«Ոստիկանի վրա թքում են, բայց նա ոչինչ անել չի կարող»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց՝ շրջանառության մեջ կդնի օրենքի նոր նախագիծ, որով բռնության կոչերը կքրեականացվեն։ Այս առիթով պատգամավորն ասաց. «Ամեն օր հանդիպում ենք բռնության կոչերի դեպքերի։ Այս նախագծի նպատակն, այն է` բռնության կոչը համարել վտանգավոր եւ քրեորեն հետապնդելի արարք։ Եթե հնչել է սպառնալիք, բռնության կոչ, ապա չպետք է սպասել՝ անձը կկատարի՞ իր հայտարարած արարքը, թե ոչ»:
Պատգամավորը, խոսելով օրենսդրական բացերի մասին, մանրամասնեց. «Ցանկացած անձ կարող է իշխանության ներկայացուցչին վիրավորել, բացառիկ ցինիզմ դրսևորել, և այդ իշխանության ներկայացուցիչը որևէ ձևով չի կարող պաշտպանվել: Ոստիկանության ծառայողին իր ծառայողական պարտականությունները կատարելիս, որին մենք ենք պատվիրակել, որ մեր շահերը պաշտպանի, կարող են հայհոյել, վիրավորել, սեռական բնույթի հայհոյանքներ տալ: Քաջատեղյակ եմ ամեն օր նման դեպքերի: Նույնիսկ թքում են ոստիկանության ծառայողի վրա, և նա օրենքով սահմանված ընթացակարգ չունի պաշտպանվելու»:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը, անդրադառնալով հարցին՝ արդյոք ԲԴԽ վեց անդամների հրաժարականները ճնշում չի՞ դիտարկում դատավորների նկատմամբ, ասաց. «Դա ճնշում չեմ համարում: Ինչպես մենք որդեգրել ենք, անցումային արդարադատություն պիտի տեղի ունենա մեր երկրում: Վստահությունը դատական համակարգի նկատմամբ շատ թուլ է եղել հասարակության կողմից: Մենք ընդունել ենք, որ անցումային արդարադատություն պիտի տեղի ունենա, դրա բաղադրիչներից է վեթինգը: Մենք պետք է զտում անենք, ավելի մանրակրկիտ ուսումնասիրենք դատավորները համապատասխանու՞մ ենք իրենց զբաղեցրած պաշտոնին, թե՞ ոչ, նրանց գույքային վիճակն ուսումնասիրենք, կապերը և այլն: Այդ կոչերը լսելով՝ հնարավոր է իրենք իրենց չպատկերացրին այն մարմինը, որ կարող էր վեթինգ անել և այդ պրիզմայով անցկացնելով դատավորներին՝ դրա հիման վրա հրաժարական տվեցին: Ես դա չեմ համարում ճնշում»:
Կարդացեք նաև
Լրագրողները պատգամավորներին հիշեցրին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բաշխիչ ցանցերում աշխատավարձերը բարձրացվելու են, սակայն դեռ բարձրացում չկա: Այս առիթով ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը պարզաբանեց. «Շատ ոլորտներում տեղի է ունեցել աշխատավարձերի բարձրացում, օրինակ՝ առողջապահության, պաշտպանության բանակի, կրթության ոլորտում էլ սեպտեմբերին նախատեսվում է բարձրացում: Մեր կառավարությունը, հասարակության վստահությունը վայելելով, իր քաղաքականությունն ուղղում է երկարաժամկետ լուծումների: Մենք փորձում ենք տնտեսական ակտիվությունն ուժեղացնել, շահութահարկն իջեցնել, փոքր և միջին բիզնեսին հարկերից ազատել: Այդ գումարներով մենք կարող էինք աշխատավարձ բարձրացնել, բայց ավելի երկարաժամկետ լուծում ենք մտածել. նախադրյալներ ենք ստեղծում հետագայում ավելի բարձր աշխատավարձի համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ