Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մի՞թե մարդուն կարելի է սպանել մենակ նրա համար, որ տղամարդ է, Մանվել Գրիգորյանը դրսեւորել է տղամարդկություն, չի լացում». Մանվել Գրիգորյանի դատը

Հունիս 17,2019 17:59

«Ըստ էության, ո՞ւմ մասին ենք մենք խոսում: Մենք խոսում ենք նախեւառաջ 80-ականների վերջի, 90-ականների վերջի ղարաբաղյան շարժման լիդերի մասին, որը ընդհատակյա պայքարի սկզբնական շրջանում հայտնվել է գերության մեջ»,- այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով նիստի ժամանակ Մանվել Գրիգորյանին այսպես փորձեց ներկայացնել նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն առարկեց՝ ասելով, որ ամբաստանյալ Մանվել Գրիգորյանի կենսագրությունից հատվածներ չեն լսելու: Դատավորը հայտարարեց. «Մենք հիմա Մանվել Գրիգորյանի ինքնակենսագրական չենք քննարկելու, մենք հիմա քննարկում ենք՝ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Մանվել Գրիգորյանը կարո՞ղ է խոչընդոտել գործի բազմակողմանի քննությանը, թե՞ ոչ»: Նա հորդորեց փաստարկները բերել այս տիրույթում. «Այն, ինչ հանրությանը հայտնի է, կարծում եմ, հայտնի է»,- ասաց դատավորը:

Պաշտպանն արձագանքեց. «Հանրությանը հայտնի չի, որ Մանվել Գրիգորյանը ադրբեջանական գերությունից հետո ի վիճակի է եղել…Խնդիրն այդ է, որ մարդը էդ հիվանդությունները, որոնց մասին մենք այսօր խոսում ենք ու որոնց արդյունքում նա չի կարող խոչընդոտել վարույթն իրականացնող մարմնի գործողություններին, նա ձեռք է բերել գերության մեջ: Թշնամիների դաժանաբար վերաբերմունքի արդյունքում»:

Դատավորը բարձր տոնով հայտարարեց՝ նա թոքային քաղցկեղ է ստացել, որովհետեւ պատերազմական բովո՞վ է անցել: Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ ադրբեջանական գերության բացասական հետեւանքները ավելի մեղմ են եղել, քան ՀՀ դատարանների տված կալանքը եւ ՀՀ ՔԿՀ-ներում վերաբերմունքը որովհետեւ մեկ տարի առաջ նա ձեռքով-ոտքով է եկել դատարան, այսօր շարժունակ չի, շարժվելու հնարավորություն չունի. «Մի՞թե մարդուն կարելի է սպանել մենակ նրա համար, որ տղամարդ է, դա՞ է պատճառը: Նա վարույթի ընթացքում դրսեւորել է տղամարդկություն, չի լացում: Ես ամաչում եմ, բայց ասում եմ՝ ադրբեջանական գերությունը առողջության վրա չի առաջացրել էն հետեւանքները, ինչը մեկ տարի մեկ օր ՀՀ կալանքը, մի՞թե սրա վերջը չի կարելի տալ, մի՞թե մենք էդքան չկանք, մի՞թե մենք էդքան պետություն չենք»:

Դատավորը հորդորեց էմոցիոնալ հարթությունից տեղափոխվել իրավական դաշտ՝ հիշեցնելով, որ Վերաքննիչ դատարանում են ու արդեն ասելիքը սպառել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930