Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրամիությունը Աշոցքում իրականացրել է Եվրոպական ծառատունկ. տնկել 90 ծառ

Հունիս 17,2019 18:15
EU

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամի հետ համատեղ Աշոցքի (Շիրակի մարզ) դահուկային սպորտի կենտրոնում հունիսի 16-ին իրականացրեց Եվրոպական ծառատունկ և ազդարարեց Հայաստանում իր տեսակի մեջ առաջին Ծառերի եվրոպական պուրակի  ստեղծման մասին։

Աշոցքի (Շիրակի մարզ) դահուկային սպորտի կենտրոն ժամանելուն պես Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ «Եվրոպական միությունն աջակցում է այն բնապահպանական կազմակերպություններին, որոնց նպատակն է դարձնել  Հայաստանն ավելի կանաչ։ Այսօր «Ծառատունկ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ դահուկասպորտի կենտրոնի հարևանությամբ գտնվող այս արահետում տնկելու ենք 90 ծառ։ Եվրոպական միությունն աջակցել ու աջակցում է Աշոցքին, որպեսզի ավելի շատ զբոսաշրջիկներ հյուրընկալվեն այստեղ։ Այս տարածքում տեղադրված տաղավարը, ձյան մաքրման մեքենան, դահուկավազքի արահետը մեր փոքրիկ լուման են Աշոցքի զարգացման ու բարգավաճման գործում։ Ծառերը, որոնք այսօր տնկելու ենք շատ ավելի են գեղեցկացնելու տարածքը, սակայն ծառեր տնկելն ու անտառներ պահպանելը միայն գեղեցկության համար չէ. դա անհրաժեշտ է որպեսզի  բնական միջավայրն ավելի լավը լինի, հողում խոնավությունը պահպանվի։ Սրանք այն նպատակներն են, որոնք մենք արժանի ենք համարում օժանդակություն ցույց տալու տեսանկյունից»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց դեսպան Սվիտալսկին։

Միջոցառումը հերթական կարևոր  քայլն է Աշոցքում դահուկասահքի ներուժը, ինչպես նաև զբոսաշրջությունը զարգացնելու ճանապարհին։ «Եվրոպական միությունը հանձնառու և պատրաստակամ է խթանել տեղական համայնքների զարգացումը, ինչպես նաև Աշոցքի՝ որպես դահուկասպորտի կենտրոնի զարգացումը»,- հավելեց ԵՄ դեսպանը։

Դեսպանի խոսքով Եվրամիության կողմից Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Լոռիում ու Տավուշում իրականացվող ծրագրերի շրջանակներում զբոսաշրջությունը կարևոր ուղղություններից է։ ՀՀ կառավարությունը հաստատել է այս մեծածավալ ծրագիրը, իհարկե գործընթացը ժամանակ է պահանջում, պետք է համբերատար լինել արդյունքները տեսնելու համար։ Դեսպանը նշեց նաև, որ իրենք մեծ հույս են կապում երեք մարզերի մարզպետների հետ այն առումով, որ նրանք  կուղղորդեն, կոգեշնչեն, թե ինչպես առավել արդյունավետ ծախսել ծրագրի համար նախատեսված գումարը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ  վերջին շրջանում Աշոցքում հաճախ են լավ իրադարձությունները դառնում հանդիպման առիթ, հույս հայտնեց, որ այս միտումը կշարունակվի։ Եվրոպական միության հետ նախարարությունն իրականացնում է տարբեր ծրագրեր, որոնք զբոսաշրջությունից բացի նաև գյուղատնտեսական ու փոքր և միջին ձեռնարկատիրության բաղադրիչներն ունեն։ «Հյուսիսային շրջանների երեք մարզպետները ներկայացրել են իրենց պատկերացումներն ու ծրագրերը, իսկ դրանք հավակնոտ են։ Կա ներքին զգացողություն, նույնիսկ վստահություն այս պահին արդեն, որ կկարողանանք մեր հյուսիսային երեք շրջաններում ծրագրերը արդյունավետ իրականացնել»,- նշեց Վաչե Տերտերյանը։

Ելույթով հանդես եկավ նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ով մատնանշեց այն հանգամանքը, որ վերջին երկու-երեք այցելությունն Աշոցք պայմանավորված են դեսպան Սվիտալսկու նախաձեռնություններով, ինչը շատ կարևոր է իրենց համար, քանի որ Եվրամիության և դեսպանի նախաձեռնությունները հուշում են, որ Շիրակի մարզն ունի ներուժ, որի ճիշտ կիրառման արդյունքում առաջ կգան նոր լուծումներ՝ թե՛ զբոսաշրջային, թե՛ սպորտի և թե՛ առհասարակ մարզի զարգացման ոլորտում։ «Շատ հաճելի է  ծառատունկի նախաձեռնությունը. ես վստահ եմ, որ տարիներ հետո, երբ գանք այստեղ, այս ծառերը կխորհրդանշեն այն ջերմ մոտեցումը, որը Ձեր նախաձեռնությամբ այսօր կյանքի է կոչվում Աշոցքում ու Շիրակի մարզում»,- հավելեց մարզպետը։

Միջոցառման հյուրերի շարքում էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով կարևորեց ոչ միայն այսօրվա միջոցառումը, այլ նաև ևս մեկ անգամ շեշտեց մեծ քաղաքների կողքին նման կենտրոնների գոյությունը.  «Եթե ճանապարհն էլ նորոգվի, Գյումրուց ընդամենը 20-25 րոպեում հնարավոր է հասնել այս կենտրոն, որտեղ հասանելի է դահուկային սպորտը»։ Քաղաքապետը նշեց, որ սա ավելի կակտիվացնի գյումրեցիների հոսքը դեպի Աշոցք։

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը, ով հայտարարեց, որ  ֆեդերացիան մտադիր է Աշոցքի կենտրոնը դարձնել Հայաստանի դահուկային սպորտի և ձմեռային տուրիզմի ակադեմիա։

Հյուրերի ելույթներից հետո Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանի գլխավորությամբ մասնագետները ցույց տվեցին ծառերը տնկելու ճիշտ եղանակը, ինչից հետո առաջին ծառը նոր պուրակում տնկեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նրա օրինակին հետևեցին մյուս բարձրաստիճան հյուրերը։ Պուրակում տնկվեց 45 կեչի և 45 արոսենի։

Ծառատունկից հետո ԵՄ դեսպանի գլխավորությամբ կտրվեց տոնական ժապավենն ու ազդարարվեց Ծառերի եվրոպական պուրակի բացումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930