություն հայտնեց,որ քաղաքային տնտեսության հիմնարկ ձեւավորելը, աշխատացնելը բավականին բարդ գործընթաց է, որը պահանջում է փորձառություն,մասնագիտական հմտություններ: Ապա ներկայացրեց հաշվարկները՝ նշելով, որ տվյալ պարագայում քաղաքի աղբահանության ծախսերը երկու միլիարդ 172 միլիոն 632 հազար դրամով ավելանում են: Դավիթ Խաժակյանն ասաց՝ մենք մի ոլորտի մասին չունենք վերջնական պատկերացում, այդ թվում եւ աղբահանության մասին:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ակնարկեց, ր Դավիթ Խաժակյանը մտերմիկ հարաբերության մեջ է նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ եւ այդ պատճառով «դոշ է տալիս» մի ընկերության համար, որից Սանիթեքը «գարաժներում տարածքներ» է վարձակալում, իսկ այդ ընկերությունը պատկանում է Վահե Նիկոյանի հորը:

Հայկ Մարությանն ասաց, Վահե Նիկոյանի հետ մտերմության մասին վկայող լուսանկարներ էլ կան:

Հայկ Մարությանը Դավիթ Խաժակյանին հորդորեց, որպես Նիկոյանին մտերիմ հայտնել, որ բնակիչները Նիկոյանի հորից դժգոհություններ են ներկայացրել, բողոքում են,որ իրենց հաշվին Վահե Նիկոյանի հայրը գումար է աշխատում: Քաղաքապետն ասաց, որ այդ հողի վրա, այդ տարածքում նույնիսկ մեկ սպանության դեպք է եղել. «Քանի որ Սանիթեքն այդ գումարները նրան է վճարում, խնդրում եմ փոխանցեք, որ ինքն իր կողմից նույնպես կարգավորումներ անի»:

Դավիթ Խաժակյանը, սակայն վրդովվեց քաղաքապետի ասածներից՝ նշելով,որ սուրհանդակային ծառայություններով ինքը չի զբաղվում, այլ՝ քաղաքապետարանը. «Անատամ, իմպոտենտ արտահայտություններ անելու փոխարեն՝ մեխն էլ է ձեր ձեռքում, մուրճն էլ, տարածքը վատն է, քաղաքապետը, վարչապետը ձեր ուժի ներկայացուցիչ է, Ազգային ժողովի մեծամասնությունը այնտեղ է, լուծեք այդ հարցը»:

Դավիթ Խաժակյանը նաեւ հիշեցրեց, որ Հայկ Մարությանը ժամանակին Վահե Նիկոյանին առաջարկել է լինել իր խորհրդականը:

Նա  հիշեցնելով, որ նախկինում քաղաքապետին «քուանշ» է արել, իսկ հիմա «կապուտ» է անում. «Ես բլոտ խաղալ չգիտեմ, բայց քուանշից հետո ընկերներս ասացին, որ «կապուտ» էլ կա: Ես ձեզ «կապուտ» եմ հայտարարում, պարոն քաղաքապետ»: «Բայց թարս «կապուտ» էլ կա, տենց էլ է լինում մեկ-մեկ»,- Խաժակյանին պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, վարչապետի աշխատակազմի Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը: Կոտոլյանի արձագանքից հետո Թեհմինա Վարդանյանը հայտարարեց, որ նիստերի դահլիճը դարձրել են «բազար»:

Ապա «Լույս» խմբակցության անդամներ՝ Թեմինա Վարդանյանի, Դավիթ Խաժակյանի եւ Անի Խաչատրյանի եւ Հայկ Մարությանի միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ, սակայն Մարությանը չշարունակեց՝ անցնելով նիստի օրակարգի հաջորդ հարցին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930